Wednesday, February 16, 2011

ՈՉ ՄԻԱՅՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ, ԱՅԼԵՎ ԽՈՍՏՈՎԱՆՈՒՄ Է, ՈՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՂԵԼ Է

«ԱԶԳ» , 16-02-2011- Թուրքիայում իսլամացած հայերի թեման կարծես խիստ անհանգստացրել է այդ երկրի եւ Ադրբեջանի «քաղաքագիտական» շրջանակներին:
«Ես չեմ իջնի նրանց մակարդակին եւ չեմ մեկնաբանի այդ զառանցանքները», ի պատասխան ադրբեջանական Vesti.az-ի հարցադրման, թե «ի՞նչ կարծիքի է Թուրքիայում 5-10 միլիոն իսլամ ընդունած հայերի գոյության մասին լուրերի առթիվ», ասել է Թուրքիայի ռազմավարական հետազոտությունների եւ արտաքին հարաբերությունների կենտրոնի տնօրեն Սինան Օգանը :
Թվում է, նա այդքանով էլ պիտի սպառեր ասելիքը: Ի վերջո, պարոն Օգանը «թյուրքական աշխարհում» հեղինակություն ունեցող քաղաքագետ եւ վերլուծաբան է: Եվ, բնականաբար, եթե ասել է, որ «չի իջնի ինչ-որ հայերի մակարդակի», ուրեմն կարող էր մնալ «իր բարձրության վրա»: Թուրքերը` չգիտեմ, բայց նրանց եղբայր ադրբեջանցիների մեջ «ընդունված է, որ տղամարդու խոսքը մեկը կլինի»:
Սինան Օգանը, մինչդեռ, նույն պահին էլ «մեկնաբանել է հայերի զառանցանքները»: Եվ` բավական յուրովի:
Ըստ նրա, «Թուրքիայում իսլամ ընդունած հայերի գոյության վարկածը հակասում է» ցեղասպանության մասին մեր իսկ պնդումներին: «Չէ՞ որ հայերը արցունքն աչքերին եւ փրփուրը բերաններին պնդում են, որ Թուրքիայում 1,5 միլիոն հայ է սպանվել: Հարցազրույցներից մեկում պատրիարք (?) Աթեշյանն ասել է, որ Թուրքիայում Թուրքիայի քաղաքացի 70 հազար հայ է ապրում», ասել է Օգանը:
Եթե սա է մի հսկա հաստատության տնօրենի «վերլուծաբանական» մակարդակը, եթե նրա կարծիքը Թուրքիայի իշխանությունների համար նշանակություն ունի, ապա պետք է հաճույքով արձանագրել, որ թուրքական դիվանագիտության եւ առհասարակ նրանց պետական ավանդույթների մասին մեզանում երբեմն իշխող զգուշավորությունը խիստ չափազանցված է: Քանի որ Սինան Օգանի ասածը ոչ այլ ինչ է, քան` խոստովանություն, որ 1915 թ. «դեպքերից հետո Թուրքիայում հայ չի մնացել»: Ոչ քրիստոնյա, ոչ էլ` իսլամ ընդունած: Բոլորն սպանվել կամ բռնատեղահանվել են: Բացառությամբ այն «մի քանի տասնյակի», որ այն ժամանակվա կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում «նմուշի համար պահվել են»:
Սրանից ավելի ի՞նչ է պետք, որպեսզի մենք եզրակացնենք, որ Սինան Օգանն ընդունում է ցեղասպանության փաստը: Ավելին, նա կարծես դա արդարացնում է` ակնարկելով, որ «Թուրքիայում հայկական գործոն չկա եւ լինել չի կարող»:
Իսկ թուրքական իշխանությունները «պատրաստակամ են պատմաբանների դատին հանձնել վիճելի հարցերը»: Մի՞թե արձանագրելու համար, որ «այո', Թուրքիայում հայեր ապրել են, բայց այսօր նրանք ընդամենը 70 հազար են` 70 եւ ավելի միլիոն բնակչությունից»:
Այդ չէ՞ Սինան Օգանի ասածը:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

No comments: