Wednesday, February 16, 2011

100 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԹԱՎՐԻԶ-ԵՐԱՍԽ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Էլեկտրաէներգիան չի թանկանա. Գազի սակագինը հստակեցվում է
«ԱԶԳ» , 16-02-2011- Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի գնահատմամբՙ Իրանում ներկա քաղաքական իրավիճակը լուրջ ազդեցություն չի կարող ունենալ հայ-իրանական տնտեսական ծրագրերի վրա: Այս տարվա ծրագրերը բավականին շատ են: Գործնական փուլ է մտնելու Արաքս գետի վրա Մեղրու ՀԷԿ-ի նախագծի իրականացումը: Նախատեսվում է 70%-ի չափով կատարել Հայաստան-Իրան բարձր լարման երրորդ էլեկտրագծի շինարարությունը: Տարեվերջին կսկսվի Թավրիզ-Երասխ նավթամթերքի խողովակաշարի շինարարությունը: Նախատեսվում է ավարտել երկու տարվա ընթացքում: Թավրիզ-Երասխ նախագծի հայաստանյան մասի կառուցման համար կպահանջվի շուրջ 100 միլիոն դոլար: Ներդրումները կկատարվեն տարբեր աղբյուրներից: Բացառված չէ, որ դրանք կատարվեն նաեւ պետական միջոցների հաշվին: Խողովակաշարի տեխնիկական չափանիշներն այնպես են հաշվարկվել, որ շահագործվի 25 տարի: Մովսիսյանի գնահատմամբ` խողովակաշարի միջոցով հնարավոր կլինի նավթամթերք ներկրել ոչ միայն Թավրիզի նավթի վերամշակման գործարանից, այլեւ Պարսից ծոցի բորսայից:
Իրանի հետ «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շնորհիվ 2010-ին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 15 տոկոսով ավելացել է, իսկ էլեկտրաէներգիայի ներքին սպառումն ավելացել է մոտ 3 տոկոսով, որը լավ ցուցանիշ է: «2011-ին կանխատեսվում է սպառման 7 տոկոսի ավելացում, ինչը հնարավորություն կտա երկրում գրանցելու բավականին բարձր տնտեսական աճ: 2010-ին էլեկտրաէներգիայի ոլորտի ձեռքբերումները հնարավորություն են տվել նախապատրաստելու հիմքեր` 2011-ին էներգահամակարգի գերակա ուղղությունները սահմանելու եւ դրանց իրականացմանն ուղղված գործընթացները կազմակերպելու համար:
Նախորդ տարի մեկնարկած մի շարք ծրագրեր` Իրան-Հայաստան 400 կվտ երրորդ երկշղթա էլեկտրահաղորդման գծի եւ Մեղրու ՀԷԿ-ի կառուցում, այս տարի մտել են գործնական փուլ: Դրանք էական ազդեցություն կթողնեն հանրապետության էներգետիկ համակարգի վրա:
Նախարարի ներկայացմամբ` նախատեսվում է ավարտին հասցնել Մեղրու ՀԷԿ-ի շինարարության նախապատրաստական աշխատանքները: Կարեւոր է նաեւ Համաշախարհային բանկի կողմից ֆինանսավորվող Հրազդան-Շինուհայր 220 կվ լարման օդային գծի կառուցման ծրագրի իրականացման մեկնարկը:
Նախարարի գնահատմամբ` Հայաստանի էներգահամակարգի ռազմավարական ճյուղը ատոմային էներգետիկան է: 2010-ի ընթացքում ատոմային նոր էներգաբլոկի կառուցման ծրագիրը մտել է գործնական փուլ: Ապրիլին Երեւանում կանցկացվի ատոմային նոր էներգաբլոկի կառուցմանը նվիրված միջազգային կոնֆերանս, որին կմասնակցեն այն ընկերությունները, երկրները, որոնք շահագրգռված են ներդրումներ իրականացնել Հայաստանում կառուցվող նոր էներգաբլոկում: Նրանց կներկայացվեն ապագա էներգաբլոկը` տնտեսական եւ տեխնիկական ցուցանիշերով: Այնուհետեւ կսկսվեն բանակցությունները պոտենցիալ ներդնողների հետ: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման կապակցությամբ էլ հավելեց. «Այս տարի էլեկտրաէներգիայի գինը կպահպանվի: Մեր ներքին ռեսուրսներն այս տարիների ընթացքում ստեղծվել են եւ հնարավորություն են տալիս էլեկտրաէներգիայի սակագինը պահելու»:
Անդրադառնալով գազի սակագնի բարձրացմանը` նախարարն ասաց, որ բանակցությունները շարունակվում են, արդյունքները պարզ կդառնան փետրվարի վերջին: Անդրադառնալով «Հյուսիս-հարավ» գազատարինՙ նախարարը համոզմունք հայտնեց, որ վրացական իշխանությունները այնպիսի ճանապարհ չեն ընտրի, որը լարվածություն ստեղծի Հայաստանի համար: Նախարարի մեկնաբանությամբ` Վրաստանի նավթագազային պետական կորպորացիայի 10-20 տոկոս բաժնետոմսը բորսայի միջոցով վաճառելու պայմաններում դժվար թե գազատարը այլեւս չշահագործվի ըստ նպատակայնության: Գազամուղն ադրբեջանական ընկերության վաճառելու մասին լուրերն էլ հիմնականում տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նախարարը վրացական աղբյուրներում նման լուր չի գտել: Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարությունը մտադիր է միջազգային բորսայում տեղաբաշխել Նավթագազային պետական կորպորացիայի բաժնետոմսերը: Վրաստանի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրիի ներկայացմամբՙ վաճառքի կհանվի կորպորացիայի բաժնետոմսերի 25 տոկոսը: Կորպորացիայի եկամտի կարեւորագույն աղբյուրներից մեկը «Հյուսիս-հարավ» գազամուղի տարանցման վճարի ստացումն է: գազամուղով Հայաստանը Ռուսաստանից տարեկան ներկրում է շուրջ 2 մլրդ խմ բնական գազ:
Արմեն Մովսիսյանի գնահատմամբ` կառավարությունն իր որդեգրած քաղաքականությամբ չպետք է միջամտի մասնավոր բիզնեսին, եթե նույնիսկ դա քիմիական հսկա «Նաիրիտն» է:
«Նաիրտի» պարագայում առկա են խնդիրներ համաշխարհային շուկայի, ապրանքների տեղափոխման, գազի գնի եւ այլնի հետ կապված: «Նաիրիտը» Հայաստանի նման փոքր երկրի համար հսկա գործարան է, եւ դրա գործունեությունը կբերի արտահանման ծավալների ավելացման: Գործարանի խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են, եւ արվում է ամեն ինչ, որ գործարանն աշխատի, ասաց նախարարը:
Նրա փոխանցմամբ` պետք է գտնել խոշոր քիմիական հսկա, որին կցվի «Նաիրիտը»: Թե ինչու կառավարությունըՙ կարեւորելով «Նաիրիտի» դերը, ներդնողներին երաշխիքներ չի տրամադրում հարցին նախարարի պատասխանը հետեւյալն էր. «Եթե նույնսիկ կառավարությունը մասնաբաժին ունենա «Նաիրիտում», դա չի նշանակում, որ պետք է մտնի ոլորտի մեջ եւ փորձի գումարներ ներդնել, օգտագործի տնտեսական լծակները»:
Նախարարը հավաստիացած է, որ դա չի հանգեցնի ոչ կաուչուկի ինքնարժեքի նվազմանը, ոչ որակի լավացմանը, ոչ էլ շուկայի ընդլայնմանը:
Թե ինչու կառավարությունը ռուսական վարկի միջոցներն ուղղեց հանքարդյունաբերությանը եւ որեւէ գումար չտրամադրեց «Նաիրիտի» արդիականացման ծրագրի իրականացման համարՙ նախարարն ասաց, որ ռուսական վարկային միջոցները տրամադրվել են ճգնաժամի պայմաններում, երբ ոչ ոք ռիսկ չէր անում գումարներ տրամադրել:
«Ճգնաժամից անցել է երկու տարի, բայց կաուչուկի շուկան դեռ կոմայի մեջ է եւ նոր սկսել է աշխուժանալ: Հանքարդյունաբերությունում վիճակն ավելի շուտ աշխուժացավ, եւ մետաղների համաշխարհային շուկան նպաստեց, որ հանքարդյունաբերությունը արագ վերականգնվի», ասաց նա:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: