Wednesday, February 16, 2011

ՋԱՐԴԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՆԵՐՍՈՒՄ ԹՈՒՐՔՆ ԷՐ ԼԱԼԻՍ, ԴՐՍՈՒՄ` ՀԱՅԸ

Ռագըբ Զարաքոլու. «Ցեղասպանության ճանաչմամբ Թուրքիան կվեհանա, ոչ թե կնվաստանա»
«ԱԶԳ» , 16-02-2011- Թե ինչն է անհրաժեշտ փոխել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը լուծելու համար, տարբեր պատասխաններ կարելի է տալ` աշխարհակարգի փոփոխությունից մինչեւ շահերի տարբերակում: «Ազգի» այս հարցին ամենապարզ, բայց ընդգրկուն պատասխան տվեց թուրք իրավապաշտպան, հրատարակիչ Ռագըբ Զարաքոլուն, որը Երիտասարդ առաջնորդների դպրոցի եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից իրականացվող «Բացահայտենք Թուրքիան` կոտրելով կարծրատիպերը» լրագրողական դասընթացի շրջանակներում Երեւանում ներկայացնում էր մարդու իրավունքների խնդիրները Թուրքիայում:
«Մարդու իրավունքների պաշտպանների հանձնաժողով» կազմակերպության համահիմնադիր Զարաքոլուն մանրամասնեց, որ քանի դեռ չի վերացվել Հայոց ցեղասպանության մերժման քաղաքականությունն առաջ տանող հատուկ պետական հանձնաժողովը, փոփոխությունների մասին հնարավոր չէ խոսել:
Իսկ արդեն երեկ «Նովոստի Արմենիա» գործակալությունում տեղի ունեցած ասուլիսում Զարաքոլուն ասվածին ավելացրեց, որ նույն կերպ որեւէ արդյունք չի կարող ապահովել հայ-թուրքական հնարավոր հանձնաժողովը ցեղասպանության հարցի առնչությամբ, քանի դեռ գործում է «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ» պետական հանձնաժողովը: «Երբ մերժողականությունը պաշտոնական գաղափարախոսության մի հատված է, պատմաբանները չեն կարող դա քննարկել. այդ հարցը նախապես որոշված կլինի», պատասխանն ամբողջացրեց 2008-ին Հայոց ցեղասպանությանը նվիրված գիրք հեղինակելու համար ազատազրկված Զարաքոլուն:
Հայոց ցեղասպանության գրքերի հրատարակման համար Հակոբ Մեղապարտի հուշամեդալով, նաեւ մարդու իրավունքների եւ Հայ դատի պաշպանության, Հայոց ցեղասպանության եւ մարդկության դեմ կատարված հանցագործությունների դատապարտման, հումանիտար արժեքներին հավատարմության համար շնորհակալագրով է Հայաստանի ազգային գրադարանը պարգեւատրել Ռագըբ Զարաքոլուին:
Իր այդ պարգեւները նվիրելով իր սպանված եւ բանտերում հայտնված գործընկերներին` արդեն երրորդ անգամ Հայաստան այցելող Զարաքոլուն ընդգծեց, որ դեռ շատ անելիքներ կան Հայոց ցեղասպանության մերժողականության դեմ պայքարելու համար:
Խոսելով Թուրքիայում խոսքի ազատության սահմանափակումներից, որոնք չեն վերաբերում միայն հայկական կամ քրդական հարցերին, 34 տարվա «Բերգե» հրատարակչությունը ներկայացնող Զարաքոլուն տեղեկացրեց, որ ներկա դրությամբ ավարտին է հասցնում Դեր Զորի վերաբերյալ մի գիրք, որտեղ փաստագրական նյութեր են:
«Մայրս է առաջին անգամ հիշատակել հայերի ցավերի ու տառապանքների մասին, երբ դեռ մանուկ էի», Հայոց ցեղասպանության խնդրով զբաղվելու ակունքներին անդրադարձավ թուրք իրավապաշտպանը ու հիշեց. «Մայրս ասում էր, որ այդ ջարդերի ժամանակ ներսում մենք էինք լաց լինում, դրսում` հայերը»: Այստեղից էլ իրեն մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրած թուրք հրատարակիչը մասնակից է դարձել նաեւ Հայոց ցեղասպանության մերժողականության դեմ պայքարին` այն դիտելով որպես մարդու իրավունքների ոտնահարման ամենացայտուն օրինակ Թուրքիայում:
Թուրք իրավապաշտպանի ներկայացմամբՙ Թուրքիայում մտավորականության մոտեցումը փոխվում է Հայոց ցեղասպանության նկատմամբ, արդեն անցյալ տարի հնարավոր դարձավ հիշատակել ապրիլի 24-ը:
Այս ամենով հանդերձ, ցեղասպանության ճանաչման ճանապարհին, ըստ Զարաքոլուի, Թուրքիայի համար թիվ մեկ արգելքը գաղափարախոսությունն է, ապա հոգեբանական խնդիրները, նաեւ դրամական փոխհատուցման հավանական պահանջի հեռանկարը: Վերջինի առնչությամբ մարդու իրավունքների տեսանկյունից ելնող թուրք հրատարակիչը շեշտադրեց, որ եթե Օսմանյան կայսրության քաղաքացիների հանդեպ տեղի է ունեցել անիրավություն, ապօրինություն, ապա նրանց ժառանգներն իրավունք ունեն հատուցում պահանջելու, իրավունք ունեն պաշտպանելու իրենց իրավունքները: Իսկ որ անօրինակություն եւ ապօրինություն տեղի է ունեցել, Զարաքոլուն ընդունել է վաղուց:
«Եթե անգամ Հայաստանն ու Թուրքիան հասնեն ինչ-որ համաձայնության, նրանք չեն կարող արգելել, որ օսմանյան կայսրության հպատակների որեւէ տեղ ապրող ժառանգները Թուրքիայից պահանջեն իրենց իրավունքները», եզրափակեց Զարաքոլուն, հայտարարելով, թե իր երազանքն է, որ Թուրքիան լուծի «խղճի այս խնդիրը» եւ ընդունի իր մեղքը:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: