Wednesday, February 16, 2011

ԵՂԻԿ ՋԵՐԵՋՅԱՆ. «ՊԱՌԱԿՏԵՑԻ՞Ր, ԹԵ՞ ՄԻԱՑՐԻՐ ՍՓՅՈՒՌՔԸ ԵՐԿՊԱԼԱՏ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԳԱՂԱՓԱՐՈՎ»

«ԱԶԳ» , 16-02-2011- Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամ, 17 տարի Լիբանանի պառլամենտի պատգամավոր եղած, պատմական քաղաքական 6 գիրք հեղինակած Եղիկ Ջերեջյանը կարճ ժամանակով Հայաստանում է: «Ազգը», օգտվելով այդ պատեհ առիթից, հարցրեց նրա կարծիքը երկպալատ խորհրդարան ունենալու վերջերս շրջանառված գաղափարի վերաբերյալ:
- Վերջին շրջանի պատմության ընթացքը նկատի առնելով` մտավախություններ, կասկածներ են գոյացել իմ մեջ, թե մարդիկ կան, որոնց ձեռնտու է, որ սփյուռքի եւ հայրենիքի միջեւ այս ձեւի արհեստական հարցեր լինեն միշտ, վեճի նյութեր, որոնք այսօրվա էական մտահոգություններից, պահանջներից չեն բխում: Արհեստական են այդ վեճերը: Առաջին անգամ Լիբանանում լսեցի` այդ միջոցին եկա Հայաստան, տեսա, որ այս նյութն արծարծվում է, բորբոքվում է, 15 օր այստեղ եմ: Բայց սփյուռքում բացարձակապես այդ գաղափարը չի արծարծվում, սփյուռքի վերջին հոգսն է, որ Հայաստանը երկպալատ լինի, եւ մեջն էլ սփյուռքահայեր լինեն. եւ ես սովորական մարդ չեմ, այսօր էլ ունեմ պարտականություններ, շատ ու շատ մարմինների անդամ եմ, շատ ու շատ մարմինների հետ շփվում եմ` քաղաքական, մշակութային մարդկանց, սփյուռքի գրողների հետ: Տարբեր գաղութներ եւս հաճախ այցելում եմ` նման գաղափար ես ոչ մի տեղ չեմ լսել եւ ոչ մի տեղ չեմ քննարկել...

- Եկեք ուրիշ կողմից նայենք այդ գաղափարին` տեխնիկական խոչընդոտների, որոնք եւ սահմանադրության մեջ են, ե՛ւ ֆինանսական են, եւ թե մտահոգություն կա, թե այլ երկրի քաղաքացին հայոց խորհրդարան գալով արդյո՞ք տվյալ երկրի լոբբիինգը չի իրականացնի (ոչ թե բոլորին ենք կասկածում, այլ այդպիսի մարդիկ կարող են լինել):
Գաղափարն ավելի դրակա՞ն բաներ ունի իր մեջ, թե խոչընդոտներ:
- Եթե հարցն ըստ էության քննարկենք` տարբեր երեսներ ունի հարցն իրոք. առաջինն օրենսդրական (սահմանադրական) մասն է: Բնական է, որ եթե հայրենի խորհրդարանը պետք է դառնա երկպալատ` սահմանադրական փոփոխություններ պետք է արվեն, սահմանադրության մեջ պիտի ամրապնդվի, որ սփյուռքահայերը սահմանադրության մաս պիտի կազմեն: Մեր առջեւ կա պառլամենտի ընտրություն եկող տարի` եթե այս ընտրություններն ըստ այդ գաղափարի պիտի կատարվեն` պետք է մինչեւ 1 տարվա մեջ սահմանադրական փոփոխություններ կատարվեն եւ հանրաքվեի դրվեն: Եթե գաղափարը շատ ավելի հետոյի համար է նետված, ուրեմն անժամանակ խոսակցություն է:
Ասենք` ընդունվեց երկպալատ պառլամենտի գաղափարը, էստեղ կան հակասական խնդիրներ. եթե սփյուռքահայը նախագահի հրամանագրով ստանա Հայաստանի քաղաքացիություն, պիտի գա 10 տարի Հայաստանում ապրի, որպեսզի քվեարկելու իրավունք ունենա: Հիմա մենք մի նոր իրավունք ենք բացում` կարո՞ղ են սփյուռքահայերը Հայաստանի քաղաքացի չլինելով դառնալ ծերակույտի (սենատ) անդամ` օտար քաղաքացին պետք է դառնա ծերակույտի անդամ, ի՞նչ սկզբունքների հիման վրա` եթե սա սահմանադրությամբ չամրապնդվի եւ օրենքներով չկանոնակարգվի:
Եթե անգամ այդ պրոբլեմները մի ձեւով օրենսդրորեն լուծվեցին, ո՞նց պիտի կատարվեն սփյուռքում այս ընտրությունները: Հայաստանում հստակ է` կա ընտրական տեղամաս, կա անձնագիր, ու դեռ մարդիկ այս դեպքում են առարկում, որ կան խախտումներ, հետընտրական բողոքներ միշտ կան: Սփյուռքում ո՞վ ունի իրավունք քվեարկելու, ի՞նչ ընտրական տեղամասում` իր պատգամավորին ընտրելիս: Սփյուռքում մարդիկ տվյալ երկրի անձնագիրն ունեն, որի մեջ նրա ազգային պատկանելությունը նշված չէ, այսինքն` շատ կան մարդիկ, որոնց ազգանունը յան-ով չի վերջանում, հայերեն էլ չգիտեն, բայց գալու են ասեն` հայ են եւ ուզում են քվեարկել, ո՞նց են նրա ազգային պատկանելությունը հաստատելու: Այսինքն` ընտրությունների արդյունքը կասկածելի կարող է լինել, խոսք է գնում ընտրովի մարդկանց մասին, ո՞վ պետք է ընտրի նրանց:
Ֆինանսական հարցերը կարող են դեռ լուծվել ինքնաֆինանսավորմամբ, որը, սակայն, ընտրության տրամաբանության մեջ չի մտնում ի վերջո` ընտրված մարդը պարտավոր չէ ինքն իր ծախսը հոգալու: Մեզ տրված գաղափարի ժխտական կողմերից մեկն էլ այն է, որ մեզ քննադատում են, թե սփյուռքն անցած 60-70 տարում ներքին վիճաբանություններով, երբեմն պայքարներով է անցած: Ճիշտ է, սա իր առողջ մասն էլ ունի` միշտ պայքարը մրցակցության դուռ է բացել, եւ միշտ միությունները, կուսակցությունները մրցել են իրար հետ, եւ սա պատճառ է եղել, որ կենսունակ մնան գաղութները: Հիմա, երբ մենք ասում ենք, թե պետք է ընդհանուր գաղափարների շուրջը միասնականանանք, միանանք եւ պատմության էս մեր վեճերը հետեւ թողնենք` ընտրությունՙ նշանակում է պայքար, սփյուռքահայությանը դնել պայքարի մեջ` ում ընտրել, ամեն կազմակերպություն պիտի ուզենա իր թեկնածուն ընտրվի. սա ընտրւթյան նորմալ տրամաբանությունն է, մի 15 թեկնածու որ լինի տվյալ համայնքից` ընտրություն պիտի չանե՞ս, ուրեմն միացրեցի՞ր, թե՞ պառակտեցիր սփյուռքն այդպիսով: Ինքնաբերաբար պառակտեցիր: Սփյուռքի խնդիրները բարձրացնելու համար, այդպիսով, ներկայացուցչական խորհրդաժողովներն ավելի հարմար են` դրա համար ոչ ընտրապայքար կլինի, ոչ պառակտում:
Այս բոլորը շրջանցելու ձեւ կա. Հայաստանի պառլամենտը երկպալատ պետք է լինի, թե միապալատ` դա պետք է որոշի Հայաստանի ժողովուրդը, սա իր պառլամենտն է, ինքը կորոշի, թե այդ պառլամենտում պե՞տք է լինեն սփյուռքահայեր, թե՞ պետք է չլինեն: Կարելի է ժողովրդին հարցնել, գործող քաղաքական ուժերին հարցնել, հանրաքվե կատարել` վերջին խոսքը կպատկանի Հայաստանի ժողովրդին` երկպալատ պառլամենտի վերաբերմամբ: Սակայն կան հարցեր, որոնք համազգային են` Ղարաբաղի հարցը, Ցեղասպանության ճանաչման հարցը, Հայաստանի տնտեսական բարվոքության հարցը, երբ որ սփյուռքահայը ասոնցմով նախանձախնդիր է եւ հետաքրքրվում է, Հայաստանը բոլորիս հայրենիքն է: Սփյուռքում հայապահպանության հարցը կազմակերպելը նույնքան Հայաստանի ժողովրդի եւ իշխանությունների հոգսն է եւ պետք է լինի, սրանք ընդհանրական հարցեր են:

- Իսկ ընդհանրապես սփյուռքահայ պատգամավորներով խորհրդարան ունենալու գաղափարը մոտակա 10 տարիներին իրականանալի՞ է:
- Ես գաղափարը գտնում եմ ժխտական, ոչ 10 տարի, ոչ էլ 50 տարի` եթե չեմ համոզված այդ գաղափարին` չլինի ավելի լավ է: Ընդհանրապես` ես դեմ եմ այս գաղափարին. ո՞վ է սփյուռքահայը: ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում շատ Հայաստանի քաղաքացիներ կան, որոնք հիմա երկքաղաքացիության իրավունք ունեն` թե Հայաստանի քաղաքացի, եւ թե տվյալ երկրի: Այդ մարդը սովորական Հայաստանի ընտրություններին կարող է մասնակցել, դրա իրավունքն ունի, մի հատ էլ որպես սփյուռքահայ ծերակույտի ընտրությա՞նը պետք է մասնակցի, երկու անգամ պետք է մասնակցի՞: Հայաստան ապրած մարդը այդ ընտրության արդյունքի վրա ազդել չկարողանա՞, իսկ նա, որ լքել է Հայաստանը` երկու ընտրության պիտի մասնակցի՞: Հայաստանցին, որ այստեղ է ապրում, բանակում է ծառայում, հարկեր եւ տուրքեր է վճարում, երկրի լուծն է քաշում` նա իրավունք չունենա, երկրից գնացածը երկու իրավունք ունենա՞, ո՞ւր է այստեղ արդարությունը: Ընդհակառակը, Հայաստանում մեծացածին պետք է իրավունքներ տալ, ոչ թե` սփյուռքում ծնած-մեծացածին Հայաստանը ղեկավարելու իրավունք:

No comments: