Friday, February 25, 2011

ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԻՍԿԱԿԱՆ ԱԶԱՏԱՐԱՐԸ

Նավատորմի սպա Շառլ-Տիրան Թեքեյանը թախանձագին խնդրել է իր ղեկավարներինՙ օգնության հասնել հայերին
«ԱԶԳ», 25-02-2011- Իր շահեկան բովանդակության համար թարգմանաբար ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում «Մարսելի հայկական համայնքի չորսդարյա պատմությունը» գրքի հեղինակ Ստեփան Պողոսյանի հոդվածըՙ տպագրված Ֆրանսիայում հրատարակվող «Նուվել դ՚ Արմենի» ամսագրի 2011 թվականի հունվարյանՙ N 107 համարում:
Լավ է, որ ամեն առիթով հիշենք անցյալի մեր հերոսական դեպքերը, նաեւ մեր երախտագիտությունը հայտնենք այն «արդար» մարդկանց, ովքեր փրկել են մեծաթիվ հայերի կյանքը: Այդ իմաստով գովելի էին 2010 թվականի հոկտեմբերի 15-ին Ֆրանսիայի Տուլոն քաղաքում կազմակերպված հանդիսությունները, որոնք նվիրված էին ֆրանսիական ռազմական նավատորմի կողմից Մուսա լեռան ավելի քան 4000 հայերի ազատագրման 95-ամյակին: Սակայն գրավոր արձանագրությունների բացակայության պատճառով, մի հանգամանք, որը, դժբախտաբար, հայերի աքիլլեսյան գարշապարն է, մոռացության էր տրված այդ ազատման իսկական դրդողիՙ Շառլ-Տիրան Թեքեյանի անունը:

Տուլոնի նավատորմի ծառայության մեջ
Տիրան Թեքեյանը ծնվել է Մարսելում 1887 թվականին: Նա ավագն էր Միհրան Թեքեյանի հինգ զավակների: Հայրըՙ Միհրանը, հայ մեծ բանաստեղծ եւ քաղաքական գործիչ Վահան Թեքեյանի հորեղբորորդին էր: Միհրան Թեքեյանը (1851-1926), բնիկ Կեսարիա քաղաքից, 19-րդ դարում եղել էր Մարսելի փոքրաթիվ հայ համայնքի հիմնադիրներից եւ ղեկավարներից մեկը եւ 1882 թվականից մինչեւ իր վախճանըՙ տեղի Սուրբ Հարություն եկեղեցու ծիսական խորհրդի նախագահը: Ահա այս խորապես հայկական միջավայրում է հասակ առել երիտասարդ Տիրանը: Բարձրագույն ուսումնառությունը փայլուն կերպով ավարտելուց հետո նա զինվորական ծառայությունն է անցկացնում Տուլոնի նավատորմում, որտեղ եւ ստանում է սպայական աստիճան: 1914 թվականին Առաջին համաշխարհային պատերազմի հայտարարման հետեւանքով նա ծառայության է կոչվում «Դեզե» հածանավի վրա որպես լեյտենանտ: Նույն թվականի ամռանը ռազմածովային նավախումբը հասնում է Ալեքսանդրետի ծովախորշը: Եվ ինքն է, որ թախանձագին խնդրել է բարձրաստիճան սպաներինՙ օգնության հասնել Մուսա լեռան հերոս հայերին, ովքեր քառասուն օր հուսահատ պայքար էին մղում թուրքական կանոնավոր բանակի դեմ: Կարելի է հեշտությամբ պատկերացնել, թե ինչքան համառություն եւ հանդգնություն է ցուցաբերել լեյտենանտ Թեքեյանը օրեր շարունակ, մինչեւ ծովակալները որոշել են օգնության ձեռք մեկնել Մուսա լեռան հերոսներին...
Իմ պատանեկան կամ երիտասարդ հասակում բազմիցս իր իսկ բերանից եմ լսել այն հուզիչ պատմությունները, որոնք նորից ու նորից էր հաղորդում Տիրան Թեքեյանն իր ունկնդիրներին համայնքային հավաքների ժամանակ: Ահա այդ հերոսապատումներն են, որ ներշնչել են ավստրիացի հանրահայտ գրող Ֆրանց Վերֆելին գրելու իր դյուցազներգական վեպըՙ «Մուսա լեռան 40 օրերը»:

Նախկին ճակատայինների ընկերակցությունը
1920 թվականից մինչեւ իր վախճանը Շառլ-Տիրան Թեքեյանը եղել է Մարսելի ֆրանսիական բանակի նախկին հայ ճակատայինների ընկերակցության նախագահը, ինչպես նաեւ համայնքային կյանքի անգերազանցելի ղեկավարը: Ամեն տարի հոկտեմբեր ամսին նա մեծ եռանդով նշում էր Արարայի (Պաղեստին) հաղթական ճակատամարտի տարեդարձը, որտեղ աչքի էր ընկել հայկական լեգեոնը: Երկար տարիների ընթացքում Թեքեյանը եղել է Մարսելի առեւտրի պալատի անդամ եւ արժանացել է «Պատվո լեգեոնի ասպետ» շքանշանին այնպիսի ժամանակներում, երբ այդ պատվանշանը հեշտությամբ չէր տրվում:

Մեծարանք իր հիշատակին
Մարսելի 13-րդ վարչական շրջանի հրապարակներից մեկը կրում է այդ հռչակավոր հայ-մարսելցու անունը: Պարադի փողոցի թիվ 142 տան վրա տեղադրված մարմարե տախտակը հուշում է անցորդներին, որ այդտեղ իր կյանքի վերջին տարիներն է անցկացրել Շառլ-Տիրան Թեքեյանը, ում մասին, ցավոք, միջին եւ նոր սերնդի ներկայացուցիչները ոչինչ չգիտեն գրավոր արձանագրությունների բացակայության պատճառով: Ուզում եմ հիշեցնել մի անգամ եւս, որ նա եղել է նաեւ բազմաթիվ գրավոր ստեղծագործությունների հեղինակ, որոնցից հարկ է նշել 1929 թվականին լույս տեսած «Մարսելը, Պրովանսը եւ հայերը» մենագրությունը:
Անհրաժեշտ է, հավանաբար, որ իր անունն ավելացվի Տուլոն քաղաքում անցյալ հոկտեմբերի 15-ին տեղադրված ծովակալների անունները կրող հուշատախտակի վրա, որպեսզի արժանին մատուցվի այդ մեծ հային, որի հաստատակամությանն ենք պարտական Մուսա լեռան հայ հերոսների ազատագրման համար, եւ որպեսզի ծովի ալիքները չմաքրեն ավազի վրա թողած մեր հավաքական հիշողության ոտնահետքերը»:
Ֆրանսերենից թարգմանեց ՏԻԳՐԱՆ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

No comments: