Tuesday, February 15, 2011

Հենց վաղը պատերազմ չի սկսվի

1in.am. 15-2-2011- Միջազգային ճգնաժամային խմբի վերջին զեկույցում հիմնականում խոսվում էր այն մասին, որ օր օրի մեծանում է հայ-ադրբեջանական պատերազմի հավանականությունը:
ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց, թե համաձայն է զեկույցի այն մասի հետ, որ վերջին տարիներին լարվածությունը ավելի է բարձրացել, և նրա, որ Ադրբեջանը ավելի մեծ գումարներ է հատկացնում ռազմական բյուջեին.
«Այդ ամենը խոսում է այն մասին, որ իրոք, պատերազմի հավանականությունը ավելի մեծ է, քան 3-4 տարի առաջ, բայց իհարկե, այն վիճակին չէ, որ կարողանանք ասել, թե պատերազմն արդեն սպառնալիք է և հենց վաղը կարող է սկսվել»:

Մայիլյանը շեշտեց, որ Միջազգային ճգնաժամային խումբը, ինչպես նաև շատ այլ միջազգային կառույցներ, խոսելով սպառնալիքների մասին, միշտ մոռանում են խոսել այն մասին, թե որտեղից է գալիս այդ վտանգը.

«Բոլորի համար էլ պարզ է, որ անվտանգության և անկայունության հիմնական աղբյուրն Ադրբեջանն է: Բոլոր սպառնալիքներն առաջանում են հենց այն պատճառով, որ Ադրբեջանը պատրաստ չէ և չի ցանկանում ճանաչել Արցախի ժողովրդի իրավունքները»:

Մայիլյանի գնահատմամբ, միջազգային կառույցները մինչև վերջ անկեղծ չեն և չեն ցանկանում կամ ի վիճակի չեն նշելու, թե վտանգն իրականում որտեղից է գալիս:

No comments: