Tuesday, February 15, 2011

ՃՇՄԱՐՏԱԽՈՍ «ԹՄՐԱՄՈԼՆԵՐԻ» ԵՐԿՐՈՒՄ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՎՏԱՆԳ ԿԱ

«ԱԶԳ», 15-02-2011- Փաստորեն ստացվում է, որ Ադրբեջանում ով կհամարձակվի հրապարակավ խոսել իշխող ռեժիմի դեմ` թմրամոլ է: Այս պիտակը կպցրեցին լրագրող Ֆաթուլաեւին, որը պարզապես փորձում էր խոսել, թե ինչ է իրականում տեղի ունեցել Խոջալուում: Իսկ այդ բնակավայրում, ըստ «պատմական գիտությունների թեկնածու» Իլհամ Ալիեւի եւ «ընկերների», տեղի է ունեցել «20-րդ դարում մարդկության դեմ գործված ամենադաժան հանցագործությունը. Խոջալուի ադրբեջանցիների ցեղասպանությունը»: Երբ եվրոպական մի քանի պահանջներին տեղի տալով ադրբեջանական արդարադատությունը որոշեց հանել Ֆաթուլաեւի նկատմամբ «քաղաքական մեղադրանքները», «պարզվեց» նաեւ, որ վերջինս թմրամիջոցներ է պահել, օգտագործել եւ տարածել: Թմրամոլ է փաստորեն նաեւ «Ժողովրդական ճակատ» կուսակցության երիտասարդ ակտիվիստ, 20-ամյա Ջաբար Սավալանլին, որի գրպանում հայտնաբերվել է 0,7 գրամ մարիխուանա: Նա, սակայն, «տարօրինակ զուգադիպությամբ» բավական ակտիվ է սոցիալական ցանցերում եւ հենց նա, ոգեւորվելով Թունիսից եւ Եգիպտոսից, առաջինը կոչ արեց Ադրբեջանում կազմակերպելու «Ցասման օր». այժմ 20-ամյա երիտասարդը կալանքի տակ է` մեղադրանքի մասին արդեն նշեցինք: Թե որքանով Սավալանլիի կոչը արձագանք կստանա ադրբեջանական հասարակությունումՙ դեռ վաղ է ասել, մանավանդ որ այդ երկրի իշխանությունը հանկարծ որոշել է պայքարել կոռուպցիայի դեմ, սակայն զուգահեռաբար ձերբակալելով ընդդիմադիր ակտիվ գործիչներին: Միեւնույն ժամանակ ակնհայտ է, որ հարեւան երկրում տարօրինակ երեւույթներ են կատարվում կամ առնվազն նախանշվում: Այսպես` «Ազգը» նախորդ համարում տեղեկացրեց, որ Իսրայելի` Ահաբեկչության դեմ պայքարի բյուրոն, ի թիվս այլ երկրների (այդ թվումՙ Հայաստանի), ներառել է Ադրբեջանը «Իսրայելի համար ահաբեկչական վտանգ ներակայացնող երկրների ցանկում»: Ավելին` ինչպես երեկ տեղեկացրին ադրբեջանական լրատվամիջոցները` անորոշ ժամկետով փակվել է Բաքվում Իսրայելի դեսպանատունը` «հնարավոր ահաբեկչության վտանգին դիմակայելու համար»: Այս ամենը դեռ բավական չէ` Բաքվում իր անվտանգությամբ խիստ մտահոգված է նաեւ ԱՄՆ դեսպանատունը: Ինչպես «Վեստի.ազ»-ին տեղեկացրել է ԱՄՆ դեսպանատան մամլո քարտուղար Քիթ Բինը` «Այժմ մենք Ադրբեջանի համապատասխան կառույցների հետ տանում ենք աշխատանք` համոզվելու մեր անվտանգության բարձր մակարդակում»:
Բինի հետագա հայտարարությունն ավելի հետաքրքրական է. «Հաշվի առնելով Ադրբեջանում հակաամերիկյան կամ ամերիկյան հետաքրքրություններին դեմ ահաբեկչական գործողությունների հնարավորությունը` մենք ԱՄՆ քաղաքացիներին հորդորում ենք, իրենց իսկ անվտանգությունից ելնելով, մանրակրկիտ եւ խելամտորեն որոշել այն երկիրը, որտեղ ցանկանում են մեկնել»:
Հրաժարվելով պատասխանել ադրբեջանցի լրագրողի հարցին, թե որտեղի՞ց է ԱՄՆ դեսպանատունը իրազեկված, որ Ադրբեջանում հնարավոր է ահաբեկչություն, Բինը նշել է. «Մենք չենք մատնանշի մեր աղբյուրը, պարզապես ընդգծեմ, որ վտանգը կա ու մենք հորդորում ենք ԱՄՆ քաղաքացիներին` ցուցաբերել զգոնություն»:
Ինչ վերաբերում է Բաքվում Իսրայելի դեսպանատանը, ապա այնտեղից որեւէ տեղեկություն ստանալ ադրբեջանցի լրագրողներին արդեն երկու-երեք օր է չի հաջողվում, քանի որ, ինչպես վերը նշեցինք, «դեսպանատունը անորոշ ժամանակով փակ է»: Հրաժարվում են մեկնաբանություններից նաեւ Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը: Ի դեպ, Բրիտանիայի քաղաքացիները նույնպես զգուշացված են Ադրբեջանում հնարավոր ահաբեկչական վտանգի մասին: Որպես այս ամենի լրացում` երեկ Ադրբեջանի նախագահի նստավայրի առջեւ ֆիզիկական բռնության է ենթարկվել «Բիզիմ յոլ» թերթի լրագրողը, որն ընդամենը փորձում էր լուսաբանել նախագահականի մոտ տեղի ունեցող ընդդիմության հերթական ցույցը: Լրագրողին է մոտեցել ոստիկանը, բռնությամբ նրանից վերցրել ֆոտոխցիկը եւ ոչնչացրել բոլոր կադրերը: Հետաքրքրական է` կհայտնվի՞ Ադրբեջանում «նոր թմրամոլ»:
Հ. ԱՖՅԱՆ

No comments: