Tuesday, February 15, 2011

ՆԵԴԻՄ ՇԵՆԵՐԸՙ «ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍ»

«ԱԶԳ», 15-02-2011- Թուրքական «Միլիեթ» օրաթերթի հետաքննող-լրագրող Նեդիմ Շեներին շնորհվել է «Մամուլի ազատության համաշխարհային հերոսի» կոչում, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը:
Շեները «Մամուլի միջազգային ինստիտուտի» ուշադրությանը արժանացել է «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության մասին իր գրած «Դինքի սպանությունը եւ հետախուզության ստերը» (2009 թ.) գրքի հրատարակումից հետո: Այդ գրքում նա մանրամասն նկարագրել էր հայազգի խմբագրի սպանության նախապատրաստական եւ գործադրման աշխատանքները, ինչպես նաեւ դատական գործընթացները, որոնց համար (նաեւ ազգային անվտանգության մարմինների անփութությունը մերկացնող փաստերի համար) նրա դեմ մեղադրական հայցեր էին ներկայացրել մասնավորապես Տրապիզոնի ոստիկանությունն ու հետախուզական վարչությունը:
«Մենք հպարտ ենք Շեներին այդ կոչումը շնորհելու համար: Նա «մամուլի ազատության» 56-րդ հերոսն է դառնում իր վճռականության համար: Ճանապարհը հեշտ չի եղել: Նա ստիպված է եղել հաղթահարել բազում արգելքներ եւ սպառնալիքներ», ասել է «Մամուլի միջազգային ինստիտուտի» փոխտնօրեն Ալիսոն Բեթել Մկքենզին Վիեննայում կայացած պաշտոնական արարողության ժամանակ: Շեների դեմ 2009-ի հունիսին մի շարք մեղադրանքներ էին ներկայացվել, որոնց համար նրան ընդհանուր առմամբ 32 տարվա բանտարկություն էր սպասում: 2010-ի հունիսին նրան ազատեցին մի շարք մեղադրանքներից, բայց մի քանիսը դեռեւս մնում է: CNN Turk-ին տված հարցազրույցի ընթացքում Շեները նշել է, որ ինքը «չափազանց վախեցած» է այս կոչումը ընդունելու կապակցությամբ: «Դուք ձեզ ապահով չեք կարող զգալ Թուրքիայում: Մամուլի ազատության եւ հաղորդակցության իրավիճակը շատ վատ է այնտեղ, շատ վտանգավոր», ասել է նաՙ ավելացնելով, որ ինքը Դինքի մասին գրել է ոչ միայն, որովհետեւ նա իր ընկերն էր, այլեւ որովհետեւ նա մարդկային բոլոր իրավունքներն ուներ ապրելու եւ ստեղծագործելու համար:
Շեներն, ըստ հաղորդագրության, երրորդ թուրք լրագրողն է, արն արժանանում է այդ կոչմանը: Նրանից առաջՙ 2000 թվականին Աբդի Իփեքչին եւ 2007-ին (հետմահու) Հրանտ Դինքն էին դարձել «Մամուլի ազատության հերոսներ»:
Շեների նոր գիրքըՙ «Կարմիր Ուրբաթ: Ո՞վ ջարդեց Դինքի Գրիչը» խորագրով շուտով կհայտնվի Թուրքիայի գրախանութների դարակներում:

No comments: