Wednesday, February 23, 2011

ՄԻ ՇՆԱՆԱՐ, ՈՐ ՉԶԱՅՐԱՆԱՍ

Ինչպես գիտենք, կոալիցիոն նոր հուշագրում ասվում է, որ երեք կուսակցությունները չեն պատրաստվում իրար դեմ պայքարել եւ խախտել իրար միջեւ եղած ձայների հարաբերակցությունը, ինչպես նաեւ մտադրություն են հայտնում խորհրդարանում կոալիցիոն տեղերն ավելացնելու ուղղությամբ:
Այդ ձեւակերպումները շատերին հիմք տեցին ասելու, որ դրանք հակադեմոկրատական ձեւակերպումներ են, որ այդպիսով կոալիցիան արհամարհում է ընտրողի կարծիքը: Իրականում, զուտ ֆորմալ տեսանկյունից այստեղ որեւէ հակադեմոկրատական բան չկա. երեք կուսակցություն որոշել են, որ խորհրդարանի ընտրությանն իրար դեմ չեն պայքարելու, նաեւ մտադրություն են հայտնել ավելացնել իրենց տեղերը խորհրդարանում: Ինչ կա այստեղ հակադեմոկրատական: Օրինակ, երբ ընդդիմադիր ուժերը հայտարարեն, որ չեն պատրաստվում իրարից ձայն խլել եւ ուզում են խորհրդարանում ունենալ ասենք 90 տոկոս մեծամասնություն, միթե այստեղ կարող է ոչ դեմոկրատականության մասին խոսք լինել:

Չէ որ կոալիցիոն հուշագրում նշված չէ, որ իրենք պատրաստվում են տեղեր ավելացնել անկախ հասարակության քվեից: Իսկ հասարակությունը կարող է, չէ՞, ասենք 95 տոկոս ձայն տալ կոալիցիոն եռյակին: Հետեւաբար, այդքան էլ արդիական չեն այն գնահատականները, թե կոալիցիոն նոր հուշագրում կան հակադեմոկրատական ձեւակերպումներ: Կարծես իշխանությունը նախկինում իր ձեւակերպումների մեջ շատ թե քիչ դեմոկրատական էր, իսկ հիմա հանկարծ դարձել է ոչ դեմոկրատական:

Կոալիցիոն հուշագրում որեւէ հակադեմոկրատական ձեւակերպում չկա: Երեք կուսակցություն հայտարարում են ընտրություններում իրենց հավակնությունների մասին: Ցանկացած սուբյեկտ կարող է վեր կենալ ու ասել, որ ինքը հավակնում է ստանալ հասարակության քվեի 100 տոկոսը: Այդտեղ հակադեմոկրատական բան չկա: Հակադեմոկրատականը գալիս է արդեն գործողությունների ժամանակ, այն առումով, թե ինչպես է ձեռք բերվում այդ քվեն:

Իսկ ահա այդ, մտածողության, բովանդակության, գործողությունների, մեթոդների առումով իշխանությունը Հայաստանում եղել է եւ կա հակադեմոկրատական, նոր չէ, որ այդպիսին է դառնում: Հետեւաբար քաղաքական կամ հասարակական մնացյալ սուբյեկտների զարմացական կամ զայրացական բացականչությունները միանգամայն ավելորդ են ու ինչ որ տեղ նույնիսկ երեսպաշտական: Կարծես թե չգիտեին, չէին ճանաչում Հայաստանի իշխանությանը, կարծես հույս էին փայփայում, որ նա խորհրդարանում գոնե այդ մի քանի տեղը ամեն դեպքում թողնելու է այլոց:

Իրականում զարմանալու եւ զայրանալու որեւէ բան չկա, իսկ եթե կա, ապա ոչ թե իշխանության հանդգնության կամ սահմանազանցության, այլ սեփական միամտության կամ պատեհապաշտության առումով: Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում, որպես կանոն` իհարկե առանձին բացառություններով, իշխանությունից հիասթափվում են այն ժամանակ, երբ կորցնում են նրա հետ գործարքի վերջին հույսը:Կոալիցիոն նոր հուշագրով իշխանությունը կարծես թե այդպիսի հույս չի թողել, ու դրա համար զայրացողների “բանակը” մեծ է:

Թեեւ, մյուս կողմից էլ, իրավացի են զայրանում: Ախր իշխանությունը շատ անիրավ վարվեց շատերի հետ: Մինչ փետրվարի 17-ը բոլորին հույս էին տալիս, որ ամեն ինչ հնարավոր է: Մեկ էլ հանկարծ մի գիշերում այրեցին տեսանելի ու անտեսանելի բոլոր կամուրջներն ու հստակ հասկացրին, որ իրենցից բացի ուրիշ ոչ ոք իրենց այլեւս պետք չէ:

Բայց հուսահատվել էլ պետք չէ: Թեեւ բոլոր կամուրջներն իշխանությունն այրեց, այդուհանդերձ հարկ եղած դեպքում շատ արագ կկառուցի նորերը, քանի որ իշխանությունը շատ փող ունի կամուրջների շինարարության համար: Այնպես որ, զայրացողներն ու զարմացողները թող հանգստանան եւ պատրաստվեն կամուրջների շինարարության կապալառուի կարգավիճակի համար նոր “մրցույթներին”:

ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ


No comments: