Saturday, February 26, 2011

ՍԹԵՅՆԲԵՐԳԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ

«Լրագիր» 25-2-2011- “Կենտրոն” հեռուստաընկերության “Ուրվագիծ” հաղորդաշարի եթերում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը ասել է, թե սխալ է տպավորությունը, որ Ռուսաստանը ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի միջնորդական նախաձեռնությունը Եվրոպայից եւ ԱՄՆ-ից վերցրել է իր ձեռքը: Սթեյնբերգը ասել է, որ բոլոր երեք համանախագահներն էլ ակտիվ միջնորդ են:
Այդպիսով, թերեւս կարելի է արձանագրել երկու հանգամանքը: Նախ այն, որ Սթեյնբերգը այդ հայտարարությամբ կարծես թե ակնարկել է, որ մարտի 5-ին Սոչիում կայանալիք եռակողմ հերթական հանդիպումը` Սարգսյան-Ալիեւ-Մեդվեդեւ, հակամարտության կարգավորման հարցում որեւէ վճռորոշ նշանակություն չի ունենալու եւ իրավիճակը պահպանվելու է: Թերեւս հանդիպումը ընդամենը կլուծի պատերազմի վտանգի գեներացումը կանխելու հարցը, ինչը մատնանշում են շատ փորձագետներ:

Այդ համատեքստում պատահական չէր, որ Երեւանից մեկնելով Բաքու, Սթեյնբերգը հայտարարել էր, որ չպետք է կասկած առաջացնի այն, որ Սարգսյանն ու Ալիեւը շարունակելու են ջանքը խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Այսինքն, Սթեյնբերգը կարեւորում է ոչ թե կողմերի համաձայնությունը, այլ համաձայնվելու պատրաստակամությունը: Ըստ երեւույթին, ԱՄՆ համար հստակ է, որ այս պահին դա առավելագույն հնարավորն է, որ կարող է լինել Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում:

Իսկ մյուս հանգամանքը, որ նկատվում է Ռուսաստանի նախաձեռնությունը խլած լինելու մասին Սթեյնբերգի խոսքում, թերեւս պատասխանն է Հայաստանի ընդդիմությանը, մասնավորապես դրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ամիսներ առաջ արած այն հայտարարությանը, թե Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանալին Ռուսաստանի ձեռքում է:

Ջեյմս Սթեյնբերգը ուղղակի կամ անուղղակի պատասխանում է ընդդիմությանը, որ բանալին Ռուսաստանի ձեռքում չէ, կամ եթե բանալի կա, ապա երեք հատ` Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի ձեռքում:

ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: