Wednesday, February 9, 2011

Հայերն այլևս չեն հավատում երկրի ապագային ու լքում են երկիրը. Wikileaks

Wikileaks կայքի ռուսաստանյան գործընկեր հանդիսացող rusrep.ru կայքն այսօր Հայաստանին վերաբերող ևս մեկ գաղտնի փաստաթուղթ է հրապարակել, որտեղ Հայաստանում ԱՄՆ–ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը անդրադարձ է կատարել (2008-ի ապրիլին) համաշխարհային ճգնաժամից էլ ավելի խորացած ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակին, ինչպես նաև երկրում տիրող քաղաքական անկայունությանը, որոնք արտագաղթի հիմնական պատճառներն են։
Անգամ միջին խավի հաջողակ ներկայացուցիչներն են ասել, որ այլևս հույսեր չեն կապում Հայաստանի ապագայի հետ և չեն հավատում, որ երկիրը կարող է դառնալ կայուն ու բարգավաճ։
Փաստաթղթում նշվում է, որ երկիրը լքելու շուրջ վաղուց մտածող մարդկանց համար, որոնք իրենց բաժին ընկած կյանքը բարելավելու նպատակ ունեն, քաղաքական ճգնաժամը խթան հանդիսացավ՝ շատերին ստիպելով երկրից հեռանալու մտքերն իրականություն դարձնել։ Դրան գումարած՝ մարտի 1–ից հետո տիրող լարված իրավիճակի պայմաններում մոտ 20 մարդ դիմել է ԱՄՆ դեսպանատուն՝ ապաստան խնդրելու նպատակով։
Միջին խավի հաջողակ ներկայացուցիչների խոսքերով՝ ճգնաժամը որոշիչ դեր է խաղացել՝ դրդելով իրենց արտագաղթելու վերջնական որոշում կայացնել։ Մեծ մասն ասում էր, որ իրենց մտահոգող գործոնների ցանկում որպես արտագաղթի ևս մեկ պատճառ գումարվել է երկրում տիրող քաղաքական անկայունությունը, որն իր մեջ ընդգրկում է տնտեսական անկայունություն և վատթարացող պայմաններ, որտեղ անհնար է երեխաներ դաստիարակել։
Մարդկանց ստիպել է երկիրը լքել նաև հասարակության շարունակ անկում ապրող բարոյական նորմերը, երբ օրինախախտ ու լավ կապեր ունեցող էլիտայի հարուստ ներկայացուցիչները ոտնահարում են ՀՀ սովորական քաղաքացիների իրավունքները։
Փաստաթղթում ասվում է, որ միջին դասից բացի, երկրից հեռանալու մտադրություն են հայտնել նաև հիասթափված պաշտոնյաները։
Դիվանագետները պատմում են, որ երկիրը լքեց նաև ԱՄՆ կառավարության համար 12տարի աշխատած ԱՄՆ դեսպանատան աշխատակից Հրաչյա Հակոբյանը, որն ընտանիքի հետ գաղթեց Չեխիա՝ ավելի լավ կյանքի ակնկալիքներով։ Այդօրինակ որոշման համար պատճառ հանդիսացավ հետընտրական ճգնաժամի հետևանք դարձած քաղաքական անկայունությունը, որը շատերին դրդեց գնալ այդ քայլին։
Հակոբյանի կարծիքով՝ հայկական հասարակության բարոյական անկումն սկսվել է 1991–ից՝ անկախություն ձեռք բերելուց հետո, իսկ նախկին դիվանագետ Կարինե Աֆրիկյանը դեսպանատան աշխատակցին անմիջապես մարտի 1–ից հետո ասել է, որ «երիտասարդ սերունդն այդ պայմաններում կամ կկորցնի իր հոգին, կամ կլքի երկիրը՝ փախչելով իշխանությանը կառչած այս ռեժիմից»։

Փաստաթղթուն ներկայացված է մի հետաքրքրաշարժ փաստ, թե ինչպես է ոստիկանապետը հանդիպել Ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Ավետիսյանին, որը կարծիք է հայտնել, որ Սերժ Սարգսյանը երկրի բնակչության և միջազգային հանրության շահերին համապատասխանող իրական բարեփոխումներ չի իրականացնում։ Ըստ նրա՝ Սարգսյանը կենտրոնացնում է իշխանությունը՝ բարեփոխումներ իրականացնելու ունակ մասնագետների փոխարեն ներգրավելով քրեական տարրերի։ Ավետիսյանը հայտնել է, որ հնարավոր է լքի իր պաշտոնը և մեկնի Վաշինգտոն։

Նշվում է, որ ընդդիմության առաջնորդները նույնպես դիմել են ԱՄՆ դեսպանատուն՝ ապաստան կամ մուտքի արտոնագիր ստանալու նպատակով։ Նրանցից մեկը ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանի եղբորորդին էր, որը փաստաթուղթը կազմելու ժամանակ արդեն գտնվել է ԱՄԷ–ում։ Լևոն Տեր–Պետրոսյանի ներկայացուցիչներից մեկը Տիգրանին մուտքի արտոնագիր տրամադրելու խնդրանքով դիմել է դեսպանատուն՝ վստահեցնելով, որ վերջինը մտադրություն չունի ապաստան խնդրել ԱՄՆ տարածքում հայտնվելուց հետո։ Սակայն դեսպանատան աշխատակիցները հայտնել են, որ գործի իսկությունը պարզելու հնարավորություն չունենալու պատճառով իրենք չեն կարող միջամտել մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացին, ուստի նա ընդհանուր հիմունքներով պետք է դիմի Դուբայի գլխավոր հյուպատոսություն։
Փաստաթղթի համաձայն՝ Լևոն Տեր–Պետրոսյանի որդի Դավիթը դեռ ընտրություններից առաջ էր մեկնել Լոս Անջելես, քանի որ նրա հայրը վախենում էր որդու անվտանգության համար։
Փաստաթղթում արված մեկնաբանությունների համաձայն՝ Հայաստանում արտագաղթը նոր երևույթ չէ։ ԽՍՀՄ փլուզումից և Հայաստանի անկախացումից հետո երկրից հեռացել է մոտ 1 մլն մարդ՝ մինչև Խորհրդային Միության փլուզումը երկրում բնակվող 3,5 մլն բնակչության 1/3–ը։
Այս իրավիճակում որպես նոր փաստ դիտվում է միջին հաջողակ խավի ներկայացուցիչների փախուստը, որոնք նախկինում դիմանում էին պետության անկախ զարգացման բոլոր դժվարություններին. նրանք կշարունակեին ապրել և գործել իրենց երկրում, եթե պետության զարգացումը ճիշտ ուղղությամբ ընթանար։

No comments: