Tuesday, March 1, 2011

Հանրահավաք Փարիզում` Սումգայիթի ողբերգության 23-ամյակի առթիվ 13:47 01/03/2011

Report.am-2011-3-1- Փետրվարի 27-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի Հովհաննես-Մկրտիչ Հայ առաքելական Մայր եկեղեցում եւ Ֆրանսիայի հայաշատ քաղաքներում գործող եկեղեցիներում պատարագներ մատուցվեցին Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակին: Փարիզում, պատարագի ավարտին, ծիսակատության մասնակիցների թափորը շարժվեց դեպի Սենայի ափով ձգվող Երեւանյան պարտեզին հարող հրապարակ, ուր ծաղկեպսակ դրվեց Կոմիտասի հուշարձանին` ի հիշատակ եւ ի ոգեկոչում սումգայիթյան սպանդի անմեղ զոհերի:
Փետրվարի 28-ի երեկոյան, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի 9-րդ քաղաքապետարանի հանդիսությունների լեփ-լեցուն սրահում տեղի ունեցավ Ֆրանսահայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի /ՖԿՀԽ/ նախաձեռնած հանրահավաքը` նվիրված Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում իրագործված հայկական ջարդերի 23-ամյա տարելիցին: Հանրահավաք-համաժողովի ընդհանուր խորագիրն էր` «Ի զորակցություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանե, բուն առիթը` սումգայիթյան ողբերգության 23-ամյա տարելիցը:
Միջոցառման գերակա նպատակ էր հայտարարված` սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակի ոգեկոչումը, ադրբեջանական ռազմաշունչ ճարտասանության եւ ստահոդ քարոզչության հակադարձումը, ֆրանսահայության զորակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը եւ համախմբումը արցախահայության շուրջ` ԼՂՀ անկախության 20-ամյա տարելիցին ընդառաջ:
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Ֆրանսահայ ազգային խորհրդի եւ ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղի նախագահ, Իլ-դը Ֆրանս դեպարտամենտի ռեգիոնալ խորհրդի անդամ Ալեքսի Գովչյանը, Ֆրանսահայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը եւ Մուրադ Փափազյանը, Հայ Դատի Ֆրանսիայի գրասենյակի տնօրեն Հրաչ Վարժապետյանը, Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներ: Պաշտոնական ելույթների շարքը եզրափակեց եւ սգո հոբելյանի առթիվ ամփոփիչ խոսք ասաց Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիգեն Չիտեչյանը:
Հանրահավաքի ընթացքում ցուցադրվեց Սումգայիթի ողբերգության մասին պատմող փաստավավերագրական տեսաֆիլմը, որին հաջորդեց սումգայիթյան ջարդերից հրաշքով ողջ մնացած, ողբերգության ականատես-վկա Վիտալի Դանիելյանը, ով միջոցառմանն էր հրավիրված ՖԿՀԽ կողմից:
Տեսաֆիլմից բացի` դահլիճում տեղադրված էկրանին ցուցադրվեցին ադրբեջանական խոշտանգումների ու վայրագությունների զոհ դարձած անձանց պատկերող վավերագրական կադրեր: Միջոցառման ողջ ընթացքում էկրանին ներկայացվում էին սումգայիթյան իրադարձությունների առթիվ ֆրանսիական, եվրոպական եւ ամերիկյան մամուլում տպագրված ողբերգությունը լուսաբանող տեղեկատվական նյութեր, քաղվածքներ ժամանակին ջարդերի առիթով միջազգային ատյանների կայացրած դատապարտողական որոշումներից:
Համաժողովի մասնակիցները հանդես եկան Ադրբեջանի քաղաքական ղեկավարության ռազմաշունչ հայտարարությունների դեմ ուղղված դատապարտողական ելույթներով, ֆրանսիական իշխանություններին կոչ անելով սատարելու արցախահայության ինքնորոշման եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության իրավունքը` որպես Արցախի հայ ազգաբնակչության անվտանգության միակ գրավականի:
Միջոցառման վերջում Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի անունից ընդունվեց ֆրանսիական իշխանություններին եւ երկրի բոլոր ժողովրդավարական ուժերին ուղղված կոչ-հայտարարություն` ի զորակցություն արցախահայության ինքնորոշման օրինական պահանջի եւ ի համերաշխություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից սեփական ազգաբնակչությանը եւ խաղաղությունը պաշտպանելու կոչված ջանքերի:
Համաժողովի մասնակիցները նաեւ իրենց պատրաստակամությունն արտահայտեցին ԼՂՀ եւ Հայաստանի Հանրապետության 20-ամյա հոբելյանական տարվա շրջանակներում ողջ Ֆրանսիայով մեկ հուժկու միջոցառումներ կազմակերպելու` ի նշանավորում այդ զույգ իրադարձությունների, ինչպես նաեւ իրենց վճռականությունը հայտնեցին անհաշտ պայքար մղելու ադրբեջանական զեղծարարությունների դեմ, ակտիվ եւ համախմբված աշխատանք տանելու ղարաբաղյան հակամարտության իրական պատճառների եւ հետեւանքների վերաբերյալ ֆրանսիական իշխանություններին ու հասարակությանը ճշմարտությունը իրազեկելու գործում:
Տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

No comments: