Tert.am. 7-3-2011- Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ Սոչիում կայացած եռակողմ հանդիպման էական ձեռքբերումը բանակցային գործընթացը շարունակելու վերաբերյալ պայմանավորվածությունն է և ստատուս-քվոյի երկարացումը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։Ըստ նրա՝ այս հերթական հանդիպման առանձնահատկությունն այն էր, որ մայնդորֆյան հռչակագրից հետո առաջին անգամ Ադրբեջանը որոշ պարտավորություն ստանձնեց շփման գոտում զուսպ քայլեր անելու ուղղությամբ։
«Դա չի նշանակում, որ ինչ-որ երկարաժամկետ պայմանավորվածություն կլինի, սակայն կարևորն այդ քայլն է»,- ասաց բանախոսը։
«Եռակողմ հանդիպման արդյունքում արված հայտարարությամբ ո՞ր կողմը նահանջողի դիրքում հայտնվեց» հարցին քաղաքագետը պատասխանեց, որ Ադրբեջանը ստիպված է ընդունել այդ հայտարարությունը։
«Բոլոր հանդիպումներից առաջ ադրբեջանական մամուլում սպասումներ էին նկատվում, որ մի բան կորոշվի։ Սակայն այսօր ադրբեջանական մամուլում դեռ զուսպ ռեակցիա կա։ Նրանք փորձում են ցույց տալ, որ իրականում ոչ մի բան տեղի չունեցավ, և ավելի քան հերթական հանդիպում էր սա։ Դրա բացատրությունը պարզ է. Ադրբեջանը վերջին տարիներին և վերջին ժամանակահատվածում, ուժեղացնելով ռազմական հռետորաբանությունը, օգտագործում էր բանակցություններում որպես ռեսուրս»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ հայտարարությունից հետո այդ երկիրն ստիպված կլինի խաղաղ ճանապարհով շարունակել բանակցությունները։
Միաժամանակ Սերգեյ Մինասյանը նշեց, որ դա չնչին զիջում էր Ադրբեջանի կողմից. «Եթե սնայպերների մասին խոսք լիներ, դա տեսանելի զիջում կլիներ։ Սա ոչ ցանկալի զարգացում էր Ադրբեջանի համար»։
Սերգեյ Մինասյանը նաև նշեց, որ Ադրբեջանն իր ռազմատենչ հայտարարություններով նպաստեց, որպեսզի Մադրիդյան սկզբունքների բոլոր աշխատանքային տարբերակները մնան երկրորդական դերում։ Արդյունքում՝ համանախագահող կողմերն այսօր միայն մեկ ուղղությամբ են մտածում, որ հանկարծ շփման գծում ռազմական գործությունները չվերսկսվեն։
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանն էլ նկատեց, որ մինչև մարտի 5-ը Ադրբեջանը հստակ ներկայացնում էր իր պահանջները։ «Անգամ որպես ուլտիմատում էր ներկայացվում, որ պետք է քննարկվի, այսպես կոչված, Մադրիդյան նորացված փաստաթուղթը։ Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը կոնկրետ սպասելիքներ ուներ»,- նշեց նա։ Սակայն իրականում ոչ մի տարբերակ էլ չի քննարկվել, պարզապես շփման գծի վերաբերյալ հայտարարություն արվեց։
«Ադրբեջանը որևէ արգումենտ, բացի պատերազմի շանտաժից, չունի։ Նա չի կարող հրաժարվել այդ արգումենտից։ Անգամ այդ արգումենտը պաշտպանում են որոշ միջազգային կառույցներ։ Այս ֆոնին, բնական է, ոչ ոք կտրուկ հայտարարություն չէր անի, նամանավանդ Ալիևը, որ միայն խաղաղ ճանապարհով է լուծելու կոնֆլիկտը։ Կասեն՝ կձգտենք»,- ընդգծեց Սարգսյանը։
Միաժամանակ բանախոսները նշեցին, որ Ադրբեջանն ունի միայն մեկ ռեսուրս՝ ռազմական հռետորաբանությունը, և մոտ ապագայում դժվար թե այդ երկիրը հրաժարվի իր քաղաքականությունից։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment