Saturday, March 5, 2011

Ադրբեջանի նպատակը Իրանը մասնատելն է. Իրանական կայք

Ադրբեջանը նպատակ ունի Իրանի Արևմտյան և Արևելյան Ազերբայջան նահանգներում անկայունություն ստեղծելով` վերոնշյալ նահանգներն անջատել Իրանից:
Այդ մասին տեղեկացնում է իրանական «մաշրեղնյուզ.իռ» կայքը:
«Բաքվի համալսարանի դասախոս Ֆիքրեթ Սադիկովը նախ Իրանի հյուսիսային նահանգներն անվանել է «Հարավային Ազերբայջան», այնուհետև առաջարկել է Իրանի թյուրքախոս բնակչության համար հատուկ հեռուստատեսային ալիք ստեղծել և հոգեբանական ազդեցություն գործելով վերջիններիս վրա` հրահրել, որպեսզի իրանական տարածքներն անջատվեն Իրանից:
Մենք պետք է կենտրոնանանք իրանցի երիտասարդության վրա, որոնք վերջին նախագահական ընտրություններից հետո իշխանությունների հանդեպ բացասաբար են տրամադրված»,-հայտարարել է ադրբեջանցի գիտնականը:

Նշենք, որ ի պատասխան Ադրբեջանի սպառնալիքներին` իրանցի պատմաբաններն ու վերլուծաբաններն իրենց հրապարակումներում հաճախ են անդրադառնում ներկայիս Ադրբեջանի Հանրապետության ստեղծման պատմական փաստերին:

Իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ` իրանցի գիտնական Հասան Գոլին վերջերս կայացած կոնֆերանսներից մեկում հայտարարել էր, որ 1917թ. Օսմանյան կայսրության դրդմամբ Մոհամմադ Ամին Ռասուլզադեն Իրանից հյուսիս ընկած Արանի տարածքում իրանական Ազերբայջան պատմական տարածքի անվամբ հիմնում է Ազերբայջան անվամբ պետություն:

Իրանցի վերլուծաբան Թահեր Զադեն էլ գրում է. «Ներկայիս «Ադրբեջանի Հանրապետության» տարածքն իրականում այլ պատմական անուն է ունեցել: Արաքսից հյուսիս ընկած շիաբնակ տարածքներն Իրանից անջատվում և անցնում են Ռուսական կայսրության տիրապետության տակ, իսկ արդեն 1918թ. առաջին անգամ Արան և Շիրվան տարածքներում հռչակվում է մի պետություն, որը կրում է «Ադրբեջանի Հանրապետություն» շինծու անունը»:

No comments: