Saturday, March 5, 2011

Դ. Բաբայան. Բաքուն պատրաստ չէ հակամարտության կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելուն

Panorama.am. 5-3-2011- «Անկեղծ ասած, կանխատեսելի էր նման զարգացումը, քանզի վերջին 1-1.5 տարվա ընթացքում բոլոր կարևոր հանդիպումների նախօրյակին կամ դրանից անմիջապես հետո, սադրիչ գործողությունների են դիմում: Դա արտահայտվում է և՛ շփման գծում իրականացվող դիվերսիաների, դիպուկահարների միջոցով, և՛ խիստ ռազմաշունչ հայտարարություններով»,- արձագանքելով այսօր կայանալիք Սոչիի հանդիպմանն ընդառաջ ադրբեջանցի դիպուկահարի կողմից հայ զինծառայողի սպանվելու փաստին՝ Panorama.am-ին ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Նա ընդգծեց, որ նման գործելակերպը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ պաշտոնական Բաքուն պատրաստ չէ, և դժվար թե մոտակա ժամանակները պատրաստ լինի հակամարտության կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելուն:
«Ակնհայտ է, որ նման քայլերով Ադրբեջանը ցույց է տալիս իր անհանդուրժող վերաբերմունքը խնդիրը փոխզիջումների հիման վրա կարգավորելու հարցում»,- եզրակացրեց Դ. Բաբայանը:
Հիշեցնենք, որ նախօրեին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման արդյունքում զոհվել է ՊԲ ժամկետային զինծառայող 1991թ. ծնված Գրիգոր Արամի Շախկանյանը:

No comments: