Tuesday, March 8, 2011

ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՍՐԲԱԶԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻՑ ՉՈՐՍԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՆ

Նադիա Ռայթի բացահայտումները
«Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի 2010 թ. դեկտեմբերի 11-ի համարում տպագրված Սոնա Ավագյանի հետազոտական բնույթի հոդվածը` Ավստրալիայում բնակվող ուսուցչուհի Նադիա Ռայթի մասին, հետաքրքրական փաստեր է պարունակում Սինգապուրի փոքրիկ հայ համայնքից: Ուստի նպատակահարմար ենք համարում թարգմանաբար ներկայացնել այդ տվյալները «Ազգ»-ի ընթերցողներին:

Աշխարհագրական տեղեկանք
Սինգապուրի Հանրապետությունը գտնվում է Հարավարեւելյան Ասիայում, Մալակկա թերակղզու հարավային ծայրի մոտ, Սինգապուր կղզու եւ հարակից փոքր կղզիների վրա: Բրիտանական հասարակապետության անդամ է: Մայրաքաղաքըՙ Սինգապուր: 1819-ին կղզին անցել է անգլիական Արեւելահնդկական ընկերությանը, 1826-ինՙ մտել է անգլիական Սթրեյթս Սեթըլմենտս գաղութի կազմի մեջ: ՄԱԿ-ի անդամ է 1965 թվից: Հայերը Սինգապուրում հաստատվել են 18-րդ դ. վերջին: Եկել են հիմնականում Հնդկաստանից եւ Մալակկայից:
Մալայզիան պետություն է Հարավարեւելյան Ասիայում, Մալակկա թերակղզու հարավ եւ Կալիմանտան կղզու հյուսիսային մասերում: Հարավչինական ծովով բաժանված է երկուՙ Արեւմտյան Մալայզիա (Մալայա) եւ Արեւելյան Մալայզիա (Սարավակ եւ Սաբահ) մասերի: Մտնում է ազգերի Բրիտանական համագործակցության մեջ: Սահմանակից է Թաիլանդին, Ինդոնեզիային: Մայրաքաղաքըՙ Կուալա Լումպուր: Մալայզիան սահմանադրական միապետություն է, նահանգների ֆեդերացիա:
Սինգապուրում եւ Մալայզիայում հայերի պատմությունը ուսումնասիրող, Ավստրալիայում բնակվող, մասնագիտությամբ ուսուցչուհի Նադիա Ռայթի տվյալներով, Սինգապուրում հայերի թիվը երբեք չի գերազանցել 100-ը, եւ 1820-ից 2002 թվականը ընկած ժամանակահատվածում այնտեղ ապրող հայերի թիվը եղել է ընդհանուր 656-ը, որից մոտ 184-ն է Սինգապուրում ապրել ավելի քան 25 տարի, եւ 12 ընտանիք միայն այնտեղ թոռներ է ունեցել: [1]
«Հին սերնդից վերջին հայը վախճանվեց 2009-ին: Այժմ էլ 40-ից պակաս հայեր են ապրում այնտեղ: Հայաստանից Սինգապուր տեղափոխված առաջին հայը մի բժիշկ էր, որն իր ընտանիքի հետ 2002-ին մի տարի այնտեղ ապրելուց հետո վերադարձավ Երեւան: Մալայզիայում պատկերը գրեթե նույնն է», պատմում է Ռայթը, որը ներկայումս Մելբուռնի համալսարանում պատրաստվում է դոկտորական թեզ պաշտպանել պատմության գծով:
Ռայթը ծնվել է Նոր Զելանդիայում: Մայրը հայ է եղել, անունըՙ Վարսենիկ Դոքմեջյան: Հայրըՙ Ջեկ Մեյլքը, նորզելանդացի է, որը Վարսենիկին հանդիպել է Եգիպտոսում: Վարսենիկի ծնողները ցեղասպանության տարիներին Ամասիայից (Թուրքիա) տեղափոխվել են Եգիպտոս եւ հաստատվել Ալեքսանդրիայում:
«Նրանից ես ժառանգել եմ հայկական արմատներս, բայց քանի որ Նոր Զելանդիայում քիչ հայեր կան, ես հայերեն չեմ կարողացել սովորել: Գիտեմ ընդամենը մի քանի բառ: Բայց մորիցս լսելով անցյալ դարասկզբին կատարվածի մասին, ես միշտ հետաքրքրվել եմ հայերով: Առաջին հային (մորիցս բացի) հանդիպել եմ 16 տարեկանում, երբ Ֆրանսիայից մոտակա քաղաք էր այցելել մեկը, որին մայրս փութաջանորեն հրավիրեց մեր տուն: Հայաստան կուզենայի այցելել, բայց Ամասիան ինձ ավելի է գրավում», պատմում է Ռայթը:
Սինգապուրում հայերի գոյության պատմությամբ սկսել է հետաքրքրվել 1985-ից, երբ նրա ամուսնուն այնտեղ պաշտոն են առաջարկել, եւ քանի որ Սինգապուրի հետ առաջին կապ հաստատողները Մալակկայի եւ Պինանգի (Մալայզիայի նահանգներ) առեւտրականներ են եղել, իր ուսումնասիրությունները նաեւ կատարել է Մալայզիայում:
Հայերը Սինգապուրում հաստատվել են նախքան 1915-ի Եղեռնըՙ մեծ մասամբ գալով Պարսկաստանից, Հնդկաստանից եւ Ճավայից: Հայկական համայնքի առկայությունը նպաստել է, որ տեղական մամուլը բավական մանրամասնություններով անդրադառնա 1890-ական եւ հետագայում 1909-ի եւ 1915-ի ողբերգական իրադարձություններին:
Այդ ժամանակ բրիտանական գաղութներ Մալակկա եւ Պինանգ քաղաքներում հայերը ինտեգրվել են տեղի եվրոպական համայնքներին, եւ օտար ազգերի ներկայացուցիչների հետ ամուսնությունները տարածված են եղել: 1960-ականներին մոտ 60 հայեր կամ մասամբ հայեր ապրել են Սինգապուրում: «Զրուցել եմ մարդկանց հետ, որոնք միակողմանի (մոր կամ հոր կողմից) հայկական արմատներ են ունեցել: Բայց այսօրվա երիտասարդ սինգապուրցիները ոչինչ չգիտեն հայերի կամ Հայաստանի մասին: Փոքրամասնության ջանքերով փորձ է արվում վերակենդանացնելու հետաքրքրությունը հայկական արմատների որոնման աշխատանքներում», ասում է Ռայթը, որը հեղինակ է թերթերում եւ ամսագրերում տպագրված մի շարք հոդվածների, ինչպես նաեւ համահեղինակը «Վանդա միսս Ջոակիմ: Սինգապուրի ազգային ծաղիկը եւ Ագնեսի ու Ռիդլիի ժառանգությունը» գրքի: 2003-ին լույս ընծայված «Հարգարժան քաղաքացիներ: Հայերի պատմությունը Սինգապուրում եւ Մալայզիայում» հատորում նա խոսում է այն մասին, որ Սինգապուրի սրբազան արժեքներից չորսն ունեն հայկական ծագում:

Սինգապուրյան խոլորձըՙ վանդանԱշխարհում վանդայի (սինգապուրյան խոլորձ) առաջին հիբրիդի մշակումը կատարել է Աշխեն Հովակիմյանը կամ, անգլերեն տարբերակով, Ագնես Ջոակիմը (Իոակիմ) 1880-ական թվերին: Աշխենը ծնվել է Սինգապուրում 1854 թվին: Ծաղիկը, որը նրա անունով կոչել են «վանդա միսս Ջոակիմ» կամ «սինգապուրյան խոլորձ», մեծ ժողովրդականություն է վայելել Սինգապուրից բացի նաեւ Ֆիլիպիններում եւ Հավայան կղզիներում, այնուհետեւ նաեւ արտահանվել է Եվրոպա, եւ մրցանակներ շահել: 1899-ին կայացած «Ծաղկի տոնահանդեսում» Աշխեն Հովակիմյանի խոլորձը առաջին մրցանակի է արժանացել որպես «ամենահազվագյուտ խոլորձ»: Իր հաջողության համար Աշխենը նույնպես գովասանական խոսքերի է արժանացել, բայց անողոք հիվանդությանՙ քաղցկեղի հետեւանքով նրա կյանքի թելը վաղաժամ ընդհատվել է երեք ամիս անց: 1947-ին երկրի նորաստեղծ «Առաջադիմական» կուսակցությունը վանդան ընտրել է որպես իր խորհրդանիշը, իսկ ավելի ուշՙ 1981-ին Աշխենի խոլորձը ներկայացված 40 այլ ծաղիկների թվում ընտրվել է որպես «Սինգապուրի ազգային ծաղիկ»: Ռայթն իր գրքում գրում է, որ Աշխենն աշխարհում առաջին կինն է, որ խոլորձի հիբրիդ է մշակել-աճեցրել:

«Ռեֆլզ» հյուրանոցըՍպահանից (Իրան) Սինգապուր տեղափոխված Մարին, Տիգրան, Ավետ եւ Արշակ-Սարգիս եղբայրները ամենահայտնի հյուրանոցի տերերն են եղել արեւելքում: Մոտ 50 տարի շարունակ Պինանգում կառուցած նրանց հյուրանոցներըՙ «Արեւելյան» (Eastern), «Օրիենտալ» (Oriental) եւ «Քրեգ» անվանումներով առաջատար դիրք են զբաղեցրել Սթրեյթս Սեթըլմենտսի ամբողջ տարածքում: Ռանգունում (Մյանմարի խոշորագույն քաղաքը) «Ստրենտ հոթելը» նույնպես նրանց է պատկանում: Իսկ Սինգապուրում բարձրացված իրենց հյուրանոցը եղբայրները կոչել են Սինգապուրի հիմնադիր Ստեմֆորդ Ռեֆլզի անունով: Հյուրանոցի համբավը ավելացել է 1899-ին նոր մասնաշենքի կառուցումով եւ շուտով դարձել է ամենահեղինակավորը տարածաշրջանում: Այնտեղ են հյուրընկալվել արքայական ընտանիքների պատվիրակությունները: Հյուրանոցն ունեցել է էլեկտրականության եւ ջրի մատակարարման սեփական աղբյուրները:
1931-ին եղբայրները սնանկացել են, «Ռեֆլզ» հյուրանոցը անցել է դատական կատարածուի ձեռքը, սակայն շուտով վերագտել է իր «սոցիալական դիրքը» սեփականատերերի եւ աշխատակազմի հայ անդամների ջանքերով:
Գրական գործերում եւ ճանապարհորդների հուշագրություններում բազմիցս մեջբերված հյուրանոցը, որը 1987-ին հռչակվել է «ազգային հուշարձան» եւ հիմնական վերանորոգումից հետո վերաբացվել 1991-ին, «այսօր շարունակում է դասվել աշխարհի խոշորագույն հյուրանոցների շարքում»ՙ ըստ Ռայթի:

Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին1835-ին կառուցված հայկական առաքելական Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ամենահին քրիստոնեական եկեղեցին է Սինգապուրում եւ տարածաշրջանում գործող երկու եկեղեցիներից մեկը: Մյուսը Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին է Ռանգունումՙ Բիրմայի Հանրապետությունում, գործում է 1862-ից:
Սբ Գրիգոր Լուսավորիչը կառուցվել է 1830-ականներին Սինգապուրում ապրող 10 հայ ընտանիքների ջանքերով, որոնց նյութապես օժանդակել են Հնդկաստանում եւ Ճավայում ապրող մեծահարուստ հայերը: Ռայթի նկարագրությամբ եկեղեցին արտաքնապես հայկական տեսք չունի, բայց ներքին ձեւավորումն ու զարդանախշերը վկայում են հին ավանդական հայկական ճարտարապետության մասին: Եկեղեցին համարվում է երկրի տեսարժան վայրերից մեկը: Այնտեղ ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում եկեղեցական արարողություններ, ծիսակատարություններ, հարսանիքներ եւ մշակութային հանդիսություններ: 2011-ի մարտին նշվելու է եկեղեցու կառուցման 175-րդ տարեդարձը:

«Սթրեյթս թայմս» թերթը եւ Քաջիկ ՄովսեսյանըՍինգապուրի ամենաշատ կարդացվող թերթը «Սթրեյթս թայմսն» է, որի կայքը նշում է, որ տարածաշրջանում անգլերեն լեզվով հրատարակվող ամենահին օրաթերթն է, սակայն չի նշում, որ թերթի հիմնադիրը 1845 թվին եղել է հայկական համայնքի երեւելի անդամներիցՙ առեւտրական Քաջիկ Մովսեսը (Մովսեսյան): Տպագրական սարքավորումները Անգլիայից պատվիրում է նրա ընկերըՙ Մարտիրոս Աբգարը, բայց վերջինիս ընկերության (Աբգար եւ ընկերություն) խորտակումից հետո Քաջիկն իր ընկերոջ օգնության է հասնում եւ տեր կանգնելով տպարանինՙ Ռոբերտ Վուդսին նշանակում թերթի խմբագիր: Մի տարի անց, սակայն, նկատելով, որ ֆինանսական տեսակետից շահութաբեր չէ, նա թերթը վաճառում է Ռոբերտ Վուդսին:
«Պատմական գաղտնիքները բացահայտելը եւ նորանոր տեղեկություններ հայտնաբերելը չափազանց հետաքրքրական եւ հրապուրիչ է: Իսկ ընթերցողներից, որոնք մինչ այդ անծանոթ էին Սինգապուրում ապրող հայերի պատմությանը, նամակներ ստանալըՙ հաճելի: Նրանցից ոմանք իրենց ընտանիքների պատմությունն են հայտնաբերել իմ գրքում», տեղեկացնում է Ռայթը, որը 44 հայ ընտանիքների հետ է գործակցել իր հետազոտությունները ավարտին հասցնելու համար:
(1) Ըստ Հայկական սովետական հանրագիտարանի (հատոր 10, էջ 389), «Հայերը Սինգապուրում հաստատվել են 18-րդ դ. վերջին: Եկել են հիմնականում Հնդկաստանից եւ Մալակկայից: Մալակկայից եկած հայերի թիվն այնքան մեծ էր, որ .... բնակված փողոցները կոչվել են Հայկական, Սարգսյան, Մարտիրոսյան: Համայնքի ներքին կյանքը կարգավորել է ազգ. ժողովը, որն ամեն տարի ընտրել է վարչություն: Լույս է տեսել «Ուսումնասեր» կիսամյա պարբերականը: 19-րդ դ. կեսին հիմնվել է երկու տպարանՙ «Արփի» եւ «Մասիս»: 1917-ին հիմնվել է ՀԲԸՄ-ի մասնաճյուղը»:
Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ
«ԱԶԳ», 08-03-2011

No comments: