Tert.am. 29-3-2011- Արդեն մի քանի օր է, ինչ Թուրքիայի տարածքում «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության և Ժողովրդավարական հասարակության կոնգրեսի առաջնորդությամբ քաղաքացիական անհնազանդության շրջանակում շարունակվում են զանգվածային նստացույցերը։ Այս մասին են տեղեկացնում թուրքական լրատվամիջոցները։Երեկ քրդերն ակցիա են կազմակերպել նաև Ստամբուլում։ Ակցիայի մասնակիցներին այցելել և իր աջակցությունն է հայտնել «Ակօս» շաբաթաթերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի այրին՝ Ռաքել Դինքը։
«Ես երեք լեզու գիտեմ՝ հայերեն, քրդերեն և թուրքերեն։ Այս երեք լեզուներն իմ մեջ գոյակցում են առանց միմյանց բախվելու։ Իմ ցանկությունն է, որպեսզի Թուրքիայի Հանրապետությունում գոյություն ունեցող լեզուներն առանց միմյանց բախվելու, առանց վիճելու խաղաղ գոյակցեն»,– ասել է Ռաքել Դինքը։
Հիշեցնենք, որ օրերս «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության և Ժողովրդավարական հասարակության կոնգրեսի առաջնորդները քաղաքացիական անհնազանդության մասին որոշում են կայացրել, որի շրջանակում անժամկետ զանգվածային նստացույցեր են անցկացվում Թուրքիայի քրդաբնակ շրջաններում։
Քուրդ քաղաքական գործիչները քրդական հարցի կարգավորման առնչությամբ 4 նախապայման են առաջ քաշել Անկարային, որոնց կատարման դեպքում միայն կդադարեցվեն ակցիաները։
«Մենք իշխանություններին քրդական հարցի կարգավորման համար առաջարկում ենք իրականացնել հետևյալ քայլերը՝ քրդերենով ուսուցում, քաղբանտարկյալների ազատ արձակում, ռազմական և քաղաքական գործողությունների անհապաղ դադարեցում և ընտրական 10%-անոց շեմի իջեցում։ Եվ քանի դեռ իշխանությունները չեն իրականացրել այս 4 պահանջները, մենք մեր ժողովրդի հետ միասին, նրա կողքին շարունակելու ենք ակցիաներ անցկացնել»,– հայտարարել է «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment