Monday, March 7, 2011

Հայաստանը զբոսաշրջության առումով առաջ է գնացել, բայց զիջում է հարևաններին

Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է «2011թ. Զբոսաշրջության մրցունակության զեկույցը», որն աշխարհի 139 երկրների զբոսաշրջության ոլորտների մրցունակության մանրակրկիտ վերլուծություն է: Հայաստանն ըստ «2011թ. Զբոսաշրջության մրցունակության զեկույցի», զբոսաշրջության մրցունակությամբ 90-րդն է 139 երկրների շարքում
Ըստ Զբոսաշրջության մրցունակության համաթվի, Հայաստանի դիրքը 1 տեղով բարձրացել է 2009 թվականի հետ համեմատած: Հայաստանը չորրորդ անգամն է, ինչ ներգրավվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրատարակվող Զբոսաշրջության մրցունակության զեկույցում: Զբոսաշրջության ոլորտում աշխարհի ամենամրցունակ երկիրների ցանկն այս տարի գլխավորում են Շվեյցարիան, Գերմանիան և Ֆրանսիան: Մրցունակությամբ ամենաթույլ երկրներն են Չադը, Անգոլան և Բուրունդին:


Զբոսաշրջության մրցունակության համաթիվ

Զբոսաշրջության մրցունակության համաթիվը, որը համակողմանիորեն գնահատում է երկրների մրցունակությունը զբոսաշրջության բնագավառում, բաղկացած է 3 ենթահամաթվերից, որոնք հաշվարկվում են 14 հենասյուների գնահատականների հիման վրա:


Զբոսաշրջության կանոնակարգող դաշտ

Այս ենթահամաթվի առումով Հայաստանի դիրքը մնացել է անփոփոխ (58-րդ տեղ): Հայաստանում վիճակը բավականին բարվոք է ապահովության եւ անվտանգության, ինչպես նաև սանիտարահիգիենիկ պայմանների եւ առողջապահության առումով, սակայն դեռեւս լուրջ խնդիր է շրջակա միջավայրի պաշտպանությունը: Հայաստանի դիրքի վրա բացասաբար են ազդել շրջակա միջավայրի օրենսդրության խստության եւ կիրառման ցածր մակարդակը (120 եւ 126-րդ տեղեր), վիզայի պահանջները (126–րդ տեղ), շրջակա միջավայրին վերաբերող կոնվենցիաներին մասնակցության սահմանափակությունը (108-րդ տեղ), ոստիկանության վստահելիության ցածր աստիճանը (112-րդ տեղ) եւ օդային հաղորդակցության բնագավառում երկկողմ համաձայնագրերի սահմանափակ քանակը (91–րդ տեղ): Էական բարելավում է արձանագրվել պետական քաղաքականության թափանցիկության բարձրացման ցուցանիշով (103-րդից 53-րդ տեղ):


Զբոսաշրջության բիզնես միջավայր եւ ենթակառուցվածք

Հայաստանի դիրքը զբոսաշրջության բիզնես միջավայրի եւ ենթակառուցվածքի ենթահամաթվի առումով բարելավվել է 5 տեղով: Դրան էապես նպաստել է զբոսաշրջության ենթակառուցվածքների հենասյուների գնահատականների բարելավումը: Ըստ զեկույցի` բիզնես միջավայրի եւ ենթակառուցվածքի առումով Հայաստանի միակ առավելությունն է զբոսաշրջության ոլորտի գնային մրցունակությունը, որը սակայն նվազել է նախորդ տարվա համեմատ: Հայաստանը էապես զիջել է դիրքերը հյուրանոցների գների (64-րդից 82-րդ տեղ), վերգետնյա ճանապարհային ցանցի որակի (60-րդից 81-րդ տեղ) համաթվերի տեսանկյունից: Ուշագրավ բարելավումներից է մեքենաների վարձույթով զբաղվող միջազգային հայտնի ընկերությունների ներկայության համաթվի աճը (95-րդից 80-րդ տեղ):

Հայաստանն այլ երկրներին զիջում է տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ցածր մակարդակի առումով: Օդային եւ վերգետնյա տրանսպորտի ենթակառուցվածքը, թեեւ գրանցել է որոշակի առաջընթաց նախորդ տարվա համեմատ, սակայն հանդիսանում են Հայաստանի հիմնական մրցակցային թերություններից:


Զբոսաշրջության մարդկային, մշակութային եւ բնական ռեսուրսներ

Այս ենթահամաթվի առումով Հայաստանի դիրքը նվազել է 5 տեղով: Հայաստանի մրցակցային առավելություններից է բնակչության բաց եւ բարեհամբույր վերաբերմունքն օտարերկրյա այցելուների նկատմամբ (զբոսաշրջության հանդեպ բացության համաթվով Հայաստանը զբաղեցնում է 33 տեղը): Դրանով հանդերձ, սակայն, այս տարի էական հետընթաց է արձանագրվել գործարար այցելությունների ընթացքում հարակից զբոսաշրջային ծառայությունների առաջարկի մասով (31-ից 61-րդ տեղ):

Աշխատաշուկայի ճկունությունը (աշխատակիցների աշխատանքի ընդունման եւ ազատման դյուրինությունը) շարունակում է բարձր պահել մարդկային ռեսուրսների օգտագործման գծով մրցունակությունը, այսուհանդերձ լուրջ խնդիր է մնում աշխատուժի կրթման և զարգացման ենթակառուցվածքը: Մի կողմից կրթական հաստատությունները չեն կարող ապահովել համապատասխան որակավորմամբ մասնագետներ (կրթական համակարգի որակով Հայաստանը զբաղեցնում է 115-րդ, իսկ վերապատրաստման և հետազոտական ծառայությունների հասանելիությամբ 124-րդ տեղերը), մյուս կողմից ընկերություններն իրենք բավարար ներդրումներ չեն կատարում աշխատակիցների վերապատրաստման համար (աշխատակիցների վերապատրաստման մակարդակով Հայաստանը զբաղեցնում է116-րդ տեղը):

«Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոն

§Տնտեսություն և արժեքներ¦ հետազոտական կենտրոնը, որպես Համաշխարհային տնտեսական ֆորումի գործընկեր կազմակերպություն Հայաստանում, մասնակցում է վերջինիս կողմից պատրաստվող զեկույցներին:

No comments: