Monday, March 7, 2011

Սոչիի հանդիպմանը քննարկվել է ոչ թե բուն ԼՂ խնդիրը, այլ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը. Ստեփան Սաֆարյան

News.am. 7-3-2011- Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների` Սոչիում տեղի ունեցած հանդիպումից պետք չէ ակնկալիքներ ունենալ ԼՂ կարգավորման գործընթացում, քանի որ այդ հանդիպման նպատակը տարածաշրջանում իրավիճակի լարվածությունը թուլացնելն էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: «Սանկտպետերբուրգյան հանդիպումից հետո, որին հետեւեցին Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողություններն ու հայ զինծառայողների սպանությունը, ակնհայտ է, որ հակամարտող երկրների ամեն հերթական հանդիպման ժամանակ քննարկվում է ոչ թե բուն Ղարաբաղյան խնդիրը, այլ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Հետեւաբար, խնդրի կարգավորման առումով որեւէ ակնկալիք պետք չէ ունենալ կողմերի հանդիպումներից, եթե դրանց ժամանակ քննարկվում են տարածաշրջանային իրավիճակի ելքերը»,-նշեց պատգամավորը:
Ինչ վերաբերում է Սոչիի հանդիպման ընթացքում ստորագրված հայտարարության այն կետին, թե «կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ», Սաֆարյանն ասաց. «Եթե խոսքը գնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասին, ապա նրանք իսկապես կարող են աջակցել հետաքննության անցկացմանը: Սակայն հստակ չէ, թե ինչպե՞ս է անցկացվելու այդ հետաքննությունը»,-նկատեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանական Հանրապետության նախագահները ՌԴ նախագահի հրավերով 2011թ. մարտի 5-ին հանդիպեցին Սոչիում եւ հանգամանորեն քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքն ու հեռանկարները:
Քննարկելով 2010թ. հոկտեմբերի 27-ին Աստրախանում ընդունված եռակողմ հայտարարության գործնական կիրառման հարցերը` նախագահները, ի լրումն դրանում նախատեսված միջոցառումների, պայմանավորվեցին վստահության հետագա ամրապնդման հետեւյալ քայլերի մասին.
1.Ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը
2.Ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով եւ կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ:
Նախագահներն ընդգծեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով իրենց պարբերական շփումների կարեւոր նշանակությունը եւ պայմանավորվեցին շարունակել դրանք այդ ձեւաչափով ` ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի»:

No comments: