Sunday, March 6, 2011

Ռուսաստանի նախագահն անձամբ է լուսանկարել Սերժ Սարգսյանին ու Իլհամ Ալիեւին

News.am. 5-3-2011-Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ով բազմիցս տարբեր երկրներ իր այցելությունների ժամանակ իր անձնական արխիվի համար լուսանկարներ է արել, մարտի 5-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ «Կրասնայա Պոլյանա» լեռնադահուկային հանգստավայրում չի դավաճանել իր այդ սովորությանը:
Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, երեք երկրների հանդիպման պաշտոնական մասից հետո, երբ քաղաքական գործիչները հանել են փողկապները եւ հագել մարզական հագուստ, Դմիտրի Մեդվեդեւը մի քանի անգամ լուսանկարել է Սերժ Սարգսյանին ու Իլհամ Ալիեւին միասին:
Այնուհետեւ Մեդվեդեւը իր հայ եւ ադրբեջանցի գործընկերներին ցույց է տվել իր նկարածը:
Հիշեցնենք, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները բանակցությունների պաշտոնական մասից հետո, որի արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, շարունակել են շփումը ոչ ֆորմալ մթնոլորտում:
Նրանք հանդիպել են «Կրասնայա Պոլյանա» լեռնադահուկային բլուրներից մեկի ստորոտին եւ միասին սուրճ խմել: Այնուհետեւ նախագահները ճոպանուղիով բարձրացել են Պսեխակո լեռը:
Երեկոյան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն առանձին-առանձին հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանդիպումից հետո նախագահները լքել են Ռուսաստանը:

No comments: