Saturday, March 5, 2011

ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ԱՍՈՐԻՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԱՌԹԻՎ

Ասորի հասարակայնությունը ոգեւորվել էր, երբ 2009-ին տեղեկություն էր հրապարակվել, որ ««Աթուր» ասորական միությունը» (ղեկավարՙ Արսեն Միխայլով) ոչ կառավարական կազմակերպության նախաձեռնությամբ Երեւանի քաղաքապետարանը հողակտոր է հատկացրել ասորի ժողովրդի 1915 թ. ցեղասպանության զոհերի հուշարձանի կառուցման համար:
Բայց, ցավոք, «Աթուր» միության ղեկավարության հետագա քայլերը տարակուսանք առաջացրին: Երեւանի քաղաքապետարանին ներկայացվեց եւ ավելի ուշ քաղաքապետարանում հաստատվեց հուշարձանի նախագիծ (էսքիզ), որը ոչ միայն մրցութային ընտրության չէր ենթարկվել, այլեւ չէր հրապարակվել հանրային դիտման համար: Ուստի 2010-ի հունիսին էսքիզի հրապարակման հարցը ինտերնետ-կոնֆերանսի միջոցով դարձավ Ասորիների միջազգային համակարգիչ խորհրդի (ԱՄՀԽ) քննարկման առարկա: ԱՄՀԽ անդամների համառ պահանջով տվյալ նախագիծը հրապարակվեց:
Հայաստանի, մերձավոր եւ հեռավոր արտասահմանի ասորիները կտրուկ քննադատության ենթարկեցին նախագիծը: ԱՄՀԽ անդամները եւ առանձին մասնագետներ սկսեցին Երեւանի քաղաքապետարանը հեղեղել իրենց զայրալից նամակներով: Բերենք տվյալ էսքիզի վերաբերյալ նրանց միայն որոշ գնահատականներ եւ խոսքեր.
- «Դրանում արտացոլված չեն հիմնական գաղափարներըՙ ցեղասպանության ողբերգությունը եւ ավանդական ասորական քանդակագործությանը ներհատուկ բնորոշ գծերը, որոնք ցույց կտային համալիրի պատկանելությունն ասորական մշակույթին» (Երեւանի քաղաքապետին Ուկրաինայի նկարիչների միության Նիկոլաեւի ազգային կազմակերպության անդամներ Ե. Ի. Միրզոեւի եւ Ռ. Ե. Միրզոեւի ուղարկած նամակից):
- «Հուշարձանի հաստատված էսքիզը գեղարվեստական եւ իմաստային առումներով շատ թույլ է եւ ոչ պրոֆեսիոնալ: Ես որպես արեւելագետ եւ լրագրող չեմ հասկանում, թե ինչու այս նախագիծը չդրվեց բաց քննարկման եւ չդարձավ մրցութային, ինչպես դա տեղի է ունենում ամբողջ աշխարհում նման մասշտաբի ու նշանակալիության նախագծերի հետ» (Երեւանի քաղաքապետին www.atranews.com կայքի (Չիկագո, ԱՄՆ) գլխ. խմբագիր Վ. Շումանովի գրած նամակից):
- «Մենք վստահ ենք, որ Դուք անկարող եք չկիսել մեր լուրջ մտահոգությունն այն փաստի առթիվ, որ Երեւանի գլխավոր ճարտարապետը հաստատել է ասորիների ցեղասպանության զոհերի հուշարձանի խիստ անհաջող նախագիծ, որը միանգամայն անարտահայտիչ է, չի արտացոլում մեր վշտի խորությունը եւ իրադարձությունների ողբերգականությունը: Տվյալ նախագծին համապատասխան հուշարձան կառուցելը... կլիներ մեր էթնիկական զգացումների անարգում: Բացի դրանից, հուշարձանի այդ նախագիծը խախտում է Երեւանում գեղարվեստական բարձր արժանիքներով աչքի ընկնող եւ քաղաքին անկրկնելի տեսք տվող հուշարձանների կառուցման ավանդույթները, ինչը հազիվ թե անտարբեր թողնի հարազատ քաղաքը սիրող երեւանցուն: Մենք բնավ չէինք ուզենա, որ երեւանցիները անհաջող ճարտարապետական լուծումը զուգորդեին ասորիների հետ:
... Ասորիներն ըստ արժանվույն գնահատում են Հայաստանի արդի մայրաքաղաքի հոգեւոր ու մտավոր մթնոլորտի ներգործությունը նրա բոլոր ազգությունների բնակիչների վրա:
Անշուշտ, մենք իրավունք չունենք Ձեզ պարտադրելու մեր կարծիքը, բայց նաեւ չենք կարող անտարբեր մնալ տվյալ իրավիճակում: Շատ երկրների ասորիներ քանիցս ցանկություն են հայտնել միջոցներ փոխանցելու հուշարձանի շինարարությանը: Նման համատեղ գործունեությունը հարկավոր է ոչ միայն հուշարձանի բուն շինարարության, այլեւ աշխարհով մեկ սփռված ժողովրդի համախմբվածության պահպանման համար: Ցավոք, հուշարձանի հաստատված նախագիծը տեսնելովՙ արտերկրի ասորիները ստիպված հրաժարվում են դրա մասնային ֆինանսավորման ծրագրերից:
Տվյալ իրավիճակից միակ ելքը կլիներ նախագծի հաստատման լայնընդգրկուն հանձնաժողովի ստեղծումն ազնիվ եւ բաց մրցույթի հիման վրա: Հանձնաժողովը պետք է բաղկացած լինի Հայաստանի ասորիների մեջ հեղինակություն վայելող մարդկանցից, ինչպես նաեւ մասնագետներիցՙ նկարիչներից, քանդակագործներից, ճարտարապետներից: Իհարկե, նման հանձնաժողովում վճռական ձայնի իրավունք պետք է ունենան Հայաստանի քաղաքացիները, նախ եւ առաջՙ հենց Երեւանի բնակիչները: Հուշարձանի կառուցմանն ուղղված միջոցների հանգանակությունը պետք է լինի ազնիվ եւ բացահայտ:
Մենք խորին գոհունակությամբ տեղեկացանք, որ Հայաստանում արդեն կազմակերպվել է նախաձեռնող խումբ, որը հանդես է գալիս վերոհիշյալ սկզբունքների հիման վրա հարցի լուծման օգտին:
Թախանձագին խնդրում ենք պաշտպանել մրցույթի հիման վրա հուշարձանի նախագիծը հաստատելու նախաձեռնությունը, ինչը երախտագիտությամբ կընկալվի տարբեր երկրների ասորիների կողմից եւ թույլ կտա ընդունել ձեր գեղեցիկ քաղաքի դիմագծի համար լավագույն ճարտարապետական լուծումներ» (Երեւանի քաղաքապետին Մոսկվայի ասորիների տարածաշրջանային ազգամշակութային ինքնավարության նախագահ, պատմական գիտությունների թեկնածու Ի. Յու. Զայայի ուղարկած նամակից):
ԱՄՀԽ-ն տվյալ էսքիզի իրականության անթույլատրելիության վերաբերյալ կարծիք էր արտահայտել եւ «Աթուր» միության ղեկավարությունն առաջարկել էր քաղաքապետարանին դիմել խնդրանքովՙ չեղյալ հայտարարելու տվյալ էսքիզի հաստատման որոշումը եւ նախագծերի բաց մրցույթ հայտարարելու 1915-ի ասորիների ցեղասպանության զոհերի հուշարձան կանգնեցնելու համար:
Ցավոք, «Աթուր» միության ղեկավարությունը անուշադրության էր մատնել միջազգային ասորական հասարակայնության բազմաթիվ ներկայացուցիչների կարծիքը: Այդ պատճառով 2010 թ. նոյեմբերի 6-ին ստեղծվեց «Ասորի ժողովրդի 1915 թ. ցեղասպանության անմեղ զոհերի հուշարձան կանգնեցնելու» հարցով զբաղվող հանձնաժողով (այսուհետեւՙ Հանձնաժողով), քանի որ «ասորիների ցեղասպանության զոհերիՙ Հայաստանում կանգնեցված հուշարձանը կարող է ունենալ անհամեմատ ավելի մեծ նշանակալիություն, քան աշխարհի որեւէ այլ երկրում կանգնեցված նույնպիսի հուշարձանը» (Երեւանի քաղաքապետին Ուկրաինայի ասորիների միության փոխնախագահ Գ. Բ. Բադարիի ուղարկած նամակից):
Հանձնաժողովի աշխատանքին մասնակցելու են հրավիրվել Հայաստանի Հանրապետության ասորիների հասարակական եւ կրոնական կազմակերպությունների, ՀՀ ասորական միավորումների ներկայացուցիչներ, ասորիների համահավաք բնակության վայրերի, արտերկրի ասորական սփյուռքի հասարակական եւ կրոնական կազմակերպությունների վաստակավոր ասորի գործիչներ:
Նաեւ մշակվել է Հանձնաժողովի կանոնադրություն, որտեղ մասնավորապես նշված է.
«1. Ֆինանսական հաշվետվություն եւ պարզաբանումներ պահանջել
- հուշարձանի կառուցման նպատակով հավաքված միջոցների հանգանակման ու ծախսման վերաբերյալ,
- համապատասխան մարմիններին դիմել հուշարձանի տեղադրման նախագծի կետերի խախտումների, միջոցների ոչ նպատակային ծախսման եւ թաքուցման դեպքերում:
2. Հանձնաժողովը պարտավոր է հաշվետվություններ հրապարակել հուշարձանի տեղադրմանն ուղղված միջոցների հանգանակության վերաբերյալ»:
Երեւանում կանգնեցվելիք հուշարձանի մասին աշխարհի ասորի հասարակայնությանն առավել ճշգրիտ տեղեկացնելու եւ նրա հնարավորինս լայն մասնակցությունն ապահովելու նպատակով Հանձնաժողովը կազմվել է.
- վճռական ձայնի իրավունք ունեցող Հանձնաժողովից, որը բաղկացած է Հայաստանի ասորի ազգության քաղաքացիներից,
- խորհրդակցական ձայնի իրավունք ունեցող Միջազգային հանձնաժողովից, որը բաղկացած է արտերկրի ասորական սփյուռքից, այսինքնՙ ոչ Հայաստանի քաղաքացիներից:
Հանձնաժողովի հերթական նիստում որոշում ընդունվեց Երեւանի քաղաքապետին դիմել հուշարձանի նախագծի հաստատման որոշումը չեղյալ հայտարարելու խնդրանքով, որպեսզի հայտարարվի ասորի ժողովրդի 1915 թ. ցեղասպանության անմեղ զոհերի հուշարձանի լավագույն նախագծի մրցույթ, հաշվի առնելով, որ քաղաքապետարանի հաստատած նախագծով հուշարձանի կառուցումն անթույլատրելի է, քանզի.
1. նման հուշարձանի կառուցումը վերաբերում է ոչ միայն Հայաստանի ասորիներին, աշխարհի ասորի հասարակայնությանը, այլեւ անմիջականորեն Երեւանի քաղաքացիներին, ուստի այդօրինակ հուշարձանը չի ներգծվի Հայաստանի մայրաքաղաքի ճարտարապետության մեջ եւ կփչացնի նրա տեսքը, եւ երեւանցիներն անհաջող ճարտարապետական կառույցը կզուգորդեն ասորի ժողովրդի հետ, ինչը պարզապես անթույլատրելի է:
2. Գեղարվեստական տեսակետից թույլ եւ ոչ պրոֆեսիոնալ հուշարձանի կանգնեցումը կվիրավորեր մեր էթնիկական զգացումները:
3. Նման կառույցի տեղադրումը մենք կարող ենք համարել ասորի ժողովրդի մշակութային եւ հոգեւոր ժառանգությունը նսեմացնող կանխամտածված քարոզչություն:
ԻՐԻՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Հայաստանի ասորական կազմակերպությունների «Խայադտա» ֆեդերացիայի նախագահ

No comments: