Monday, March 28, 2011

Րաֆֆի Հովհաննիսյանն ակնկալում է գոնե հասարակական գիտակցության և ոգու փոփոխություն

Tert.am, 27.03.11թ.: Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Tert.am–ի հետ զրույցում նշեց, որ իր ակցիայի արդյունքում ակնկալում է եթե ոչ քաղաքական, ապա գոնե հասարակական գիտակցության և ոգու փոփոխություն։
«Երբ ես մտա հրապարակ՝պետական դրոշով զինված, առաջին հերթին ես ուզում էի ինձ հավատարիմ մնալ»,– նշեց Հովհաննիսյանը՝ կարևորելով այն, որ այս օրերին ժողովուրդը նորից տիրացավ Ազատության հրապարակին։ «Այս հրապարակի վերատիրացումը ոչ Րաֆֆու, ոչ էլ որևէ ուրիշ մեկի հեղինակային աշխատանքն է, այլ ժողովրդինն է, և դրա ապացույցն այն է, որ վերջին տասնօրյակի ընթացքում ինքը ժողովուրդն իրավատեր դարձավ Ազատության հրապարակին, այն դարձրեց ոչ միայն զորակցության, այլև բանավեճի, քաղաքական տեսակետների բախման, ազատության կենտրոն։ Սրանք այն չափանիշներն են, որ ինձ համար կարևոր են»,– ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Հարցին, թե ԱԺ նախագահի այցից հետո հույս կա՞, որ իշխանությունները կարձագանքեն առաջ քաշված պահանջներին, «Ժառանգության» առաջնորդը պատասխանեց. «Իմ հույսն ու հավատն ինձ հուշում են դրական պատասխան, իսկ իմ գիտակցական պատմականությունը հուշում է, որ պետք չէ որևէ պատրանք տածել, որ իշխանությունների վճռականությունը, խիղճը և պետության նկատմամբ պատասխանատվությունը փոխվել է այս ընթացքում»։
Անդրադառնալով Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանի այն հայտարարությանը, թե նախագահն իր խորհրդականներից որևէ մեկին չի ուղարկել Րաֆֆի Հովհաննիսյանին հանդիպելու, «Ժառանգության» առաջնորդն ասաց. «Դա ուղղակի ֆանտաստիկ է, ֆանտաստիկայի ոլորտից է։ Դա նշանակում է, որ ինչ–որ տեղ մեր իշխանական կառավարման և հաղորդակցության միջոցներում կա ինչ–որ մի բաց, կամ էլ այն մարդը, որ ինձ մոտեցավ Յուրի Վարդանյանի անունից, ինքն ուղղակի նմանակում էր նախագահի նստավայրի ներկայացուցչին»։

No comments: