Monday, March 7, 2011

Ի՞նչ է ուզում ասել քաղաքագետը

Քաղաքագետ Մանվել Սարգսյանի մտքերն ու վերլուծությունները կարելի է ընդունել կամ չընդունել, սակայն այն, որ նա համարվում է Արցախի հիմնախնդրի հարցով ամենաճանաչված և հեղինակավոր փորձագետներից մեկը, կարծես թե հայտնի է բոլորին: Երեկ, սակայն, քաղաքագետը հարցազրույց է տվել Times.am էլեկտրոնային կայքին և արտահայտել մտքեր, որոնք, մեղմ ասած, տարակուսանքի տեղիք են տալիս:
Մանվել Սարգսյանը սկզբում նշել է, որ մենք պետք է ճանաչենք ԼՂՀ անկախությունը, նոր ինչ-որ բան պահանջենք ուրիշներից: Այս տեսակետը կարծես թե նոր չէ շրջանառության մեջ, և ունի բազում քննադատներ, ովքեր տրամաբանական հարց են հնչեցնում` «Այդ դեպքու՞մ ինչու ենք մտել բանակցությունների մեջ»:
Սակայն առավել տարակուսելի էր քաղաքագետի մեկ այլ պնդումը, որ «1991 թ-ին Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը` իբրև Ադրբեջանի տարածք»:
«Հայաստանը ճանաչել է ԱՊՀ բոլոր երկրների, այդ թվում և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այս փաստն էլ հնարավորություն է տվել Ադրբեջանին ռազմական ձևով «հնազանդեցնել» Ղարաբաղը»:
Հասկանալի է, որ նման ձևակերպում առաջին անգամն է, որ դրվում է շրջանառության մեջ: Սակայն Մանվել Սարգսյանը ճիշտ կանի, որպեսզի առավել հանգամանալից բացատրի, թե ի՞նչ է ի նկատի ունեցել` ասելով, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը», այլապես կտա թե’ ավելորդ մեկնաբանությունների և թե’ տրամաբանական հարցադրումների առիթ:
Ժիրայր Մուրադյան

No comments: