Wednesday, April 6, 2011

Ն.Զոհրաբյանը ԵԽԽՎ-ին կհորդորի դիտորդներ ուղարկել Ջուղա` գնահատելու ադրբեջանցիների վանդալիզմը

Panorama.am. 5-4-2011- Ապրիլի 11-15-ը մեկնարկում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը` դարձյալ թուրք Մևլութ Չավուշօղլուի նախագահությամբ: Նստաշրջանի օրակարգում Հայաստանին վերաբերող հարց չկա, սակայն սա ամենևին էլ չի նշանակում, թե թուրք ու ադրբեջանցի պատվիրակները հերթական անգամ չեն բարձրաձայնի իրենց` բոլորին վաղուց հայտնի ելույթները:
«Օրակարգում է նաև Թուրքիայի վարչապետ Էրդողանի ելույթը, և ես տեղյակ եմ, որ հայկական պատվիրակության անդամներից մի քանիսը, այդ թվում նաև ես, արդեն հերթագրվել ենք այդ ելույթից հետո հարց հնչեցնելու համար»,- Panorama.am_ի հետ զրույցում ասաց պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Տիկին Զոհրաբյանը տեղեկացրեց, որ այս անգամ քննարկման առարկա է հանդիսանալու հանդուրժողականությունը միմյանց կրոնի ու մշակույթի հանդեպ, որի կոնտեքստում ինքն արդեն ելույթ-հորդոր է պատրաստել` հերթական անգամ հորդորելով ԵԽԽՎ դիտորդական առաքելություն ուղարկել Ջուղա: Եվ, ըստ այդմ էլ , բոլոր պատվիրակներին ներկայացնելու է «Ջուղա. 21-րդ դարի վանդալները» փաստավավերագրական ֆիլմը:

«Դեռևս 2007թ-ին դիտորդական առաքելությունը պետք է մեկներ Ջուղա, որպեսզի արձանագրեր ադրբեջանցիների վանդալիզմը, սակայն Ադրբեջանի շանտաժի պատճառով այցը հետաձգվեց: Սակայն ես հերթական անգամ պնդելու եմ այցի անհրաժեշտությունը, քանզի եթե խոսում ենք կրոնական ու մշակութային հանդուրժողականության մասին, ապա պետք է անձամբ տեսնեն, թե ինչի՞ են վերածել համաշխարհային մշակութային կոթող հանդիսացող խաչքարերը»,- ասաց Ն.Զոհրաբյանը:

ԲՀԿ-ի ներկայացուցիչը համոզմունք հայտնեց, որ ադրբեջանցիների թիրախն այս նստաշրջանում լինելու է 9-ամյա երեխայի` իբր հայկական դիպուկահարի գնդակից մահը:

«Երկրի նախագահը շատ հստակ ու կոռեկտ պատասխան այս կապակցությամբ արդեն հնչեցրել է, այդուհանդերձ, ես ևս իմ ելույթներից մեկում անդրադառնալու եմ այդ խնդրին` փաստերով հիմնավորելով, թե ինչպես հնարավոր չէր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության առաջատար դիրքերից թիրախ ընտրել այն գյուղը, որտեղ ապրում էր երեխան»:

Panorama.am-ի հարցին արձագանքելով` Ն.Զոհրաբյանն նշեց, որ ԵԽԽՎ ամբիոնից անպայման անդրադառնալու է նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից հնչեցրած պետական ահաբեկչության սպառնալիքին` ռմբակոծել Ստեփանակերտի օդանավակայանի ինքնաթիռները:

No comments: