Thursday, April 28, 2011

Թուրքիայում սպանված ազգությամբ հայ զինվորի հարսնացուն պատմել է, թե նրա հետ որքան դաժան էին վարվում բանակում

PanARMENIAN.Net , 27 ապրիլի 2011: Թուրքական լրատվամիջոցները հայազգի զինվոր Սևակ Շահին Բալքրչիի մահվան հետ կապված նոր մանրամասներ են հաղորդում: Ինչպես հաղորդել է Սևակի հարսնացու Մելանի Քումրույանը, Սևակն իրեն պատմել է, որ նախորդ ամսում ինքը $50 էր կորցրել, ինչի համար հրամանատարը նրան ծեծի էր ենթարկել: Սպանված հայ զինվորի հարսնացուի խոսքով. Սևակը հրամանատարի դաժան վերաբերմունքի մասին դիմում էր գրել, սակայն վերջինս սպառնացել էր սպանել նրան, եթե նա հետ չվերցնի բողոքը:
Հայ զինվորի հարսնացուն վստահ է, որ Սևակը չէր կարող զոհվել ընկերոջ` զենքի հետ անփույթ վարվելու պատճառով: Մելանի Քումրույանը պատմել է, որ իրենք 6 տարի էին հանդիպում և պատրաստվում էին ամուսնանալ Սևակի` բանակից վերադառնալուց հետո, հաղորդում է ermenihaber.am-ը:
Ապրիլի 24-ին Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուքի շրջանում տեղակայված զորամասում սպանվել է 25-ամյա հայազգի զինվորական Սևակ Շահին Բալքրչին: Թուրքական մամուլում զինծառայողի մահվան տարբեր վարկածներ են նշվում: Զինվորականներից մեկի զեկույցի համաձայն, նա մահացել է ընկերոջ հետ կատակ անելու ժամանակ հրազենից արձակված կրակոցից: Մեկ այլ վարկածի համաձայն, հայ զինվորը կանխամտածված կերպով գնդակահարվել է հրացանից:

No comments: