Monday, April 4, 2011

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Հանրային հեռուստաընկերության ապրիլի 4-ի ուշ գիշերային եթերում կարծես թե նոր հաղորդաշար էր` “Հայոց հարց”, որի թողարկումը նվիրված էր հայ մեծահարուստ Մանթաշովին կամ Մանթաշյանցին: Ցավոք, դիտել եմ հաղորդման ընդամենը վերջին րոպեները: Բայց խոսքն այժմ ոչ թե լինելու է հաղորդման բովանդակության, այլ խորհրդանշականության մասին:
Բանն այն է, որ դրան զուգահեռ, մեկ այլ հայկական հեռուստաեթերում էլ հեռարձակվում էր Տաշիր մրցանակաբաշխությունը, որի հովանավորը ռուսաստանցի մեծահարուստ Սամվել Կարապետյանն է, ով մտնում է ռուսաստանցի միլիարդատերերի ցանկի մեջ, որ վերջերս հրապարակել էր Ֆորբս ամսագիրը:
Տաշիրն ամենամյա երաժշտական մրցանակաբաշխություն է, որի կազմակերպման համար կատարվում են թերեւս նկատելի մեծ ծախսեր: Հրավիրվում են հանրահայտ աստղեր նաեւ արտասահմանից, օրինակ, Տաշիր 2011-ին հրավիրված էր Լարա Ֆաբիանը, իսկ այդ աստղերը բավական թանկ արժեն: Հրավիրվում են նաեւ Ռուսաստանի թանկարժեք հաղորդավարներ ու հաղորդավարուհիներ: Բեմական ձեւավորումը բավական թանկարժեք է, վարձվում է Ռուսաստանի թերեւս ամենամեծ եւ հեղինակավոր դահլիճներից մեկը` Կրեմլի համագումարների պալատը: Նաեւ մասնակից հայաստանցի “աստղերին” են տրվում թանկարժեք նվերներ` բնակարաններ եւ ներկայացուցչական դասի ավտոմեքենաներ: Այդպես ամեն տարի, ու արդեն քանի տարի շարունակ:
Խորհրդանշական էր, որ մի հայկական հեռուստաալիքով հաղորդում էր հայ մեծահարուստ Մանթաշովի կյանքի, գործունեության մասին, իսկ մեկ այլ հեռուստաալիքով նորօրյա հայ մեծահարուստի գործունեության առարկայական դրսեւորում էր:
Ինչ վրա են գերադասում փող ծախսել հայ մեծահարուստները, ինչ արդյունավետությամբ է նրանց կապիտալը ծառայում հայությանը, հայկական պետականությանը: Այդ հարցը թերեւս հայ ժողովրդի կենսագրության վերջի 100 կամ 200 տարիների արդիական հարցերից մեկն է: Այդ հարցը հատկապես արդիական է դառնում այժմ, երբ կա Հայաստան պետություն, երբ կա երկրորդ հայկական պետություն` Ղարաբաղը, եւ երբ այդ պետություններն ունեն ռազմավարական կարեւոր խնդիրներ, որոնցից շատերի լուծումը փող է պահանջում:

Օրինակ, ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանը տարիներ առաջ Հայաստանին ավելի քան 200 միլիոն դոլար փող նվիրեց` ճանապարհների կառուցման կամ նորոգման, աղետի գոտում բնակարանների շինարարության, Հայաստանում մշակույթի օջախների` թատրոնների եւ թանգարանների նորոգման համար:

Ասենք Սամվել Կարապետյանն էլ Հայաստանին փող տալիս է, ներդրումներ է անում, նաեւ բարեգործություն, իհարկե ոչ Քըրքորյանի չափ, կամ դեռ ոչ այդչափ: Ռուսաստանցի այլ մեծահարուստ հայեր էլ ներդրումներ են անում Հայաստանում, բարեգործությանն են փող տալիս:

Բայց, այդ ամենով հանդերձ, ինչ իմաստ ունեն այն շքեղ մրցանակաբաշխությունները, որ կազմակերպվում են եւ որոնք բացարձակապես որեւէ կապ չունեն հայրենի պետության ռազմավարական խնդիրների հետ, բայց քարոզական համատեքստում ներկայացվում են հենց որպես ազգին ու պետությանը ներկայացվող մեծ ծառայություն: Եթե անգամ ազգը հավաքվում է դահլիճում կամ հեռուստաէկրանների առաջ ու հետեւում այդ ամենին, համարելով, թե այդպիսով իրեն մեծ ծառայություն է մատուցվել, միեւնույն է դա դեռ չի նշանակում, որ իսկապես այդպես է:

Այլ հարց է, որ Սամվել Կարապետյանը դա անում է զուտ անձնական ժամանցի կամ փառասիրության համար: Իր փողն է, ինչպես ուզի, այնպես էլ կծախսի: Բայց եթե այդ ամենը ներկայացվում է որպես հայությանն ուղղված ծառայություն, ապա այդ դեպքում արդեն այդ ծառայության նպատակահարմարությունը մեղմ ասած կասկածելի է, որովհետեւ հայությունը ունի բազմաթիվ այլ կարեւոր խնդիրներ, քան աչք ծակող շքեղություն ցուցադրելն ու “աստղերի” անշարժ եւ շարժական գույքակազմը համալրելը:

Օրինակ, օրերս հրապարակվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի զեկույցը, ազատագրված տարածքների վիճակի մասին, որտեղ արձանագրվեց տարածքների ամայությունը, անմխիթարությունը, ավերվածությունը, վերաբնակեցման քաղաքականության բացակայությունը: Հայաստանի իշխող կուսակցության` ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն էլ ասաց, թե իսկապես խնդիր կա Հայաստանի համար, բայց փող չկա, որ վերաբնակեցման խնդիրը լուծվի:

Ինչեր կարելի է անել այդ տարածքների վերաբնակեցման գործում այն փողով, որ Սամվել Կարապետյանն ամեն տարի ծախսում է Տաշիր մրցանակաբաշխության վրա: Կրկնում եմ, դա իր փողն է, ինչպես հարմար գտնի, այդպես էլ կծախսի, առավել եւս, որ նա իր փողի մի զգալի մասն արդեն իսկ ծախսում է Հայաստանի ու Ղարաբաղի համար, օրինակ հիվանդանոց է կառուցում Ստեփանակերտում, առեւտրի կենտրոն է կառուցում Երեւանում, էլի մտադրություններ ունի:

Բայց, եթե Տաշիր մրցանակաբաշխությունն էլ անում է ոչ թե իր կամ իր հարազատների անձնական բավարարության, այլ Հայաստանի եւ հայության համար, ապա թերեւս Հայաստանի ու հայության համար շատ ավելի արդյունավետ ծախսի տարբերակ է այդ փողն ասենք տարածքների վերաբնակեցմանը, ենթակառուցվածքների զարգացմանն ու նորոգմանն ուղղելը:

Ընդհանրապես, հայկական կապիտալի, հայկական կապիտալիստների համար թերեւս աքսիոմատիկ ճշմարտություն պետք է լինի այն, որ ազգը աշխարհում հեղինակություն եւ հարգանք է վայելում ոչ թե շքեղ հանդիսությունների, այլ հզոր, արդիական, իր իսկ քաղաքացիների համար գրավիչ պետության շնորհիվ: Հետեւաբար, եթե որեւէ փող ուղղվում է ազգի համաշխարհային հեղինակության բարձրացմանը, ապա այդ փողի հասցեատերը պետք է լինի տվյալ ազգի պետականությունը, առավել եւս, եթե այդ պետականությունը հայտնվել է սոցիալ-տնտեսական, իրավա-քաղաքական եւ բարոյահոգեբանական լրջագույն ճգնաժամի առաջ: Թեեւ, գուցե հայկական կապիտալի վարքագիծն էլ այդ ճգնաժամի հատկապես վերջին թվարկածս սեգմենտի վառ դրսեւորում է:

ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

No comments: