Sunday, April 3, 2011

ԼՂՀ վարչապետ. «Մեր ապագա անելիքները պետք է ուղղորդել միասնական Հայաստանի կերտմանը»

ԼՂՀ կառավարությունից հայտնում են, որ ապրիլի 1-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը կառավարությունում հանդիպել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի մի մեծ խումբ ուսանողների հետ:
Ողջունելով հյուրերի նախաձեռնությունը` անմիջականորեն ծանոթանալ արցախյան ներկա իրողություններին, Ա. Հարությունյանը ներկաներին հորդորել է առավել պարբերական դարձնել ԼՂՀ այցելությունները, ինչը լավագույն միջոց կծառայի ինչպես ակտիվ համագործակցության, նույնպես և հասարակական տրամադրությունները առողջ ու կենսունակ հունի մեջ պահելու համար:
Ի պատասխան ուսանողների բազմաբնույթ հարցերի, ԼՂՀ կառավարության ղեկավարը անդրադարձել է Արցախի տնտեսական ասպարեզում իրականացվող ծրագրերին, մասնավորապես մանրամասնել գյուղատնտեսության հետագա զարգացման խնդիրները:
Վարչապետը խոսել է երիտասարդական հիմնախնդիրների, բանակի մարտունակության, ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի մասին:
«Մեր ապագա անելիքները պետք է ուղղորդել միասնական Հայաստանի կերտմանը»,- շեշտել է Ա.Հարությունյանը:

No comments: