Wednesday, April 11, 2012

Չեմ պատկերացնում Բեն Լադենի ֆիլմերի փառատոն Նյու Յորքում. արձագանքներ ադրբեջանական ֆիլմերի փառատոնի շուրջ

Tert.am. 10-4-2012- «Մենք պատերազմի մեջ ենք, և այն դեռ չի ավարտվել։ Եվ այս պայմաններում, երբ մեր զինվորը՝ զենքը ձեռքին սահմանում է, պատկերացնո՞ւմ եք նրա վիճակը, երբ լսի՝ Գյումրիում ադրբեջանական ֆիլմերի փառատոն է»,– Tert.am–ի հետ զրույցում ասաց գյումրեցի պատմաբան, Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը՝ մեր խնդրանքով անդրադառնալով Գյումրիում ապրիլի 12–ին նախատեսված ադրբեջանական ֆիլմերի «Ստոպ» փառատոնին, որը կազմակերպվել է «Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» նախաձեռնությամբ ՀՀ-ում ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպանատների աջակցությամբ։ Մանուկյանի խոսքով՝ օրինակ դժվար է պատկերացնել, որ Իսրայելում կարող են նացիստական Գերմանիայի ֆիլմեր ցուցադրվել։ «Կամ, օրինակ, չեմ պատկերացնում, որ Նյու Յորքում կարող են Բեն Լադենին նվիրված ֆիլմեր ցուցադրել։ Եվ անհասկանալի է, որ Գյումրիում գտնվեց մի մարդ, որը փառատոնի անցկացման համար համաձայնեց տարածք տրամադրել (Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն է համաձայնել տարածք տրամադրել)։ Չէ՞ որ տարածքի տրամադրումը նշանակում է պատասխանատվություն վերցնել»,– կարծիք հայտնեց Սուրեն Մանուկյանն՝ ավելացնելով. «Ես այդ փառատոնի կազմակերպումը անբարոյականություն եմ համարում, իսկ դրա անցկացման համար տարածքի տրամադրումը՝ անպատասխանատու քայլ»։ Ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացման մասին «Շիրակ» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը Tert.am–ի հետ զրույցում ասաց. «Եթե միջոցառման կազմակերպիչների կամ հովանավորների խնդիրը ժողովրդական դիվանագիտության զարգացումն է և դրա միջոցով հայ–ադրբեջանական հարաբերությունների լավացումը, ապա դա միամիտ և անտեղի միջոցառում է, որովհետև նման նախաձեռնություններն արդյունք տալիս են ժողովրդավարական երկրներում, իսկ մենք գիտենք, որ Հայաստանը մասամբ է ժողովրդավար, իսկ Ադրբեջանն ավտորիտար երկիր է»։ Ըստ Թումասյանի՝ փառատոնի շուրջն առաջացած աղմուկն անտեղի է և շեղում է մարդկանց Գյումրիում առկա իրական խնդիրներից։ «Այսօր Գյումրին կանգնած է կործանման շեմին և այս նախընտրական շրջանից օգտվելով՝ մենք պետք է այդ խնդիրները բարձրաձայնենք»,– ընդգծեց նա։ ՀԿ նախագահի խոսքով՝ մյուս կողմից պետք է հաշվի առնել, որ գյումրեցիներն իսկապես դժգոհ են նման նախաձեռնությունից և այսպես, թե այնպես կընդվզեին դրա դեմ, ուստի իմաստ չուներ փառատոն դեմ պայքարել պետական մակարդակով։ «Նկատի ունեմ, որ պետական մակարդակով կազմակերպված դրա դեմն առնելը սխալ է, որովհետև ժողովրդի մեջ կա էդ դժգություննը, ու ինքը՝ ժողովուրդը, դրա դեմը կառներ»,– ասաց Թումասյանը։ Բլոգեր Կարեն Վրթանեսյանը (բլոգոսֆերայում հայտնի՝ որպես Groul- Tert.am) նույն հարցի շուրջ Tert.am–ին ասաց, որ հարցը ոչ միայն գյումրեցիներին, այլ մեր ամբողջ ժողովրդին է վերաբերում, քանի որ, «փաստորեն որոշ մարդիկ ինչ–ինչ շահերից ելնելով՝ այս դեպքում նաև ֆինանսական, փորձում են Հայաստանի հանրապետության տարածքում քարոզչություն իրականացնել ի օգուտ Ադրբեջանի»։ Բլոգերի խոսքով՝ Ադրբեջանը բացահայտ ցույց է տալիս, որ Հայաստանն իր թշնամին է, հետևաբար նրա քարոզչությունն այստեղ անելը դավաճանություն է։ Ինչ վերաբերում է կարծիքին, թե սա ժողովրդական դիվանագիտության դրսևորում է, որը միտված է հարաբերությունների լարվածության թուլացմանը, Վրթանեսյանն արձագանքեց, թե լարվածությունն ինքն իրեն չի առաջացել, այն կոնֆլիկտի հետևանք է և պետք է դա վերացնել։ «Սա ուղղակի զառանցանք է։ Միակողմանի քարոզչությամբ չես կարող ճանաչել կողմերին։ Սա բացահայտ քարոզչություն է Ադրբեջանի օգտին»,– եզրափակեց մեր զրուցակիցը։

No comments: