
Նման մոտեցումը հատուկ է հայերին, որոնք սիրում են բանավիճել, կարծիքներ հայտնել, սակայն գերադասում են չդնել սուր հարցեր եւ ամաչում են զուտ նյութկան շահ ցուցաբերել: Մեր հակառակորդները` թե Ադրբեջանը, թե Թուրքիան, ընդհակառակը, թափանցում են խորքը եւ խփում նպատակակետին, ընդ որում` ամենանյութական:
Հայերի նման մոտեցումը հանգեցրել է նրան, որ հայ-թուրքական հարաբերության շուրջ Հայաստանում բանավեճերը ծավալվում են ոչ թե խնդրի էության` հայկական տարածքների շուրջ, որոնք փաստացի ուզուրպացրել է Թուրքիան, այլ բարոյական ու հայրենասիրական թեմաների շուրջ: Համապատասխանաբար, ազգի ներուժն ուղղվում է ոչ թե այդ խնդրի լուծմանը, այլ ցեղասպանության բարոյական ճանաչման հասնելու անպտուղ ջանքերին: Հայաստանը պաշտոնապես հայտարարում է, որ տարածքային պահանջներ չունի Թուրքիայից, իսկ դա նշանակում է, որ Հայաստանը հաշտվում է տարածքների ուզուրպացման փաստին եւ մտադիր չէ հետ պահանջել հողերը: Թուրքիան, ընդհակառակն, անում է ամեն ինչ, որ Հայաստանը չպահանջի հողերը, եւ հանուն դրա պատրաստ է անգամ հարգել ցեղասպանության զոհերի հիշատակը:
Նույնը տեղի է ունենում նաեւ ղարաբաղյան հարցում: Նախագահներից ո՞ր մեկն է ճիշտ, ո՞ւմ փոխզիջումներն են ավելի վատ, եւ նման հարցեր քննարկելու փոխարեն հայերը կարող էին քննարկել նախկին ԼՂԻՄ շուրջ տարածքների ռազմավարական նշանակությունը, որոնք էլ, ըստ էության, բանակցության առարկան են: Ոչ ԼՂՀ անկախությունը, ոչ խաղաղապահները, այլ հենց տարածքներն են հիմնական առարկան: Այս տարածքների մասին թե Ադրբեջանում, թե Հայաստանում խոսում են միայն բարոյական տեսանկյունից` սա մեր հողն է, դրա համար արյուն է թափվել, եւ այսպես շարունակ: Չնսեմացնելով սա, այնուամենայնիվ նկատեմ, որ առավել կարեւոր է այս տարածքների ռազմավարական նշանակությունը:
Հոդվածիս արձաքանքներում ընթերցողներից մեկը գրում է, թե այդ տարածքները վերցվել են, որպեսզի փոխվեն կարգավիճակի հետ: Վստահեցնում եմ ձեզ, որ երբ այդ տարածքների համար կռիվներ էին, իրական կռվողները չէին մտածում այն մասին, որ 20 տարի անց այդ տարածքները պետք են գալու այն բանի համար, որ իրենց հաղթանակն ամրագրեն դիվանագիտական ճակատում: Այդ տարածքներն ազատագրվել են այն բանի համար, որովհետեւ այդտեղից կրակում էին, եւ այս սպառնալիքը չի վերացել: Եւ նրանց, ովքեր ասում են, որ տարածքները պետք է հանձնել, ստիպված են ապացուցել ղարաբաղցիներին, որ անվտանգության եւ հաղորդակցության տեսակետից դրանք պետք չեն, եւ դրանցից այլեւս չեն կրակի:
Ի տարբերություն հայերի, համաշխարհային հանրությունը հիանալի գիտե խնդրի էությունը եւ հասկանում է, թե ինչի կարող է հանգեցնել այդ տարածքները Ադրբեջանին հանձնելը: Եւ հարցը նույնիսկ միայն 145 հազար ղարաբաղցիների ճակատագիրը չէ:
Ղարաբաղյան խնդրի շուրջ բանավեճի եւս մի կողմ, որ նույնպես հեռացնում է խնդրի էությունից` հնարավորի սահմանը: Նախագահներից յուրաքանչյուրը թերեւս կցանկանար ամրագրել Ղարաբաղի ներկայիս կարգավիճակը տարածքներով հանդերձ, սակայն համաշխարհային առաջնորդների հետ շփումներից հետո յուրաքանչյուրը սահմանել է հնարավորը եւ գործում է դրան համապատասխան: Սակայն եթե հնարավորի սահմանը չի համընկնում աշխարհքաղաքական նպատակահարմարությանը, ապա ավելի լավ է պահպանել ներկայիս վիճակը, քան գնալ հարկադրված լուծումների:
Հնարավորի սահմանը չպետք է դիտարկվի որպես պետական քաղաքականության կողմնորոշիչ: Այդ սահմանը չի պաշտպանում պատերազմից, այն միայն սահմանափակում է մեր գործողությունները: Եւ կրկին, ի տարբերություն հայերի, Թուրքիան ու Ադրբեջանը չեն սահմանափակում ինքզինքը սահմաններով: Մտածողության լայնությունը եւ ճիշտ քարոզչությունը Թուրքիային թույլ տվեցին կանգնել համաշխարհային տերությունների շարքում. Բավական էր, որ Դավութօղլուն մի քանի անգամ որպես հավասարի խոսեր իր գործընկերների հետ, իսկ Էրդողանն էլ դեմարշ աներ Իսրայելի դեմ, եւ Թուրքիան սկսեց հավակնել գլոբալ որոշումներ ընդունմանը մասնակցելուն:
Հայաստանը չի կարողանում ձեւակերպել սեփական նյութական աշխարհքաղաքական շահը եւ հայտարարել դրա համար պայքարելու վճռականության մասին: Հայաստանը նույնիսկ չի երազում:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment