Thursday, April 21, 2011

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ

«ԱԶԳ», 21-04-2011- Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կազմակերպած երկօրյա «Հայոց ցեղասպանությունը եւ սկանդինավյան արձագանքը» խորագրով միջազգային գիտաժողովի նպատակն է վերականգնել Սկանդինավիա-Հայաստան հարաբերությունների կարեւոր, սակայն մոռացված եւ անտեսված առանցքային դրվագները` քննարկելով դրանք ընդհանուր պատմության եւ հիշողության համատեքստում: Գիտաժողովին, որ նվիրված էր Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին, կազմակերպվում է Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի նախօրեին` մասնակցությամբ պատմաբան հետազոտողների Հայաստանից, Շվեդիայից, Դանիայից եւ Նորվեգիայից:
«Առաջին աշխարհամարտի տարիներին չեզոք դիրք բռնած գրեթե բոլոր սկանդինավյան պետությունները անմասն չմնացին այդ իրադարձություններից: Բազմաթիվ շվեդներ, նորվեգացիներ, դանիացիներ փորձում էին օգնության ձեռք մեկնել հայ ժողովրդին եւ կիսել մեր ցավը», գիտաժողովի բացման խոսքում ասաց Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ` կարեւորելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում ցեղասպանության թեմայի արծարծումը տարբեր ժողովուրդների պատմության մեջ: Դեմոյանը հավելում է, որ բազմաթիվ քաղաքական գործիչներ, գիտնականներ Եվրոպայում ավելի շատ տուրք են տալիս խնդիրը քաղաքականացնելուն, քաղաքական հարթության մեջ ներկայացնելուն` մոռանալով, որ այն համաեվրոպական պատմության բաղկացուցիչն է:
«Եվրոպան տեղյակ է Հայոց ցեղասպանությունից, սակայն գործում են երկակի ստանդարտներ: Մարդկությունն ավելի շատ կարեւորում է ոչ թե համամարդկային արժեքները, այլ ռազմավարական դաշնակցությունը: Եթե տնտեսական ու քաղաքական շահերը գերակա են համարվում համամարդկայինի հանդեպ, ապա մարդկությունը դատապարտված է ապագայում նույնպես բախվելու նոր ցեղասպանությունների», ասաց Դեմոյանը:
«Ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքականության կարեւոր բաղադրիչներից է: Ցեղասպանության 96-րդ տարելիցի նախօրեին միջազգային գիտաժողովի անցկացումը Հայաստանում եւս մեկ վկայություն է, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում այն բոլոր անձանց ու կազմակերպություններին, որոնք օգնության ձեռք են մեկնել»:
Սա էլ ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի կարծիքն է:
Նրա խոսքերով` Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման հարցում շվեդ, նորվեգացի, դանիացի միսիոներների հուշերը կարեւոր դեր ունեն, քանի որ ներկայացնում են չեզոք եւ օբյեկտիվ պատմությունը: «Թեեւ Ցեղասպանությունը տեղի է ունեցել շուրջ մեկ դար առաջ, սակայն դրա հետեւանքները շարունակում են մարդկությանը հուզել մինչ այսօր»:
Շվեդ պատմաբան, Ուպսալայի համալսարանի պրոֆեսոր Յորան Գյուների գնահատմամբ` Թուրքիան, բազմաթիվ այլ պետությունների նման, Հայոց ցեղասպանության հարցը փորձում է շոշափել միայն պատմաբանների շրջանակներում: «Թուրքիայի փորձը` քննարկելու Հայոց ցեղասպանության խնդիրը միայն պատմաբանների հետ, հասկանալի է: Դրանով իրենք փորձում են մաքուր պահել իրենց դեմքը համաշխարհային հանրության առջեւ: Սակայն եղեռնագործությունն այն դեպքը չէ, որի հետ կարելի է հաշվի չնստել ու չդատապարտվել: Նման հանցագործությունները նախ պետք է դատապարտվեն, հետո միայն պատմաբաններն ուսումնասիրեն»:
Հարցինՙ Եվրոպական միությունը կկարողանա՞ հանդուրժել նման ծանր մեղադրանքով պետության անդամակցությունը, Գյուները հավաստիացնում է, որ այդ քայլը դեմ կգնա Եվրոմիության ընդունած նորմերին:
«Այդ հարցում Եվրոպան միասնական չէ: Մի շարք պետություններում բացառում են Թուրքիայի մուտքը ԵՄ, իսկ մյուսները` խրախուսում: Հարցն այստեղ քաղաքական է, եւ շատ պետություններ, ովքեր ունեն Թուրքիայի հետ խոր տնտեսական կապեր, կարող են համամարդկային հանցագործության մեջ մեղադրանքի առջեւ աչք փակել»:
Շվեդ պատմաբան Օքե Դաունը պատմում է, որ Շվեդիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսվել է դեռեւս ցեղասպանության տարիներին»: Պատմաբանն ընդգծում է, որ 1917թ. հազարավոր շվեդներ դուրս եկան Ստոկհոլմի փողոցներ` պահանջելով դադարեցնել ու դատապարտել հայերի զանգվածային ջարդերը:
«Այդ բողոքի ցույցերը նախաձեռնել էր խորհրդարանի ձախակողմյանների առաջնորդ Յանա Բրանդը, որը հետագայում դարձավ Շվեդիայի վարչապետ: 1950-60-ականներին կրկին հարցը դարձավ խորհրդարանական քննարկումների առարկա, իսկ 2010-ին Շվեդիայի խորհրդարանում` Ռիքսթագում Հայոց ցեղասպանության ճանաչումն իր ավարտական գործընթացին հասավ: Թուրքիայի իրագործած ոճիրը պաշտոնապես ճանաչվեց», ասում է Դաունը` հավելելով, որ եվրոպական պետությունները պետք է տարանջատեն քաղաքականությունն իրական պատմական ճշմարտությունից ու իրենց արտաքին քաղաքական ուղին գծեն այդ պատմական փաստերի հիման վրա:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի գնահատմամբ` գիտաժողովի նպատակն է Հայոց ցեղասպանության մասին հուշեր արթնացնել ոչ միայն համընդհանուր հայտարարություններով, այլեւ ընտրել այն տարածաշրջանները, որոնք ականատես են եղել եղեռնագործությանն ու պահպանել այդ մասին վկայող բազմաթիվ հիշողություններ ու փաստեր:
Ապրիլի 23-ին «Հայոց ցեղասպանությունը եւ սկանդինավյան արձագանքը» խորագրով լուսանկարների ցուցահանդես կբացվի ցեղասպանության թանգարան- ինստիտուտում: Այսօր գիտաժողովի ավարտին մասնակիցները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրի հուշապատում կամփոփվի միսիոներներ Ալմա Յոհանսոնի եւ Մարիա Յակոբսենի գերեզմաններից բերված հողը:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: