Thursday, April 28, 2011

Գառնի տաճարին շնորհվել է Մելինա Մերկուրի միջազգային մրցանակը

«Panorama.am», 28 ապրիլի 2011: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի որոշմամբ և միջազգային մրցանակաբաշխության հանձնաժողովի եզրակացության հիման վրա ՅՈՒՆԵՍԿՕ-ՀՈՒՆԱՍՏԱՆ 2011թ. Մելինա Մերկուրի հեղինակավոր մրցանակը կիսելու են Հայաստանի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը և Պաղեստինի տարածքում գտնվող Բաթիր վայրը: Մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը տեղի է ունենալու մայիսի 24-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում` Փարիզում:
ԱԳՆ-ից հայտնում են, որ ՅՈՒՆԵՍԿՕ-Հունաստան Մելինա Մերկուրի միջազգային մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ անգամ այն անհատին կամ կազմակերպություններին, որոնք նշանավոր ավանդ ունեն մշակութային լանդշաֆտի պահպանման և կառավարման բնագավառում:
Մրցանակի հայտը համատեղ պատրաստվել և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան էր փոխանցվել ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի կողմից:

No comments: