Tuesday, May 17, 2011

«ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ 60-70 ՏՈԿՈՍԸ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐ ԵՆ»

Այս տարի զբոսաշրջային կենտրոնի կվերածվի նաեւ Մոզրովի քարանձավը
«ԱԶԳ», 17-05-2011- Թեպետ զբոսաշրջությունը հռչակվել է զարգացման գերակա ոլորտներից մեկն ու գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, թեպետ պետական եւ մասնավոր ընկերությունները լուրջ աշխատանք են կատարում զբոսաշրջության ոլորտում դրական արդյունքներ արձանագրելու ուղղությամբ, սակայն այսօր զբոսաշրջության ոլորտում առկա են բազմաթիվ թերություններ ու բացթողումներ: Առաջին հերթին անհրաժեշտ է փոխել տուրիզմի վերաբերյալ մտածելակերպն ու զբոսաշրջություն ասելով չհասկանալ միայն արտասահմանցուն թալանելու ձեւ: Անհրաժեշտ է նաեւ լուրջ ուշադրություն դարձնել սպասարկման ու ծառայությունների խայտառակ բարձր գներին:
Զբոսաշրջության ոլորտում առկա խնդիրների, անելիքների ու նոր մտահղացումների մասին «Ազգ» օրաթերթի հարցերին է պատասխանում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի զբոսաշրջության ծրագրի տնօրեն Սյուզաննա Ազոյանը:


- Զբոսաշրջությունը տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկն է: Զարգացման ո՞ր փուլում է գտնվում այն Հայաստանում:
- Հայաստանում առկա է զբոսաշրջային հսկա ներուժ, որն իրացնելու խնդիր կա: Բայց պետք է փաստել, որ բավական գործ արվել է: Այսօր մեր երկրի զբոսաշրջային ներուժն իրացնելու եւ նոր զբոսաշրջային արդյունքներ ստեղծելու նպատակով Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը ներկայացրել է զբոսաշրջային միջանցքների ռազմավարությունը: Համաձայն դրա, Հայաստանը բաժանվել է մի քանի զբոսաշրջային միջանցքների, որոնցում առկա կամ հնարավոր զբոսաշրջային արդյունքները կարելի է համատեղել մեկ ընդհանրական տրամաբանությամբ: Դրա վառ օրինակն է Հայաստանի զբոսաշրջության հարավային միջանցքը, որը պայմանականորեն բաժանված է 5 գոտիների` կլաստերների, յուրաքանչյուրն իր յուրահատկությամբ: Միջանցքների ռազմավարության շնորհիվ կկարողանանք այսպես ասած «խմբավորել» առաջարկները, դրանք նոր լույսի ներքո ներկայացնել, նոր առաջարկներ ի հայտ բերել, եւ այս ամենի արդյունքը կլինեն ավելի զարգացած զբոսաշրջային ինդուստրիան եւ ծառայությունների ավելի բարձր մակարդակը: Հայաստանում զբոսաշրջության ոլորտը միջանցիկ փուլում է, որին որպես կանոն հաջորդում է ավելի համակարգված մոտեցումը:

- Որո՞նք են հիմնական խոչընդոտները, որ խանգարում են զբոսաշրջության զարգացմանը Հայաստանում:
- Ոլորտի զարգացման լուրջ խնդիրներից է բավարար ֆինանսական միջոցների պակասը: Հակված ենք այն տեսակետին, որ զբոսաշրջիկը Հայաստան չի այցելում ոչ այն պատճառով, որ մեզ մոտ վատն է ենթակառուցվածքը կամ հյուրանոցների ու ավիատոմսերի գինն է բարձր, այլ որովհետեւ Հայաստանի մասին տեղեկացված չէ: (*) Մասնակցում եւ ներկայացնում ենք Հայաստանը համաշխարհային հեղինակավոր զբոսաշրջային ցուցահանդեսներին, բայց ոլորտի խթանման համար հատկացվող միջոցները վերջին մի քանի տարվա ընթացքում մի քանի անգամ կրճատվել են: Հայաստանը յուրահատուկ զբոսաշրջային ուղղություն է, բայց եթե այդ մասին տեղեկատվություն չտարածենք թիրախային շուկաներում, եթե չգնանք եւ չհանդիպենք դեռեւս որոշում չկայացած զբոսաշրջիկի կամ արտասահմանի զբոսաշրջային օպերատորի հետ, ապա դժվար թե հասնենք հաջողության:

- Չե՞ք կարծում, որ հիմնական խոչընդոտներից են ավիատոմսերի եւ հյուրանոցների սարսափելի բարձր գները, որոնց պատճառով ոչ միայն արտասահմանցի զբոսաշրջիկներ չեն գալիս Հայաստան, այլեւ հայաստանցիներն են նախընտրում հանգստանալ այլ երկրներում:
- Այո, Հայաստան հասնելը թանկ է, բայց չեմ կարող համաձայնել այն տեսակետին, թե հյուրանոցներն այստեղ թանկ են: Հայաստանը Հունաստան, Բուլղարիա կամ Թուրքիա չէ, մենք չենք առաջարկում եւ չենք կարող առաջարկել այն զբոսաշրջային արդյունքը, ինչՙ այդ պետությունները: Եթե համեմատենք Հայաստանը եւ նմանատիպ արդյունք առաջարկող այլ երկրներին, կերեւա, որ մենք թանկ երկիր չենք զբոսաշրջիկի համար, որը նախընտրում է պատմամշակութային, կրոնական տուրիզմ: Իսկ նմանատիպ հյուրանոցների համեմատությամբՙ Հայաստանի հյուրանոցներն էլ առաջարկում են մրցունակ գին: Սակայն հյուրանոցային ցանցի ոչ բավարար զարգացած լինելու խնդիր կա: Պատճառը Հայաստանում զբոսաշրջության համեմատաբար կարճ սեզոնն է: Եթե Հայաստանն այնպիսի երկիր լիներ, որն առաջարկում է զբոսաշրջության հնարավորություն շուրջտարին, եթե մեր հյուրանոցներն էլ ամբողջ տարի լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատեին, բնականաբար գները կիջնեն: Սակայն նմանատիպ հյուրանոցային առաջարկների առումով մեր հարեւանների հետ կարող ենք մրցել:

- Միջին հաշվարկներովՙ 5 հոգուց բաղկացած ընտանիքը Սեւանում 2 օր հանգստանալու գումարով կարող է 1 շաբաթ հանգստանալ Բաթումում: Այն տպավորությունն է, որ Հայաստանը ցանկանում են դարձնել զբոսաշրջության կենտրոն միայն հարուստ խավի համար:
- Բաթումում հանգստանում են տնակներում կամ վարձակալած բնակարաններում, իսկ այն ընտանիքները, որոնք նախընտրում են հյուրանոցներ, վճարում են շատ ավելին, քան կարող են վճարել Սեւանի շրջակա հյուրանոցներում: Մեր հայրենակիցները Վրաստան մեկնում են ոչ միայն մատչելիության պատճառով, այլեւ որովհետեւ ցանկանում են հանգստանալ ծովափում: Մինչդեռ Վրաստանում պատմամշակութային զբոսաշրջությունը շատ ավելի թույլ է զարգացած, քան այստեղ: Այո, Հայաստանում առկա է համապատասխան ենթակառուցվածքների խնդիր, բայց պետք չէ հարցի միայն մի կողմը քննարկել:

- Տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանը գրավում է միայն իրանցիներին` Նովրուզի տոնակատարության օրերին, եւ սփյուռքահայերին: Որքանո՞վ է Հայաստանը գրավիչ եւ ինչո՞վ կարող է հետաքրքրել արտասահմանցի զբոսաշրջիկներին:
- Այսօր Հայաստան այցելող զբոսաշրջիկների 60-70 տոկոսը սփյուռքահայեր են, սակայն արտասահմանցի զբոսաշրջիկների թիվն էլ տարեցտարի ավելանում է: Թիրախային շուկա ենք համարում հատկապես եվրոպական մի շարք երկրները` Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան: Երկրորդ թիրախը հարեւան երկրներն են: Երրորդ խումբը` հայկական սփյուռքը: Թիրախային շուկաներին այսօր հիմնականում առաջարկում ենք պատմամշակութային եւ կրոնական զբոսաշրջային արդյունքներ: Վերջերս հետաքրքրությունն ավելացել է նաեւ արկածային տուրիզմի նկատմամբ: Այդ կապակցությամբ, Հայաստան այցելող զբոսաշրջիկների տարիքը նվազել է: Հարեւան երկրների առումով, զբոսաշրջության այս տարբերակը հեռանկարային է: Իրանցիները սկսեցին Հայաստան այցելել մեծ խմբերով ոչ միայն Նովրուզ Բայրամին: Իրանցիների հոսքը Հայաստան նկատվեց հատկապես այն ժամանակ, երբ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ վիզային ռեժիմի խստացում մտցվեց: Այդ խստացումից Հայաստանը միայն շահեց:

- Որո՞նք են հիմնադրամի թիրախային գոտիներն, ու դրանց զարգացման համար ինչպիսի՞ ծրագրեր են մշակվում:
- Ապրիլի 21-ին հիմնադրամը ներկայացրեց Զոսաշրջության հարավային միջանցքի զարգացման ռազմավարական ծրագիրը: Ծրագիրը կարող է ծառայել որպես մոդել` Հայաստանի մյուս զբոսաշրջային միջանցքների զարգացման համար: Հարավային միջանցքի ծրագրի շրջանակներում մի շարք միջոցառումներ ենք իրականացնում: Աշխատանքներ են տարվում Արենիի ամենամյա գինու փառատոնն առավել լայնածավալ դարձնելու ուղղությամբ: Հաշվի առնելով Արենիում վերջին հայտնագործությունները` աշխատանքներ ենք տանում միջազգային հանրության ինտեգրման ծրագրին: Նախատեսում ենք իրականացնել «Հայկական խոհանոցի վերածնունդ» ծրագիրը, որի մեկնարկը կլինի Սյունիքում, սակայն այն տարածվելու է` ընդգրկելով ոչ միայն Հայաստանի մարզերը, այլեւ ողջ աշխարհում տեղակայված հայկական ռեստորանները:

- Թեպետ կառավարության որդեգրած ծրագրի համաձայն Հայաստանի հարավը պետք է դառնա երկրի զբոսաշրջության կենտրոն, սակայն նույն կառավարության որոշմամբ հանրապետության հարավը նաեւ հանքարդյունաբերական կենտրոն է: Շուտով երկաթի բաց հանք կշահագործվի նաեւ Տաթեւում: Հանքարդյունաբերական կենտրոնների, բաց հանքերի շահագործումն ու տուրիզմի զարգացումը որքանո՞վ են համատեղելի:
- Հիմնադրամն այժմ ուսումնասիրում է Հայաստանի հարավում գոյություն ունեցող եւ ապագայում շահագործվելիք հանքերի ու նույն տարածքներում գտնվող տեսարժան վայրերի անհամատեղելիության հարցը: Կարեւորում ենք բնապահպանական հնարավոր հետեւանքների հետազոտությունները, բայց անկախ հանքարդյունաբերության` բնության վրա ունեցած ազդեցությունից, պետք է գնահատենք նաեւ հանքարդյունաբերության եւ զբոսաշրջության տնտեսական արդյունքները` հաշվի առնելով, որ զբոսաշրջությունը, որպես խոստումնալից ոլորտ, մարզերում անմիջական եւ կայուն տնտեսական եկամուտ է ապահովում: Այժմ համագործակցության եզրեր ենք փնտրում միջազգային կառույցների հետ` հանքարդյունաբերության եւ զբոսաշրջության ոլորտների տնտեսական վերլուծություններ իրականացնելու շուրջը համագործակցելու համար: Երբ արդյունքները պարզ լինեն, մրցունակության հիմնադրամը հանդես կգա պաշտոնական դիրքորոշմամբ:

- Ինչպիսի՞ ծրագրեր են մշակվում 2011-ի համար:
- Ակնկալիքներն ու անելիքները շատ են: Նախատեսում ենք Մոզրովի քարանձավը վերածել զբոսաշրջային կենտրոնի` դարձնելով Հայաստանում առաջին զբոսաշրջային քարանձավը: Որոշակի ծրագրեր կիրականացվեն Սեւանի միջանցքի զարգացման ռազմավարական ծրագրի վերջնականացման ուղղությամբ:
(*) Երեկ տեղեկացանք, որ Բեյրութից Երեւան ետդարձի տոմսի արժեքը 514 դոլարից բարձրացել է 1000 դոլարին համարժեք դրամի:

No comments: