Friday, May 6, 2011

Դա Սերժ Սարգսյանի ձեռագիրը չէ

Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանի հետ

- Ձեր կարծիքով, Հայաստանում կա՞ն արդյոք արտահերթ ընտրությունների նախադրյալներ:
- Արտահերթ ընտրությունների գնալու նախադրյալներ բոլորովին չկան: Իսկ ի՞նչ է պատահել, որ արտահերթ ընտրություններ լինեն: ԱԺ-ն բնականոն հունով աշխատում է, եւ ԱԺ ընտրությունները մարդկանց կամայական ցանկություններով չեն: Կա Սահմանադրություն, եւ պետությունն առաջնորդվում է իր Սահմանադրությամբ, իհարկե, եթե արտակարգ բաներ չեն պատահում: Այսօր ԱԺ-ն ցրելու որեւէ քաղաքական, տնտեսական եւ այլ հիմքեր գոյություն չունեն:

- Իսկ եթե ստացվի այնպես, որ իշխանությունները Կոնգրեսի հետ երկխոսության արդյունքում այնուամենայնիվ, որոշեն արտահերթ ընտրություններ անցկացնել:
- Իմ անձնական կարծիքով, դա բացառվում է: Արտահերթ ընտրությունների որեւէ նախադրյալ չեմ տեսնում:

- Միգուցե Սերժ Սարգսյանն անի քայլեր, որոնցից, սակայն, ՀՀԿ-ն տեղյակ չի:
- Բացառվում է, որ ՀՀԿ ղեկավարը գնա այնպիսի քայլերի, որոնցից ՀՀԿ-ն տեղյակ չլինի: Դա Սերժ Սարգսյանի ձեռագիրը չի:

- Երբ նշմարվեց, որ Կոնգրես-իշխանություն երկխոսությունը հնարավոր է, կայանում է, ԲՀԿ-ն հայտարարեց ԱԺ ընտրություններին առանձին մասնակցելու մասին: Այստեղ կապ տեսնո՞ւմ եք, թե ոչ:
- Դա իրենց կուսակցության հարցն է, եւ ես չեմ ուզում այլ կուսակցությունների գործելակերպին որեւէ ձեւով մասնակից կամ խառնված լինել: Մեր կոալիցիոն գործընկերն անկախ է իր գործելակերպի մեջ: Ինչ-որ նա հարիր է համարում իր կուսակցության համար, անում է: Մենք իրավունք չունենք քննարկելու նրա ցանկությունները, դրույթները, հայտարարությունները:
(Lragir 6-5-2011)

No comments: