Sunday, May 8, 2011

Նիկոլ Փաշինյանի հայցով նիստը հետաձգվեց

«Lragir.am», 07.05.2011: Արթիկ քրեակատարողական հիմնարկում մայիսի 6-ին մեկնարկել է Վարչական դատարանի նիստը: Հայկական ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը վիճարկում է Նուբարաշեն եւ Կոշ քրեակատարողական հիմնարկներում իրեն նշանակված հինգ տույժերից երկուսը:
Առաջին դատական նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը փորձեց ճշտել, թե որքանով է օրինական Վարչական դատարանի արտագնա նիստ անցկացնելու մասին որոշումը: Սակայն դատավոր Ռոբերտ Սարգսյանը, ըստ էության, այդպես էլ չկարողացավ ստույգ պատասխանել հայցվորի հարցին:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ցանկանում է ինքնաբացարկ հայտարարել դատավորին, բայց մինչ այդ փաստաբանի հետ խորհրդակցելու կարիք ունի եւ միջնորդեց իրեն հնարավորություն տալ փաստաբանի հետ դա քննարկելու:
Դատարանը բավարարեց միջնորդությունը, եւ դատական առաջին նիստը հետաձգվեց: Ժամը 14-ին սկսվեց դատական 2-րդ նիստը, որը վերաբերում էր Կոշ քրեակատարողական հիմնարկում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ նշանակված տույժն անօրինական ճանաչելուն: Նիստը սկսվելուն պես Փաշինյանը հայտարարեց, որ ինքը հնարավորություն չի ունեցել իր փաստաբանին տեսակցելու ժամանակ գործին առնչվող որեւէ փաստաթուղթ փոխանցել:
Պատասխանող կողմը` քրեակատարողական հիմնարկների վարչության ներկայացուցիչները փորձեցին ճշտել, թե արդյոք Փաշինյանը գրավոր դիմել է, որ իր ասածն հիմնավորի:
«Ես բազմիցս այս ընթացքում գրավոր դիմել եմ, տարբեր հարցերով, բայց եթե հիմա դուք կարողանաք գտնել, թե որտե՞ղ են այդ դիմումները, ես ձեզ մաղարիչ կանեմ», - ասաց Փաշինյանը:
Նա միջնորդեց, որ դատարանը հնարավորություն տա իրեն տեսակցել փաստաբանի եւ փոխանցել գործին առնչվող փաստաթղթերը: Դատարանը բավարարեց միջնորդությունը եւ նիստը հետաձգվեց: Այս մասին տեղեկացնում է Ազատություն ռադիոն:

No comments: