Monday, May 23, 2011

ՀՐԱՊԱՐԱԿՎԵՑ ԹՀԹ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՄԱՐՄՆԻ ԵՐԿԱՄՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԳՆԱՀԱՏԱԿԱՆՈՒՄ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ՀԻՇՎՈՒՄ Է ՆԱԵՎ ԱՅՆ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «ԱՐԱՔՍ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԸ ԳՐԵԼ Է ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒ ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ, ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԸ ԿԱՄ ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ «ԱԶԳԱՅԻՆՆԵՐԸ» ԱՆԸՆԴՀԱՏ ԱՇԽԱՏՈՒՄ ԷԻՆ ԵՎ ԴԵՌ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ԹԱՔՑՆԵԼ ԴՐԱՆՑ:

ԲԱՆԱՁԵՒ՝ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԿՐՕՆԱԿԱՆ ԵՒ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ
ԵՒ ՀԱՇՒԵՔՆՆԻՉ ՄԱՐՄՆԻ ԵՐԿԱՄԵԱՅ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԵԱՆ (ՄԱՅԻՍ 2009 - ՄԱՅԻՍ 2011)

Երեքշաբթի, 17 մայիսի 2011 թ.

Նկատի առնելով Թեհրանի հայոց թեմի ազգային իշխանութեան ժողովրդավար կառոյցը բաղկացած թեմակալ առաջնորդից, Պատգամաւորական Ժողովից եւ նրանից բխած Կրօնական եւ Թեմական Խորհուրդներից եւ Հաշւեքննիչ Մարմնից, ինչպէս նաեւ յիշեալ կառոյցների աշխատանքների միաձուլւածութիւնն ու սերտ շաղկապւածութիւնը Թեհրանի Հայոց Թեմի 14-րդ Պատգամաւորական Ժողովը, ունկնդրելով Կրօնական եւ Թեմական Խորհուրդների եւ Հաշւեքննիչ Մարմնի երկամեայ գործունէութեան զեկոյցներըը, ժողովականների կողմից ուղղւած ըստ էութեան արտայայտութիւններն ու գնահատականները, իր բանաձեւը ներկայացնում է ըստ հետեւեալի՝

Կրօանական Խորհուրդ
1. Բարձր է գնահատում Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տէր Սեպուհ Արք. Սարգսեանի եւ Կրօնական Խորհրդի կողմից հոգեւոր դաստիարակչական եւ քրիստոնէական սկզբունքների ուսուցման ուղղութեամբ կատարած բոլոր աշխատանքները եւ միջոցառումները։
2. Բարձր է գնահատում Սրբազան հօր եւ Կրօնական Խորհրդի միջ-թեմական կապերի, միութենական այցելութիւնների, նոր քահանաների ձեռնադրման, եկեղեցիների անւանակոչման եւ ուխտագնացութիւնների աշխատանքները, եւ համայնքի տարբեր խաւերի (այդ թւում՝ երիտասարդներ, նորապսակ զոյգեր, կարիքաւոր եւ սգակիր ընտանիքներ, համալսարանների հայ դասախօսներ) հետ յարաբերութիւնները։
3. Գերազանց եւ ողջունելի է գտնում Սրբազան Հօր, Կրօնական Խորհրդի եւ յարակից մարմինների կողմից կազմակերպւած դպրոցների այցելութեան, կրօնի դասագրքերի պատրաստման, կրօնական եւ ազգային թեմաներով գրքերի եւ պրակների հրատարակման, ուսուցման լսատեսողական արդի ձեւերի կիրառման, կիրակնօրեայ դպրոցների շարունակման, եւ նոր ձեռնարկների իրականացման բոլոր աշխատանքները։
4. Կարեւորում է Թեմիս անունից ներկայացած Թեմակալ Առաջնորդի եւ այլ ներկայացուցիչների մասնակցութիւնը տեղական, տարածաշրջանային, միջազգային եւ միջեկեղեցական համաժողովներում, որոնց միջոցով արծարծւել է նաեւ Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ հայ ժողովրդի արդար դատը։
5. Ողջունում է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միաբան հայրերի այցելութիւնը Թեհրանի Հայոց Թեմ, եւ նրանց մատուցած եկեղեցական արարողութիւններն ու ներկայացրած դասախօսութիւնները։
6. Գնահատանքի արժանի է համարում նոր ձեռնադրւած քահանահայրերի աշխոյժ գործունէութիւնը։
7. Կարեւորում է քահանահայրերի նիւթական ապահովումը եւ ողջունում է նրանց ամսական հատկացումների դրութեան հաստատումը։

Թեմական Խորհուրդ

Ա. Վարչական
1. Գերազանց է գնահատւում Թեմական Խորհրդի անդամների տրամադրած ժամանակը եւ ջանքը ազգային անշահախնդիր ու նւիրւած ծաւալուն աշխատանքներում։
2. Բարձր է գնահատւում Թեմական Խորհրդի աշխատանքների ներդաշնակ ու համերաշխ ընթացքը եւ նրա սերտ համագործակցութիւնը խորհրդարանի պատգամաւորների հետ՝ առաջնորդւելով Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սրբազան Հօր յորդորներով ու ցուցումներով։
3. Բարձր է գնահատւում երկրի 10-րդ նախագահական ընտրութիւնների նախընտրական եւ յետընտրական փուլերում ցուցաբերւած հաւասարակշռւած կողմնորոշումը, եւ որդեգրած ողջամիտ ու խելացի քաղաքականութիւնը։
4. Գնահատելի է նկատւում Թեմական Խորհրդի հանդիպումները Թեհրանի քաղաքամասերի պատգամաւորների հետ։
5. Գնահատելի է նկատւում Թեմական Խորհրդի կողմից մշակւած ծրագիր-ուղեցոյցը՝ առ ի փոխանցում յաջորդ Թեմական Խորհրդին։
6. Անբաւարար է համարւում Պատգամաւորական Ժողովի դիւանի եւ Թեմական Խորհրդի միջեւ երկխօսութիւնն ու համագործակցութիւնը, որը պէտք է հանգէր մի շարք համակարգային ու վարչական բարեփոխումների։ Նաեւ որոշ գործընթացներում հաշւի չի առնւել Պատգամաւորական Ժողովի տրամադրութիւնը։

Բ. Տնտեսական
1. Բարձր է գնահատւում ազգային կալւածների նկատմամբ ցուցաբերւած բծախնդիր եւ հոգատար վերաբերմունքը եւ դատա-իրաւական հարցերին հետեւողական վերահասութիւնը։
2. Բարձր է գնահատւում նիւթական հաշիւների ճշգրտութիւնն ու թափանցիկութիւնը, եւ տնտեսական ճիշտ կողմնորոշումները ներկայ տնտեսական պայմաններում։
3. Գնահատանքի արժանի է նիւթական զեկոյցների լայնածաւալութիւնը նախորդ շրջանների համեմատութեամբ, սակայն անբաւարար է նկատւում դրանց ներկայացման ոչ մատչելի ձեւը։
4. Գնահատւում է վերջին տարեշրջանում ներկայացւած նախահաշւից շեղման ցածր տոկոսը եւ նիւթական խնայողական ձեռքբերումները։
5. Գնահատւում է ծխական տուրքի գանձումների աճը։
6. Թերութիւն է համարւում ծխական տուրքի գանձման նկատմամբ համայնքում համոզմունք չստեղծելը։
7. Գնահատելի է նկատւում Նոր Բուրաստանի աշխատանքներում նիւթական չարաշահումների կանխման ծրագրի կազմումը։
8. Ահազանգ է համարւում 1389 թ. բիւդջէի բացի յաւելումը՝ 1388 թ. նկատմամբ (500-ից 900 միլիոն թուման, շուրջ 80%)։

Գ. Նախագծեր
1. Գնահատւում է իրագործւած շինարարական աշխատանքները եւ համարձակ քայլերը։
2. Թերութիւն է համարւում շինարարական աշխատանքների ծախսերի գերազանցումը՝ նախապէս ներկայացւած նախահաշւի համեմատութեամբ, եւ այդ կապակցութեամբ պատգամաւորներին տեղին ու ժամանակին չզեկուցելը։ Մասնաւորապէս՝ քննադատւում է «Թունեան» դպրոցի շինարարական ծախսերի շուրջ 400 միլիոն թումանի աւելացումը՝ առանց Պատգամաւորական Ժողովի հաստատման։

Դ. Կրթական
1. Լաւ է գնահատւում ազգգային դպրոցների վերադասաւորման աշխատանքները։
2. Դրական է գնահատւում Կրթական Խորհրդի կողմից ուսումնա-դաստիարակչական նոր մեթոդների կիրառումը, աշակերտական ճամբարների կազմակերպումը, նորամուտ ուսանողների գնահատումը, եւ «Վերջին Զանգ»-ի եւ մշակութային մրցութիւնների կազմակերպումը։
3. Դրական է գնահատւում Թ. Հ. Թեմի Հայերէնագիտական դասընթացների Զէյթուն քաղաքամաս տեղափոխումը։
4. Գնահատելի է նկատւում հայոց լեզւի ուսուցիչների վերապատրաստման ծրագրերի իրագործումը, եւ դպրոցներում հայերէն առարկաների նկատմամբ ցուցաբերւած ուշադրութիւնը։
5. Գնահատելի է ուսանողական հիմնադրամների գործունէութիւնը։
6. Թերութիւն է համարւում հայոց դպրոցների կրթական մակարդակի չբարելաւումը եւ անբաւարար է նկատւում հայոց դպրոցներում դասաւանդւող ոչ հայերէն առարկաների եւ դրանք դասաւանդող ուսուցիչների մակարդակը։
7. Ոչ բաւարար է գնահատւում «Ռոստոմ» եւ «Արաքս» դպրոցների համատեղման նախապատրաստական աշխատանքները եւ այդ առթիւ հանրութեան շրջանում ամբողջական դրական կարծիք չձեւաւորելը։
8. Դրական է գնահատւում Թեմական Խորհրդի հանդիպումը՝ ոչ հայկական դպոցներ յաճախող աշակերտների ծնողների հետ։

Ե. Մշակութային
1. Բարձր է գնահատւում Սրբազան Հօր եւ Թեմական Խորհրդի այցելութիւնները եւ հանդիպումները միութիւնների հետ, եւ նրանց նկատմամբ որդեգրած հովանաւորող մօտեցումը։
2. Գնահատելի են Մշակութային Մարմնի չկազմւելու ուղղութեամբ միութիւնների հետ համատեղ վերցրած քայլերը։

Զ. Հասարակական
1. Գերազանց է գնահատւում 2009 թ. յուլիսի 15-ի Թեհրան-Երեւան աւիաչւերթի դժբախտ պատահարի նկատմամբ Առաջնորդ Սրբազան Հօր եւ Թեմական Խորհրդի անմիջական վերահասութիւնը, եւ զոհւածների հարազատների վիշտը սփոփելու եւ նրանց իրաւունքները վերականգնելու հետեւողական աշխատանքները՝ Իրանի Իսլամական Խորհրդարանում Իրանահայութեան զոյգ պատգամաւորների համագործակցութեամբ։ Այդ ուղղութեամբ գովելի է Նոր Բուրաստանում զոհւածների յուշարձանի կառուցումը։ Նաեւ գնահատման արժանի է աննախադէպ պայմաններից բխած արտակարգ իրավիճակների պատշաճ տնօրինումը։
2. Բարձր է գնահատւում ազգային բարերարների նկատմամբ ցուցաբերւած խնամքն ու հոգատարութիւնը։
3. Դրական է գնահատւում ազգային առաջնորդարանի կայքէջի վերաշխուժացման, արխիւների դասակարգման, եւ թեմիս գրադարանի վերաշխուժացման ուղղութեամբ տարած բոլոր աշխատանքները։
4. Դրական է գնահատւում «Աւետիսեան» ազգային բուժարանի նիւթական ինքնաբաւ լինելը։

Է. Պետական-Արտաքին Կապեր
1. Յոյժ գովելի է Հայաստանի Հանրապետութեան սահմանամերձ գիւղերում բարեշինական եւ զարգացման ուղղութեամբ իրագործւած ծրագրերը, նաեւ Արցախի «Նոր Կիլիկիա» գիւղի կառուցման համար ներդրումները։
2. Բարձր է գնահատւում Հայաստանի Հանրապետութեան Դեսպանութեան նոր շէնքի տրամադրումը եւ դրա շինարարական աշխատանքներին օժանդակումը։
3. Բարձր է գնահատւում Իրան-Հայաստան յարաբերութիւնների համատեքստում Թեմական Խորհրդի ներդրումը։

Հաշւեքննիչ Մարմին
1. Բարձր է գնահատում Հաշւեքննիչ Մարմնի անդամների նւիրական եւ մասնագիտական լուրջ մօտեցումը իրագործւած աշխատանքների նկատմամբ՝ նկատի ունենալով աշխատանքի ծաւալը եւ շրջանների հեռաւորութիւնը։
2. Բարձր է գնահատում Հաշւեքննիչ Մարմնի գործունէութիւնը, որը կատարւել է ամենայն բծախնդրութեամբ եւ հետեւողականութեամբ։
3. Նկատի ունենալով, որ մեր ազգային մարմինները աշխատում են առաւելաբար բարոյական ոլորտներում եւ ոչ արհեստավարժ նիւթական տնօրինումով, յոյժ գովելի է Հաշւեքննիչ Մարմնի հետեւողականութիւնը եւ ջանքը, բոլոր հաշիւների ընդգրկումը միատարր համակարգում: Գնահատւում է որոշ հաշւեքննութիւնների այժմէականացումը մինչեւ օրս։
4. Բացասական է համարում Հաշւեքննիչ Մարմնի բացակայ անդամների պարագան Պատգամաւորական Ժողովի ուշադրութեանը ժամանակին չներկայացնելը։

Սոյն բանաձեւը ընթերցւեց եւ հաստատւեց Պատգամաւորական Ժողովի 14-րդ նստաշրջանի 14 մայիս 2011 թւականի նիստում։

No comments: