Sunday, May 22, 2011

Ադրբեջան. Ընդդիմությունը ողջունել է Եվրախորհրդարանի՝ Ադրբեջանի վերաբերյալ ընդունած բանաձևը

Panorama.am. 21-5-2011- Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը ուրբաթ երեկոյան հանդիպում է ունեցել Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների հետ: Մասնավորապես, հանդիպմանը մասնակցել են «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Համբարը, Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության (ԱԺՃԿ) ղեկավար Ալի Քերիմլին, Դեմոկրատական կուսակցության նախագահ Սարդար Ջալալօղլուն, Ազգային անկախություն կուսակցության ղեկավար Յուսիֆ Բաղիրզադեն, Լիբերալ կուսակցության գործադիր կոմիտեի ղեկավար Ավեզ Թեմիրխանը և Քաղաքացիների ու զարգացման կուսակցության ղեկավար Ալի Ալիևը: Այս մասին տեղեկացրել է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Քերիմլին հանդիպման վերաբերյալ հաղորդել է, որ ընդդիմադիրները Եվրախորհրդարանի ղեկավարին տեղեկացրել են Ադրբեջանում մարդու իրավունքների վատ վիճակի, քաղաքական կուսակցությունների ու երիտասարդ ակտիվիստների ձերբակալությունների, ընտրությունների կեղծման, հանրահավաքների ազատության խախտման, երիտասարդության նկատմամբ իշխանությունների ագրեսիվ վերաբերմունքի, ԲՈւՀ-երից այլախոհների հեռացման, կոռուպցիայի, երկրում իշխանության մեկ ընտանիքի ձեռքում կենտրոնացման մասին:
Բացի այդ, քաղաքական կուսակցությունների առաջնորդները ողջունել են Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, որում քննադատություն էր պարունակվում երկրում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ: Նրանք Եվրախորհրդարանին կոչ են արել հետևողական լինել ադրբեջանական իշխանություններից ժողովրդավարական արժեքներին հետևելու պահանջի հարցում:
Քերիմլիի խոսքերով, Բուզեկը հայտարարել է, որ Եվրոպայի խորհրդարանի համար մարդու իրավունքների խնդիրը գործընկերների հետ քննարկման կարևոր հարց է հանդիսանում և այն միշտ այդ կառույցի օրակարգում կլինի:

No comments: