Sunday, May 8, 2011

ՆԺԿ. Եթե քաղաքական ցունամիներ չլինեն, ուրեմն լինելու են հերթական ընտրություններ

«Panorama.am», 07.05.2011: «Մենք մասնակցելու ենք խորհրդարանական և նախագահական ընտրություններին, ինչպիսին էլ դրանք լինեն` արտահերթ, թե հերթական»,-Panaorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ապա ավելացրեց, որ այս պահին իրենց սպասումների համաձայն, խորհրդարանական ընտրությունները լինելու են հերթական:
«Եթե ֆորսմաժորներ, քաղաքական ցունամիներ չլինեն, ուրեմն լինելու են հերթական ընտրություններ»,-առկա իրավիճակի մասին իր գնահատականը հնչեցրեց Ա. Կարապետյանը: Նա ընդգծեց, որ ՆԺԿ-ն պատրաստվելու է խորհրդարանական ընտրություններին մենակ գնալուն, քանի որ, ըստ նրա, ով պատրաստ է միայնակ մասնակցելուն, միշտ լավագույն դաշինքն է կարողանում կազմել: Ա. Կարապետյանն ասաց, որ հունիսին կուսակցությունը համագումար է հրավիրելու, իսկ ամռանը մարզերում մեծ աշխատանք են սկսելու, աշնանն արդեն բուռն քննարկումներ են լինելու տարբեր հարցերի շուրջ:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ տեղի է ունեցել ՆԺԿ ակտիվի հերթական ժողովը: Ա. Կարապետյանն ասաց, դրա արդյունքում ֆիքսել են, որ Հայաստանում արմատական ընդդիմադիր նոր շարժման կարիք կա, ապա հստակեցրել են այն ուժերի շրջանակը, որոնց հետ հնարավոր է բանակցել կամ դաշինք կազմել:
«Մենք խնդիր չենք դնում ամեն գնով խորհրդարան անցնել, որովհետև միայնակ էլ նախորդ ընտրությունների ժամանակ 4 տոկոսի չափ ձայն ենք հավաքել, այնպես որ հիմա էլ ոչ ֆինանսական, ոչ մարդկային առումով որևէ խնդիր չունենք»,-ասաց Ա. Կարապետյանը:
ՆԺԿ առաջնորդն այն համոզման է, որ Հայաստանում լուրջ ազգային բևեռ ձևավորելը օրհասական հարց է, նա հանձին իշխանությունների, ՀԱԿ-ի ու օլիգարխների երկրում լիբերալ բևեռ է տեսնում: «Մենք տեսնում ենք, որ արմատական շարժման էներգիան սկսում է պակասել, կարելի է ենթադրել, որ դա կարող է բերել նրան, որ արմատական նոր շարժման կարիք կլինի»,-ասաց նա:
Ազգային գաղափարախոսության բևեռի ձևավորման գործին մասնակից Ա. Կարապետյանը իրենց հետ միասին տեսնում է ՀՅԴ-ին, «Ժառանգությանը», ՀՌԱԿ-ին, ՍԴՀԿ-ին և այլոց: «Այսինքն նրանք, ովքեր Սփյուռքում և ներսում զուտ ազգային պետականության ուժեղացման կողմնակիցն են: Ես չեմ ասում, որ այն մյուս թևը դա չէ, ճանապարհներն են խիստ տարբեր, որովհետև լիբերալ տնտեսության լիբերալ մտածողության մեջ միշտ ավելի շատ կարևորվում է մարդու գործունեությունը, քան թե պետականության գործունեությունը: Սրա մեջ է տարբերությունը»,-ասաց Ա. Կարապետյանը: Նա նաև ասաց, որ հիշյալ կուսակցությունների միջև բանակցություններ ու մտքերի փոխանակում կան, բայց անհատների մակարդակով:

No comments: