Thursday, June 16, 2011

ԱՄՆ-Ը` ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ «ՓՈԹՈՐԻԿ ԱՌԱՋԱՑՆԵԼՈՒ» ԱՐԱՆՔՈՒՄ

Կոնգրեսում երկու բանաձեւ է ներկայացվել` Ցեղասպանության ճանաչման ու քրիստոնյաներին եկեղեցական գույքի վերադարձման մասին

«ԱԶԳ, 16-06-2011- «Միացյալ Նահանգները պարտավոր է հիշել նրանց, ովքեր ձայն չունեն: 95 տարի առաջ մեկուկես միլիոն մարդ է սպանվել պարզապես նրա համար, որ եղել է հայ», հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ռոբերտ Դոլդը իր գործընկերներ Ադամ Շիֆի, Ֆրանկ Փալոնի եւ Էդ Ռոյսի հետ ԱՄՆ Կոնգրեսում ներկայացնելով Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող օրինագիծը հունիսի 14-ին:
Ըստ Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրության, կոնգրեսական Դոլդն ընդգծել է, որ ինքն անձամբ է լսել իր ընտրատարածքի ամերիկահայերի` Հայոց ցեղասպանության ժամանակ կորցրած սիրելիների ու հարազատների մասին ծանր պատմությունները: Դոլդը շեշտել է Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորությունըՙ որպես գալիք ցեղասպանությունների կանխարգելմանը նպաստող քայլ:
Ադամ Շիֆն ավելացրել է, որ պատմության փաստերը հստակ են, լավ փաստաթղթավորված, ու բանակցելի չեն. «...Մեկուկես միլիոն հայ դիտավորությամբ սպանվել է 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ»: «Եթե մենք պետք է կանխենք գալիք հրեշավորությունները, մենք պետք է դատապարտենք ցեղասպանությունը` երբ ու որտեղ էլ այն տեղի ունեցած լինի: Ու քանի դեռ ապրում են ցեղասպանություն վերապրածներ, մենք հրատապ ու բարոյական պարտավորություն ունենք բացեիբաց խոսելու անցյալից», ասել է կոնգրեսական Շիֆը:
Ի լրումն համահեղինակ հանդես եկող 57 կոնգրեսականների այս նախագծին աջակցություն հայտնելու հանգամանքին` եւս մեկ օրինագիծ ամբողջացնում է նախաձեռնությունը: Մասնավորապես, նույն օրը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ահաբեկչության ենթահանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսն ու նույն հանձնաժողովի անդամ Հովարդ Բերմանը ներկայացրել են «Կոչ Թուրքիայինՙ պաշտպանելու իր քրիստոնեական ժառանգությունը եւ վերադարձնելու բռնագրավված եկեղեցական գույքը»:

Էրդողանի վարչակազմն, ըստ Բերմանի, պարտավոր է անհապաղ քայլեր ձեռնարկել վերականգնելու եկեղեցական բռնագրավված ունեցվածքը եւ բոլոր քրիստոնեական համայնքներինՙ հայերին, հույներին եւ մյուսներին, թույլ տալ ազատորեն իրականացնել իրենց ծիսակատարություններն ու կրոնական կրթություն տալ: «Չի կարող լուրջ խոսակցություն լինել «թուրքական մոդել»-ի մասին, երբ խտրական քաղաքականության տեսակները ներկա դրությամբ շարունակում են գոյություն ունենալ», ասել է Բերմանը:
Միեւնույն ժամանակ, «The Republic» պարբերականն իր երեկվա հրապարակմամբ տեղեկացնում է, թե որոշ տեղեկությունների համաձայն, Հայոց ցեղասպանության վերաներկայացված բանաձեւը նոր թափ կտա դիվանագիտական լարվածությանը, նկատի ունենալով ամերիկա-թուրքական հարաբերությունները: Ըստ հրապարակման, ԱՄՆ պետքարտուղարության գաղտնի հաղորդագրությունները հայտնում են, որ ներկայացված բանաձեւը միջազգային արձագանք կունենա:
Չնայած 16 տարի Ներկայացուցիչների պալատ ներկայացվող Ցեղասպանության ճանաչման բանաձեւերը չեն հասել հենց պալատին` WikiLeaks-ի հրապարակումների համաձայն, այդ բանաձեւերի նախագծերը հաջողել են` խթանելով դիվանագիտական շատախոսությունը: Ասվածը ներկայացնելով որպես ԱՄՆ պետքարտուղարությանն ուղարկված հաղորդագրություն` հրապարակման մեջ նշվում է, որ Անկարայից 2010-ի հունիսի 26-ին ստացված հաղորդագրության համաձայն` «ԱՄՆ կողմից որեւէ սահմանում 1915 թ. իրադարձություններին որպես «ցեղասպանություն» Թուրքիայում քաղաքական փոթորիկ կառաջացնի, եւ կազդի մեր երկկողմ հարաբերությունների վրա` քաղաքական, ռազմական եւ առեւտրային ասպեկտները կավերվեն»: Գաղտնի հաղորդագրության մեջ նշվում են ամերիկյան ընկերություններ Sikorsky-ին եւ Raytheon-ը, որոնցից առաջինը ուղղաթիռ է ցանկանում վաճառել Թուրքիային, մյուսը`օդային պաշտպանության համակարգ:
Հիշատակելով WikiLeaks-ի մեկ այլ բացահայտում` «The Republic»-ը հիշեցնում է, որ դեռեւս 2009 թ. հոկտեմբերի 13-ին ԱՄՆ պետքարտուղարություն գաղտնի հաղորդագրություն է գնացել Թել Ավիվից, հիշատակմամբ, որ Թուրքիայի ամենամյա խնդրանքը Իսրայելի աջակցության առնչությամբ ուղեկցվում է Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձեւը կանխարգելելով:
Կոնգրեսում հայկական թեմաներով այս նախաձեռնությանը հունիսի 15-ի համարում իսկույն արձագանքել էր թուրքական «Հյուրիեթը»:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: