Monday, June 6, 2011

Թուրքիայում սպասվում են գեներալների նոր զանգվածային ձերբակալություններ

Tert.am. 6-6-2011- «Բալյոզ» հեղաշրջման ծրագրի շրջանակում Թուրքիայում հնարավոր է ձերբակալվեն երկու տասնյակից ավելի պաշտոնաթող և գործող բարձրաստիճան զինվորականներ։ Այս մասին գրում է թուրքական «Այդընլըք» պարբերականը՝ մեկնաբանելով օրեր առաջ «Զաման» օրաթերթում հայտնված Թուրքիայում իրականացվելիք հերթական հեղաշրջման փորձի վերաբերյալ աղմկահարույց տեղեկությունները։
«Չի բացառվում, որ առաջիկայում Թուրքիայում ձերբակալվեն 25 պաշտոնաթող և գործող սպաներ, այդ թվում` Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետեր Բույուքանըթն ու Բաշբուղը»,– գրում է «Այդընլըքը»՝ ավելացնելով.
«Օրեր առաջ ծառայության մեջ գտնվող 8 բարձրաստիճան սպաների, այդ թվում` Ռազմական ակադեմիաների հրամանատար, գեներալ Բիլգին Բալանլըի և Ռազմաօդային դպրոցի հրամանատար, գեներալ Իսմայլ Թաշի կալանավորմամբ մեկնարկած նոր գործողությունը շարունակվելու է, որի ընթացքում ձերբակալվելու են մի շարք բարձրաստիճան զինվորականներ։ Նոր գործողության հիմնական թիրախներն են Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետեր Յաշար Բույուքանըթն ու Իլքեր Բաշբուղը, ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Չևիք Բիրը, Ցամաքային զորքերի նախկին հրամանատարներ Այթաչ Յալմանն ու Աթիլա Աթեշը, գեներալներ Սալդըրայ Բերքը, Հասան Ըղսըզը, Շյուքրյու Սարըըշըքը, Յուրդաեր Օլցանը, Մեհմեդ Չեթինը, Սամի Ֆընդըքօղլուն և ծովակալ Սավաք Յուրեքլին»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրքական «Զաման» օրաթերթը հրապարակել էր աղմկահարույց փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ Զինված ուժերի գլխավոր շտաբը 2007թ. կայացած նախագահական ընտրություններից հետո ծրագրել էր քաղաքականությունից հեռացնել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նախկին արտգործնախարար, ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլին։
Այդ տեղեկություններն ի հայտ են եկել «Էրգենեքոնի» գործով անցնող պաշտոնաթող գնդապետ Լևենթ Գյոքթաշի գրասենյակի խուզարկության ժամանակ։ Հայտնաբերված խտասկավառակում տեղ գտած փաստաթղթերից մեկում, որի տակ առկա է այդ ժամանակաշրջանի Զինված ուժերի հետախուզության վարչության պետ, գնդապետ Թուրգութ Աքի ստորագրությունը, նշվում է, որ 2007թ. Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների ողջ գործընթացը վերահսկվել է այդ շրջանում Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարի պաշտոնը զբաղեցնող Իլքեր Բաշբուղի (2008-2010թթ. զբաղեցրել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը,– Tert.am) կողմից։ Բաշբուղն իր խորհրդական Նուրան Յըլդըզին նախագահական ընտրությունների ժամանակ ուղարկել է ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների մոտ և կոնկրետ հանձնարարականներ տվել նրանց։
Բաշբուղն իր խորհրդականի միջոցով Ժողովրդա–հանրապետական, «Մայր հայրենիք» և «Ճշմարիտ ուղի» կուսակցությունների առաջնորդներին հորդորել է բոյկոտել նախագահական ընտրությունները՝ տալով հետևյալ խոստումը. «Մենք խոսել ենք Սահմանադրական դատարանի հետ։ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը փակվելու է։ Իսկ եթե հանկարծ Էրդողանը-Գյուլ-Արընչ (Բյուլենթ Արընչ, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախկին նախագահ, ներկայում զբաղեցնում է փոխվարչապետի պաշտոնը) եռյակից որևէ մեկն ընտրվի, զինված ուժերը կմիջամտեն գործընթացին։ Խոստանում ենք ձևավորել նոր կարգ»։
«Զամանի» այդ հրապարակումից հետո հայտարարությամբ հանդես էր եկել ԶՈւ գլխավոր շտաբը։ Հայտարարությունում նշվում էր, որ իրականացված ուսումնասիրության արդյունքում որևէ փաստաթուղթ, տեղեկություն կամ ձայնագրություն չի հայտնաբերվել, որը կհաստատեր «Զաման» օրաթերթի հրապարակած տեղեկությունների իսկությունը։

No comments: