Sunday, June 19, 2011

Ինչպե՞ս պաշտպանվել արեւից. Խորհուրդներ մասնագետից

News.am. 18-6-2011-Արեւից պաշտպանվելու լավագույն տարբերակը քիչ ճառագայթվելն է, փորձել դրսում գտնվել առավոտյան ժամերին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գլխավոր մաշկաբան,պրոֆեսոր Կարեն Բաբայանը: «Շատ կարեւոր է պաշտպանվել արեւից: Դրա համար անհրաժեշտ է առավոտյան ժամերին գտնվել փողոցում,քանի որ կեսօրին եւ երեկոյան արեւի ճառագայթները ավելի ագրեսիվ են»,- ասաց նա:
Մաշկաբանը խորհուրդ տվեց արեւից պաշտպանվելու համար օգտագործել հովանոցներ, արեւային ակնոցներ, ավելի շատ հագնել սպիտակ գույնի հագուստ, որը կլանում է ուլտրամանուշակագույն ճառագայթները:
Ինչ վերաբերում է արեւից մաշկը պաշտպանելուն, ապա Կարեն Բաբայանը նշեց, որ գերզգայուն մաշկ ունեցողները պետք է օգտագործեն հատուկ արեւապաշտպան քսուքներ: Նման քսուքներ ցանկալի է օգտագործեն բոլոր տիպի մաշկ ունեցողները` հնարավոր հետեւանքներից խուսափելու համար: Կարեն Բաբայանն ասաց, որ արեւապաշտպան քսուքները պետք է օգտագործել նաեւ ծով գնալիս կամ պարզապես արեւայրուք ընդունելիս. «Իսկ եթե հանկարծ տուն ես վերադառնում կարմրած, ապա պետք չէ մածունով, ադիկալոնով բուժումներ անել, ավելի լավ է` բժշկի դիմել, որպեսզի այրվածքների չհասնի»,- նշեց Կարեն Բաբայանը:

No comments: