Saturday, June 18, 2011

Օջալանը հետ կկանչի PKK–ի զինյալներին, եթե…

Tert.am. 18-6-2011- Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) կողմից միակողմանիորեն հայտարարված զինադադարի ժամկետը երկարաձգվում է։ Այս մասին, ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, հայտարարել է Իմրալը կղզում ցմահ բանտարկության դատապարտված Աբդուլլահ Օջալանն իր փաստաբանների հետ հերթական հանդիպման ժամանակ։
Քուրդ առաջնորդը հայտարարել է նաև, որ ինքը նույնիսկ պատրաստ է հետ կանչել PKK–ի զինյալներին։
«Եթե Թուրքիայի խորհրդարանն ինձ դիմի համապատասխան կոչով, ես կանեմ հնարավորինը PKK–ին բախումներից հեռու շրջաններ տեղափոխելու համար»,– ասել է Օջալանը։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ թուրքական «Թարաֆ» օրաթերթը տեղեկություն էր տարածել այն մասին, որ PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը հրահանգել է քուրդ զինյալներին լքել Թուրքիայի այն տարածքները, որտեղ մեծ է թուրքական ստորաբաժանումների հետ բախման հավանականությունը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունիսի 15-ին PKK–ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանն իր փաստաբանների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ նախորդ օրն ինքը հերթական հանդիպումն է ունեցել Թուրքիայի իշխանությունների կողմից ուղարկված պաշտոնական պատվիրակության հետ։
PKK–ի առաջնորդի փաստաբանները մանրամասներ չէին հաղորդել Օջալան–Անկարա բանակցությունների մասին՝ նշելով միայն, որ քուրդ առաջնորդը հայտարարել է, թե հնարավոր է՝ PKK–ի զինադադարի ժամկետը երկարաձգվի։
Աբդուլլահ Օջալանն ավելի վաղ կոնկրետ վերջնաժամկետ էր ներկայացրել Անկարային` հայտարարելով, որ հունիսի 15-ից հետո թուրքական իշխանությունները կամ բանակցություններ կսկսեն քրդերի հետ քրդական հարցի առնչությամբ, կամ Թուրքիայում պատերազմ կսկսվի, կստեղծվի քաոսային իրավիճակ։

No comments: