Thursday, June 16, 2011

Բրայզան հաստատում է, որ խաղաղապահների հարցն օրակարգային է

Tert.am. 16-6-2011- Կազանի հանդիպման արդյունքները, ըստ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան և ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի, դժվար է կանխատեսել։
«Հայաստանի և Ադրբեջանի նախագահները այս փաստն ավելի լավ են հասկանում, սակայն մենք կարող են ենթադրել, որ Մինսկի խմբի համանախագահները որոշակի տեղեկություններ ունեն։ Մի բան ակնհայտ է, որ բանակցություններում խորամանկություններ չկան, քննարկումները շատ լուրջ են և վերջին շրջանում զգալի առաջընթաց է արձանագրվել», – ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է Մեթյու Բրայզան։
Դեսպանը նշել է, որ բանակցությունների օրակարգային հարցերից է հակամարտության գոտում խաղաղապահ զորքերի տեղակայումը։
Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց, թե կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել հակամարտության գոտում խաղաղապահներ տեղակայելու շուրջ։ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հերքեց այս տեղեկությունը՝ վստահեցնելով, որ խաղաղապահ ուժերի հարցը բանակցություններում վերջին երեք տարիներին երբեք չի քննարկվել։

No comments: