Thursday, June 16, 2011

Արքայազն Չարլզն ու Երեւանի գլխավոր խնդիրը

«Լրագիր» 16-6-2011- Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը եւ Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը արդեն երկրորդ տարին է, ինչ կազմակերպում են դրամահավաք, որն ուղղվելու է “Երեւան, իմ սեր” խորագիրը կրող ծրագրին: Ծրագրի նպատակը Երեւանի պատմամշակութային ժառանգության պահպանումն է:
Տեսնես արդյոք Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը, որ հովանի է փորձում հանդիսանալ “Երեւան, իմ սեր” ծրագրին, տեղյակ է, որ ասենք Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն էլ է սիրում Երեւանը: Եվ տեսնես արդյոք Չարլզը տեղյակ է, թե ինչ դրսեւորումներ է ունեցել այդ սերը, ու դեռ շարունակում է ունենալ:
Արդյոք Չարլզին ցույց են տվել, թե անցած 5-6 տարիների ընթացքում ինչ են արել Երեւանի հետ, ինչպես են արել, ինչով են արել կամ ումով են արել: Արժեր, որ Մեծ Բրիտանիայի արքայազնը մի անգամ գար Երեւան եւ իր աչքով տեսներ, թե ինքն ինչն է սիրում:
Նախաձեռնությունն իհարկե շատ լավն է, նույնիսկ հուզիչ, որ աշխարհի գերտերություններից մեկի արքունական տան պատվարժան անդամը հոգ է տանում 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքով մի պետության մայրաքաղաքի մասին:
Բայց չէ որ այդ ամենը չափազանց արհեստական կարող է ստացվել, երբ օրինակ մարդիկ, իշխանության ներկայացուցիչներ, որոնք գնում եւ արքայազնի հովանու ներքո անցկացվող միջոցառումներին են մասնակցում, հետո գալիս են Երեւան եւ իրենց համաձայնությունն են տալիս` գրավոր, կամ լռելայն, Երեւանի ճարտարապետական տեսքն աղավաղող նախաձեռնություններին, կանաչապատ տարածքները նվաճող էլիտարներին:

Երեւանի պատմությունը չէ պետք փրկել: Երեւանը, որպես քաղաք, երեւի մի կարգին պատմություն էլ չունի, այլ երեւի թե վերջին տասնամյակներում անընդհատ գտնվում է քաղաքի իր ապագայի որոնումների մեջ: Բայց, այդպես էլ կարծես թե չի գտնում այդ ապագան, որովհետեւ իրականում ով ստանձնում է այդ “որոնողական” համակարգը, հնչեղ խորագրերի կամ հռչակումների քողի տակ իրականում իր ներկայի բարեկեցության հետ կապված որոնումներ է իրականացնում: Երեւանն այսօր անցյալից ու ներկայից ավելի, ունի ապագայի, իրապես քաղաք դառնալու, քաղաքային համակարգ, քաղաքային մշակույթ, քաղաքային մտածողություն ձեւավորելու խնդիր, որ ամեն եկողն իր կարգը չբերի Երեւան, այլ ենթարկվի Երեւանի կարգին:

Մինչդեռ մենք սովոր ենք պատմության արհեստածին պաշտամունքի տակ լղոզել ներկայի եւ առավել եւս ապագայի համար պատասխանատվությունը: Այն “Երեկվա Երեւանը”, չգիտեմ` “70-ականների Երեւանը”, ասենք “80-ականների Երեւանը” ամենեւին էլ Երեւանի պատմությունը չեն, այլ որոնողական աշխատանքի դրվագներ: Երեւանը պարբերաբար իր դեմքն է որոնել, իր ապագան, ու երբեք չի գտել այն:

Երեւի թե հենց դա է Երեւանի գլխավոր խնդիրը: Ու այդ խնդրի լուծումն ավելի ու ավելի է դժվարանում, որովհետեւ ով ինչ ասես լցնում է Երեւանի գլխին, ու ինչքան ժամանակն անցնում է, այդքան շատ է կուտակվում այդ աղբը, ու այն հետ տանելը դառնում է այդքան դժվար:

ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

No comments: