Thursday, June 16, 2011

«Հույս ունենք, որ Ադրբեջանը նույնպես քաղաքական կամք կցուցաբերի». Տիգրան Սարգսյանի հարցազրույցը CNN-ին

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցազրույց է տվել CNN հեռուստաընկերությանը, որի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացին:
Լրագրողի հարցին, թե արդյոք հունիսի 25-ին Կազանում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման ընթացքում հնարավոր է առաջընթաց գրանցվի, Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունը ունի քաղաքական կամք Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում առաջ շարժվելու, եւ իրենք հասկանում են, որ դա հեշտ չէ:
«Սակայն մենք հույս ունենք, որ Ադրբեջանը նույնպես քաղաքական կամք կցուցաբերի», – ասել է Տիգրան Սարգսյանը:
Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հեռանկարի մասին Տիգրան Սարգսյանն ասել է, որ վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանը շատ հստակ ներկայացրել է իր դիրքորոշումը:
«Երեւանը պատրաստ է հարաբերությունները բարելավել հարեւան երկրների հետ առանց նախապայմանների: Սակայն վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Թուրքիան պատրաստ չէ նույն կերպ վարվել», – ասել է Հայաստանի վարչապետը։ – «Հարեւանների հետ հարաբերությունները բարելավելու խնդիրը միայն Հայաստանինը չէ։ Թուրքիայի քաղաքական կշիռը միայն կավելանա, եթե Անկարան հետեւի խաղի միջազգային կանոններին: Անկարան պետք է շարունակի ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել Եվրամիությանն անդամագրվելու ճանապարհին: Եւ այդ դեպքում մենք դյուրությամբ կկարողանանք կայուն հարաբերություններ հաստատել մեր հարեւան երկրի հետ»:
Խոսելով Հայաստանի տնտեսության մասին՝ Տիգրան Սարգսյանն ասել է, որ ճգնաժամը Հայաստանում մեծապես պայմանավորված էր նրանով, որ տնտեսությունը դիվերսիֆիկացված չէր: Իսկ հակաճգնաժամային քայլերը երեք ուղղությամբ են իրականացվել ` տնտեսության դիվերսիֆիկացում, ենթակառուցվածքների եւ բիզնես միջավայրի բարելավում:

«Հայաստանի արտահանումը 2000 թվականին կազմում էր համախառն ներքին արդյունքի 20 տոկոսը, իսկ այժմ միայն 12 տոկոսն է կազմում», – լրագրողի այս դիտարկմանն ի պատասխան՝ վարչապետ Սարգսյանն ասել է. – «Ցավոք սրտի առեւտրային հաշվեկշիռը դեռ բացասական է, այսինքն Հայաստանը ավելի շատ ներմուծում է, քան արտահանում, արտահանման խթանումը շարունակում է մնալ գլխավոր խնդիրը, իսկ այժմ Հայաստանի արտահանումը երեք ոլորտում է` հանքարդյունաբերություն, բարձր տեխնոլոգիաներ եւ տուրիզմը»:

Տիգրան Սարգսյանը հավելել է, որ Հայաստանի տնտեսության մեջ մեծ է Սփյուռքի դերը։

«Ֆինանսական հոսքերը Սփյուռքից Հայաստան են գալիս ոչ միայն օտարերկրյա ուղղակի ներդրումների, այլեւ մասնավոր դրամական փոխանցումների տեսքով, ինչը օգնել է Հայաստանին հաղթահարել ճգնաժամի հետեւանքները», – CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի Վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Աղբյուր` «Ազատություն» ռադիոկայան

No comments: