Thursday, June 16, 2011

Բ. Ֆասիե. Եթե Մադրիդյան սկզբունքները չընդունվեն, միջնորդները ստիպված նոր հայեցակարգ պետք է մշակեն

Panorama.am. 16-6-2011- Եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը մոտ ապագայում չընդունեն Հիմնարար սկզբունքները, ապա միջնորդները ստիպված կլինեն կարգավորման նոր հայեցակարգ ներկայացնել:
Այս մասին երեկ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կազմակերպված հանրային լսումների ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեն:
Ֆրանսիացի համանախագահն իր խոսքում անդրադարձել է ղարաբաղյան կարգավորման պատմությունն ու մինչ այդ եղած առաջարկներին: Ներկայացնելով 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին եղած կարգավորման առաջարկներն ու դրանց նկատմամբ հայկական ու ադրբեջանական կողմերի մերժողական մոտեցումները` Բ. Ֆասիեն նշել է, որ դրանից հետո միջնորդները որոշել են այնպիսի առաջարկություններ անել, որոնք թույլ կտային լուծել այդ պահին հնարավոր լուծելի խնդիրները:
Նա ներկայացրել է 2005-2006թթ. մշակված և Մադրիդում հնչած առաջարկություններն ու նշել, որ 2008 թվականին` Կոսովոյի անկախությամբ պայմանավորված Ադրբեջանի մտահոգության պատճառով, գործընթացը դանդաղել էր, սակայն բեկման ակնկալիքով 2009 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդները հանձն առան հրապարակել Հիմնարար սկզբունքները:
Ֆրանսիացի համանախագահի խոսքով, այդ պահից ի վեր իրենք Հիմնարար սկզբունքների մի քանի լրամշակված տարբերակներ են ներկայացրել կողմերին: «Այսօր մենք մոտեցել ենք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման երրորդ փուլի ավարտին»,- ասել է Բ. Ֆասիեն:

No comments: