News.am. 8-6-2011- Ռուսաստանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը, ակտիվ ջանքեր է գործադրում Ադրբեջանի համար ամենացավոտ` ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը մամուլի ասուլիսում:«Ես չեմ կարող մանրամասնել բանակցությունները, բայց երբ մենք ասում ենք, որ Ռուսաստանը որպես միջնորդ անում է ամեն ինչ, չենք խաբում: Միջազգային հանրության ջանքերի շնորհիվ այժմ շանս կա լուրջ պայմանավորվածությունների հանգել, եւ Ռուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի այդ շանսն օգտագործվի»,- նկատել է նա:
«Բանակցություններում եղել են հիասթափությունների փուլեր, եղել է ամեն ինչ, բայց այժմ հույսերի փուլն է: Բանակցություններն այժմ ընթանում են, համանախագահներն այժմ գտնվում են տարածաշրջանում, հունիսի 11-ին կհանդիպեն նախարարները, ամսվա վերջին կհանդիպեն նախագահները: Չեմ ցանկանում կանխատեսել, բայց հույսեր կան, որ հակամարտությունը շուտափույթ կկարգավորվի»,- ասել է դեսպանը:
Նշենք, որ հունիսի 6-ին մեկնարկել է համանախագահների տարածաշրջանային այցելությունը: Համանախագահներն արդեն եղել են Բաքվում, ապա ուղղաթիռով մեկնել են Աղդամի շրջանի Թեզեքենդ գյուղ` մասնակցելու Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծումանցկացվող դիտարկմանը: Դիտարկումից հետո նրանք հատելու են սահմանն ու մեկնելու են Ստեփանակերտ: Ստեփանակերտում միջնորդները հանդիպումներ կունենան հանրապետության ղեկավարության հետ: Համանախագահների այցի հաջորդ կետը լինելու է Երեւանը, ուր համանախագահները կլինեն հունիսի 9-ին: Նշենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կայանալու է հունիսի 11-ին Մոսկվայում:
Իսկ հունիսի վերջին Կազանում կայանալու է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment