Wednesday, June 8, 2011

Լեհաստանի նախագահը կատակի է տվել Թուրքիայի` ԵՄ անդամության գործընթացն արագացնելու պահանջը

News.am. 8-6-2011- Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը, ով եռօրյա պաշտոնական այցով գտնվում է Լեհաստանում, դիմել է Եվրամիությանը պահանջելով արագացնել Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցության գործընթացը:
Թուրքիայի նախագահին ընդունել է իր լեհ գործընկեր Բրոնիսլավ Կոմորովսկին:
Սկզբում կայացել է նրանց դեմ առ դեմ հանդիպումը, այնուհետեւ հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով:
Հաշվի առնելով, որ հուլիսի 1-ից Լեհաստանը ստանձնում է ԵՄ նախագահությունը, Գյուլի բանակցությունների օրակարգում եղել է հենց Թուրքայի ԵՄ անդամակցության հարցը, հաղորդում է թուրքական TRT-ն:
«Մենք ակնկալում ենք, որ որոշումներ ընդունվեն Թուրքիայի ԵՄ անդամության գործընթացն արագացնելու եւ բանակցություններում նոր բաժիններ բացելու վերաբերյալ: Ցանկանում են հավելել, որ Թուրքիայի ԵՄ անդամության հարցին ժամանակ առ ժամանակ կապվում են որոշ հարցեր, որոնք ոչ մի առնչություն չունեն այդ գործընթացի հետ: Դա չի կարելի թույլ տալ»,- ասել է Գյուլը:
Կոմորովսկին իր հերթին հայտարարել է, որ Թուրքիան պետք է համոզի ԵՄ երկրների հասարակություններին, որ Թուրքիայի ԵՄ անդամությունն այդ կազմակերպության օգտին է: Այնուհետեւ Կոմորովսկին կատակով հավելել է. «Մինչեւ վերջերս Եվրոպայի հասարակությանը վախեցնում էին լեհ սանտեխնիկներով: Լեհ սանտեխնիկի կերպարն, ի վերջո, դարձավ Լեհաստանի հաջողության խորհրդանիշը: Հիմա մենք սպասում ենք մեր թուրք սանտեխնիկին»:

No comments: