Այսօր Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության մարզադպրոցում Բրյուսովի անվան պետական համալսարանի դասախոս Դավիդ Ֆահրադյանը թարմացրեց պտտաձողի սահմանած իր կրտսեր հայրենակցի ռեկորդը և 450 պտույտ կատարեց։
Անցյալ տարի Ֆահրադյանը պտտաձողի վրա կատարել է 350 պտույտ երկու ձեռքով և 76 պտույտ՝ մեկ ձեռքով։
ԵՊԼՀ ֆիզդաստիարակության ամբիոնի վարիչ Խաչատուր Թևոսյանը հայտնեց, որ այսօրվա ռեկորդը Գինեսի գրքում գրանցվելու հայտ չի ներկայացվել։ Այս տեղեկությունից կարելի է ենթադրել, որ Ֆահրադյանի նոր ռեկորդի առաջնային նպատակը 14-ամյա Հայկ Պետրոսյանին գերազանցելն էր։
Խաչատուր Թևոսյանը հայտնեց, որ «իրենք ցանկանում են ցույց տալ, որ մարզումների ժամանակ Ֆահրադյանը կարող է կատարել ավելի քան 400 պտույտ, և այս անգամ նա կատարեց 450 պտույտ՝ թարմացնելով իր նախկին ռեկորդը և ապացուցելով, որ նա կարող է դեռ ավելին»։ Աշնանը Ֆահրադյանը պատրաստվում է անհամեմատ բարձր ցուցանիշ արձանագրել։
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ մրցակցության արդյունքում են ծնվում նմանատիպ ռեկորդները. «Ուրախալի է այն փաստը, որ արդեն երկու երիտասարդներ ունենք, ովքեր դարձել են համաշխարհային ռեկորդակիրներ։ Հերթական անգամ ապացուցվում էր, որ եթե կա մրցակցություն, ապա կա արդյունք։ Նշեմ, որ այս ռեկորդները պահպանում են օլիմպիզմի, այսինքն առողջ ապրելակերպի գաղափարը»։
Ռոման Ամոյանը նշեց, որ ինքը հպարտ է, որ հայ ազգը ունի այսպիսի մարզիկներ. «Դավիդին ճանաչում եմ այն պահից, երբ նա կատարեց իր առաջին ռեկորդը։ Դավիդը շատ լավ ընկեր է, լավ մարդ, ով ունի շատ մեծ կամային հատկանիշներ։ Այսօր նա թարմացրեց իր ռեկորդը` կատարելով 450 պտույտ։ Ճիշտն ասած ես չէի հավատում, որ նա կկարողանա կատարել այդ քանակությամբ պտույտներ»։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment