News.am. 15-6-2011- ԼՂ խնդրի կարգավորման հանգուցալուծային տարբերակ, Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ տեղի ունենալիք հանդիպման ժամանակ չի քննարկվի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունիսի 15-ին հայտարարեց «Սասուն» ջոկատի հրամանատար, վերջերս համաներմամբ ազատ արձակված Սասուն Միքայելյանը: Նա նշեց, որ կողմերը գուցե կարող են ինչ-որ պայմանավորվածության գալ, սակայն կոնկրետ փաստաթուղթ չի ստորագրվի:Նախկին ազատամարտիկը դեմ է կարգավորման փոխզիջումային տարբերակին՝ հող տալուն: «Ես կողմ եմ «ոչ մի թիզ հող»-ին, ինչպես ամեն մի ազատամարտիկ: Եթե հողերը հանձնեն, ԼՂ-ին կարգավիճակ չեն տալու: Այդ պատճառով էլ դեմ եմ փոխզիջման գնալուն, ի վերջո յոթ հազար տղա գլուխ են դրել զոհասեղանին: Նրանք Մուշից, Ալաշկերտից էին խոսում, ուր մնաց թե Ղարաբաղի հողերը տալուն կողմ լինեին»,-հայտարարեց Միքայելյանը՝ նշելով, որ ազատագրված տարածքները հանձնելով՝ ԼՂ-ն կհայտնվի Նախիջեւանի կարգավիճակում:
Ըստ նախկին քաղբանտարկյալի, եթե Հայաստանն ուզում է հնարավոր պատերազմից խուսափել, ապա պետք է երկրի ներքին խնդիրները լուծի: Բայցեւայնպես, Սասուն Միքայելյանը պատերազմը տարբերակներից մեկն է համարում՝ եթե ԼՂ խնդրի կարգավորման հարցում այլ ելք չկա:
Նա թերահավատորեն է վերաբերում Ադրբեջանի կողմից հնչող հոխորտանքներին եւ ռազմատենչ հայտարարություններին եւ կարծում է, որ պատերազմում հաղթելու համար միայն մեծ թվով զենք-զինամթերք ունենալը բավարար պայման չէ: «Արցախյան պատերազմում Ադրբեջանը զենք-զինամթերքի առումով գերազանցում էր Հայաստանին, սակայն չկարողացավ հաղթանակ տանել»,-ասաց ազատամարտիկը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment