Thursday, June 16, 2011

Press TV. Թուրքիան Սիրիայում իրագործում է ԱՄՆ-ի դավադրությունը

News.am. 16-6-2011- Մերձավորարեւելյան հարցերով քաղաքական վերլուծաբան Հադի Մոհամադին «Fars» գործակալությանն ասել է, որ Անկարան երկակի խաղ է վարում` Մերձավոր Արեւելքում ավելի մեծ ազդեցություն ունենալու համար պնդելով, թե աջակցում է Դամասկոսի կառավարությանը, միեւնույն ժամանակ անվտանգ տարածք տրամադրելով Սիրիայում ապստամբություն հրահրող զինված խմբերին: Այդ մասին գրում է իրանական Press TV հեռուստաալիքի կայքը:
Իրանցի փորձագետը հայտարարել է, թե ԱՄՆ-ն Սիրիային սահմանակից թուրքական տարածքում ստեղծել է օպերատիվ շտաբ` արաբական այդ երկրում անկարգությունները կառավարելու համար: Մոհամադին վստահ է, որ ԱՄՆ-ն հանձնարարել է Թուրքիային իրագործել իր հակասիրիական ծրագիրը: Դրա համար ամերիկացիները օգնություն են տրամադրել թուրքական բանակին` Թուրքիայի Հաթայ նահանգում սիրիացի այլախոհների վրանային քաղաք ստեղծելու համար:
Այս տարվա մարտ ամսից Սիրիայում սկսված անկարգություններում զոհվել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում անվտանգության ուժերի ներկայացուցիչներ: Ընդդիմությունը սպանությունների մեջ է մեղադրում անվտանգության ուժերին, կառավարությունն էլ պնդում է, որ գործում են դրսից ղեկավարվող զինված ավազակախմբեր:
Զինված ահաբեկչական խմբերի ձերբակալված անդամները խոստովանել են, որ զենք ու ֆինանսական աջակցություն են ստանում օտարերկրյա կազմակերպություններից: Նպատակը սիրիացի խաղաղ քաղաքացիների, անվտանգության ուժերի ներկայացուցիչների սպանություններն են եւ երկրում քաոսի ստեղծումը:

No comments: